Այսօր ՝ օգոստոսի 21-ին, կազմակերպվեց հանրային քննարկում Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի հետ, որի ընթացքում փորձագետները և լրագրողները փորձեցին պարզել իրենց հուզող հարցերի պատասխանները: Ծրագիրն իրականացվում է Ստեփանակերտի մամուլի ակումբի կողմից: Այն նպատակ ունի լրագրողներին հիմնարար տեղեկատվություն տալ, փորձագետներին ծանոթացնել բանավեճի արվեստին արցախյան հիմնախնդրի քննարկման միջոցով,-իր բացման խոսքում ասաց ծրագրի մենեջեր Գուրգեն Բաղդասարյանը:
«Հետպատերազմյան շրջանը և շրջափակումը նպաստեցին Արցախում ՄԻՊ-ի լայնածավալ աշխատանքին, որը բավականին բաց և թափանցիկ է: 2008թ Արցախում ՄԻՊ հաստատության բացվելու օրից ի վեր հանրությունը տեղեկացված է տարբեր ուղղություներով կատարվող գործողություններին:
Ի տարբերություն մյուս երկրների՝ որտեղ ՄԻՊ-ը զբաղված է երկրի ներսում մարդու իրավունքների պաշտպանությամբ, մեր պարագայում ստացվել է այնպես, որ աշխատանքի մեծամասնությունը տրամադրվում է Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի իրավունքների խախտումների մասին զեկույցների, հայտարարությունների, ուղերձների պատրաստմանը: Սա չի նշանակում, որ մենք չենք իրականացնում իրավունքների ներքին պաշտպանություն: 2021-2022 թվ․ վիճակագրությամբ մարդկանց բողոքները ՄԻՊ-ին աճել են (2022թ․ ստացել ենք 735 դիմում): Սա խոսում է այն մասին, որ հաստատությունը ավելի մեծ վստահություն է սկսել վայելել: Ամեն մի ֆեյսբուքյան գրառման տակ նշում են մեր էջը՝ ակնկալելով համապատասխան արձագանք: Սա բնական է և հենց սրա համար է ստեղծվել ՄԻՊ-ը Արցախում: Այնուհետև հավելել, որ ներքին դաշտում օրենսդրորեն ամրագրված է խոցելի խմբերի պաշտպանություն: Ըստ այդմ՝ պարբերաբար այցելություններ են իրականացվում է մանկապարտեզներ, դպրոցներ, մեծ ուշադրություն են դարձնում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին: Այցելում են նաև ազատությունից զրկված վայրեր՝ քրեակատարողական վայրեր, ձերբակալման վայրեր, հոգեթմրաբանական դիսպանսեր:
Հոգեթմրաբանական դիսպանսերում կենցաղային պայմանները հուսադրող չեն: Խոստացան, որ փոփոխություններ կլինեն, բայց այդպես էլ չեղան: Շրջափակման պայմաններում այդպիսի բան պահանջելընավելի անիմաստ է: Մի շարք այլ ոլորտներում՝ տարեցների իրավունքների պաշտպանություն, ևս կան խնդիրներ: Տուն-ինտերնատից շատ հաճախակի ենք բողոքներ ստանում ոչ թե պայմանների վերաբերյալ, այլ հայրենիք վերադառնալու պահանջով: Եղել են դեպքեր, երբ մարդիկ փախել են երևանյան հիմնարկներից և հասել Ստեփանակերտ: Պայմաններ չկան , այդ հիմնարկության 3 մասնաշենքերից մեկը տրամադրվել է տարեցներին:
ՄԻՊ հաստատությունը բողոքը ստանալուց հետո ընդունում է որոշում քննարկման մասին: Դրանից հետո սկսվում է ուսումնասիրության փուլը: Հարց ու պատասխանի, պարզաբանումների միջոցով է կատարվում ուսումնասիրությունը և հարցը պատշաճ լուծում է ստանում, եթե իրապես կա իրավունքի խախտում:
Ըստ ՄԻՊ պաշտոնակատարի՝ ՄԻՊ հաստատությունը Արցախում ստեղծված իրավիճակը արտաքին դաշտում ներկայացնելու համար որքան հնարավոր է փաստեր է ներկայացնում՝ ինչպես զեկույցների, այնպես էլ քննարկումների ձևով: Հատկապես, որ վերջին շրջանում աճել է միջազգային մեդիայի, համայնքի, պաշտոնատար անձանց, տարբեր կառույցների ներկայացուցիչների հետաքրքրությունը իրավիճակին: ՄԻՊ-ի գրասենյակում օրվա ընթացքում տարբեր քննարկումներ են իրականացվում՝ հիմնականում ստեղծված իրավիճակը ներկայացնելու և հանրային իրազեկվածությունը մեծացնելու ուղղությամբ: Զեկույցները կոնկրետ հասցեատերեր ունեն: Դրանք ՄԻՊ-ի պաշտպանությամբ զբաղվող իրավապաշտպան կազմակերպություններ են, ՄԱԿ-Ի ՄԻՊ-ի բարձր հանձնակատարը, Եվրոպայի խորհրդի ՄԻՊ հանձնակատարը: Պատերազմի ժամանակ ձևավորվել է էլեկտրոնային հասցեների մեծ ցանկ, որն ընդգրկում է տվյալ ժամանակահատվածում Արցախ այցելած, կամ հետաքրքրություն ցուցաբերած բոլոր լրագրողների և փորձագետների տվյալները: Իրավիճակի մասին զեկույցները, տեսաուղերձները, տեղեկանքները ուղարկվում են նաև նրանց:
Ծրագիրն իրականացնում է Ստեփանակերտի մամուլի ակումբը։
Տաթու Ազիզյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: