Արցախցիներն արժանապատիվ քաղաքացիներ են, եւ մենք պետք է շարունակենք նրանց սիրով ու հատուկ ուշադրությամբ վերաբերվել

  • 12:23 26.03.2025

Step1.am-ի զրուցակիցն է «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ Ժաննա Ալեքսանյանը։

Տիկին Ալեքսանյան, «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի հիմնադրած forrights.am կայքը մեծ աշխատանք է իրականացնել տարբեր խմբերի իրավունքների պաշտպանության հարցում։ Մասնավորապես, ձեր գործունեության թիրախում են եղել բանակում, ՔԿՀ-ներում մարդանց իրավունքների խնդիրները, փաստահավաք աշխատանք եք իրականացրել արցախցիների վերաբերյալ։ Ներկայում ֆինանսավորման բացակայության պայմաններում forrights.am կայքը խնդիրների առաջ է կանգնել։ Ո՞րն է ստեղծված իրավիճակի պատճառը։

– Այո, մեր ֆինանսավորումն ավարտվում է, ընթացքում մենք դիմում էինք տարբեր դոնորների, որ ֆինանսավորում ստանայինք, բայց չստացանք։ Եվ հիմա ստիպված պետք է դադարեցնենք աշխատանքը, մինչեւ ֆինանսավորում կգտնենք։ Նաեւ այլ խնդիր կա, ես տեղյակ եմ, որ իմ հրապարակային ելույթները՝ բանակում, ՔԿՀ-ներում իրավիճակի եւ արցախցիների իրավունքների հարցով խոչընդոտող հանգամանքներ են առաջացրել։ Նախկինում էլ էի ես խոսում, բայց ինձ հետ զուգահեռ այս խնդիրների մասին խոսում էին նաեւ այլ իրավապաշտպաններ, հիմա ես տեսնում եմ, որ դաշտը մերկացել է։ Հատկապես բռնությունների եւ խոշտանգումների դեպքերը բարձրաձայնողներին, եթե նախկին իշխանություններն անտեսում էին, այս իշխանությունները դիմադրում ու վրեժխնդիր են լինում։ Բայց ես չեմ կարող լքել մարդկանց, որոնք դիմում են մեզ՝ օգնության հույսով։ Ես հույս ունեմ, որ հասարակությունը մեզ կաջակցի կամ որեւէ դոնոր կգտնենք։

Արցախցիների իրավունքների պաշտպանության ուղղությամբ դուք մեծ աշխատանք եք իրականացրել, մասնավորապես, 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո։ Ի՞նչ հիմնական խնդիրներ եք արձանագրել։

-Մեր կազմակերպությունը միակն է, որն արցախցիների էթնիկ զտման առաջին օրերից հետեւել է իրադարձություններին։ Այդ խնդիրների լուսաբանումը դարձել է մեր առաջնային աշխատանքը, մենք փաստահավաք աշխատանք ենք կատարել։ Չկա Հայաստանում մեկ այլ կազմակերպություն, որը հենց այդ օրերից է սկսել տեղեկությունների հավաքագրումը։ Դա շատ կարեւոր է որովհետեւ, երբ մարդիկ նոր էին տեղահանվում, նրանց հիշողությունը թարմ էր, նրանք ցանկություն ունեին այդ ամենը պատմելու ու կիսվելու։ Այսինքն՝ մենք շատ կարեւոր տեղեկություններ են հավաքել, քանի որ մինչեւ մարդանց՝ Հակարիի կամուրջն անցնելը մենք չգիտեինք, թե ինչ էր կատարվել Արցախում։ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի օրը ասում էր, որ ացրախցիներն անվտանգ  են, նրանց ոչ մի վտանգ չի սպառնում։ Բայց մենք բացահայտեցինք լրիվ այլ պատկեր, երբ սկսեցինք խոսել այդ մարդկանց հետ։ Եվ այդ ամբողջ բազան ու փաստերը մենք ունենք, թե ինչպես են մարդիկ մազապուրծ եղել ցեղասպանական գործողություններից։

2023 թվականի սեպտեմբերի 19-ին, երբ սկսվել են մարտական գործողությունները, ադրբեջանցիները զուգահեռ ներխուժել են Մարտունու շրջանի գյուղերը։ Կանայք ու երեխաներն անպաշտպան էին, որովհետեւ տղամարդիկ դիրքերում էին։ Մենք գյուղապետերի հետ հարցազրույցներ ունենք, որոնք ասում էին՝ չգիտեինք ինչ անել։ Գյուղապետերն ասում էին, որ փորձել են մարդկանց համախմբել, կանայք, երեխաներն անտառներով գնում էին Ստեփանակերտ։ Ինչո՞ւ անտառներով, որովհետեւ ադրբեջանիցները փակել էին Ստեփանակերտ տանող ճանապարհները, եւ բազմաթիվ դեպքեր են եղել, որ երբ մարդիկ հայտնվել են ադրբեջանցիների թիրախում, կրակել ու սպանել են, այդ թվում՝ վիրավորներին։ Իրավիճակը սարսափելի է եղել, կան ընտանիքներ, որ մեկ ընտանիքից 4 սպանված տղամարդ է եղել։ Սարսափելի պատմություններ կան, մի կին 3 եղբորն էր կորցրել։ Դա բացահայտ ցեղասպանական ծրագիր էր։ Իսկ Հայաստանում այդ օրերի մասին տեղյակ չէին, որովհետեւ Հայաստանի վարչապետն ասում էր, որ մարդիկ անվտանգ դուրս են գալիս։ Այնինչ, դա ցեղասպանություն էր, իսկ վառելիքի պահեստի պայթյունը լրացուցիչ զոհերի պատճառ դարձավ։

Արցախի բնակչությունն այստեղ հայտնվեց հոգեբանական շատ ծանր վիճակում՝ ամեն ինչ կորցրած։ Գիտե՞ք, հայրենիքի կորուստն իրենց մոտ առաջինն է։ Երբ մենք խոսում էինք իրենց հետ, կենցաղային վիճակը երկրորդային էր, իրենք շեշտում էին հայրենիքի կորուստը։ Շատ բարձր հայրենասիրական զգացում ունեն արցախցիները, նրանք հոգեբանորեն շատ ծանր վիճակում են, այլ տեղ չեն պատկերացնում իրենց բնակությունը, մարդիկ ուղղակի քրքրվում են, այս բառը տեղին է այս համատեքստում օգտագործել։

Պատմում էին, որ տեղահանման ու ցեղասպանական գործողությունների ժամանակ, երբ ադրբեջանցիները մտնում էին բնակավայրեր, մարդկանց առեւանգում էին ու գերության էին տանում։ Ինչքանով մենք կարողացել ենք պարզել, մի մասին «Կարմիր խաչը» կարողացել է վերադարձնել, նրանց թվում՝ տարիքով կանայք կան, որոնց մենք այցելել ենք սահմանամերձ մարզերում։ Մարդկանց տարել գցել են սահմանամերձ գոտիներ, ծանր հոգեբանական խնդիրներ ունեցող մարդիկ են նրանք, գերության մեջ տառապանք են անցել, հաց չեն տվել, ծեծել են։ Մենք առանձնացրեցինք գերիներին, զինծառայողների ընտանիքներին, եւ փաստահավաք աշխատանք իրականացրեցինք։ Մեծ թվով զինծառայողներ են զոհվել 2023 թվականի սեպտեմբերի 19-ին։ Մենք, հետեւողական համագործակցելով ՊՆ-ի հետ, աշխատանք տարանք, որպեսզի այդ մարդիկ գոնե ստանային իրենց հասանելիք ֆինանսական փոխհատուցումը։

Ես կառանձնացնեի տեղահանման ժամանակ կանանց, հատկապես հղի կանանց վիճակը։ Մենք ունենք մի բուժքրոջ պատմություն, որը պատմում էր, թե ինչպես էին Արցախում շատ հղի կանայք 9-ամսյա սովի ու շրջափակման օրերին ուզում ընդհատել իրենց հղիությունը։ Եվ մենք զեկույց պատրաստեցինք, չորս ամիս մենք ամեն օր մեր փոքր թիմով մեծ աշխատանք ենք իրականացրել։ Ես մի դեպք եմ հիշում, որը ինձ շատ է հուզել։ Երբ զոհված զինծառայողի կինը տեղահանվում էր Արցախից, վերջին րոպեին իր զոհված ամուսնու մեդալները, պատվոգրերը շարել էր սեղանին, զինվորական հագուստն էլ դրել էր կողքը եւ ասել՝ թող թուրքը մտնի այստեղ ու տեսնի, թե ում տուն է մտել։ Այնքան բարձր է արցախցիների հայրենասիրական զգացողությունը, ես լավ ճանաչեցի, թե ովքեր են արցախցիները։ Եվ այս ֆոնին Հայաստանի ժողովուրդն արժանապատվության պակաս ունի, շատ բան ունի սովորելու արցախցիներից։ Պետք է արժանապատվություն պահանջեն, ոչ թե այս իշխանությունների ապօրինի ու անօրեն բոլոր քայլերը հանդուրժեն։

-Բռնի տեղահանումից հետո արցախցի համայնքապետերի նկատմամբ քրեական գործեր հարուցվեցին, այս գործերի վերաբերյալ ի՞նչ դիտարկումներ ունեք։

– Մենք տեսանք, թե իշխանություններն ինչքան քրեական գործեր հարուցեցին Արցախի գյուղապետերի ու քաղաքապետերի դեմ։ Այսինքն՝ բացահայտ անմարդկային վերաբերմունք իշխանությունների կողմից արցախցիների նկատմամբ։ Մարդկանց այդ քրեական գործերի միջոցով ճնշում են, մենք տեսնում ենք պետության կողմից տեռոր այդ մարդկանց նկատմամբ։ Դա մի եզակի վերաբերմունք էր, որ տեղահանված ու ծանր օրեր ապրած մարդկանց վերաբերվեցին այդպես։

Մենք հետեւում էին եւ բացահայտեցինք, որ շատ էին դեպքերը, երբ հանրահավաքներին մասնակցող արցախցիներին հետապնդում էին։ Մենք այդ դեպքերն արձանագրել ենք։ Հետո մենք տեսանք ոստիկանությունում նրանց վերաբերյալ վերաբերմունքը, խոշտանգման դեպքերը մինչեւ հիմա շարունակվում են։ Ես երբեք արցախցի-հայաստանցի տարանջատում չեմ դնում, ինձ համար մարդն է բարձրագույն արժեք, բայց երբ տեսնում ես այդ հետեւողականությունը․․․ Ես գտնում եմ, որ մարդու իրավունքների պաշտպանությունը եւ մարդկային վերաբերմունքը պետք է առաձնահատուկ լիներ արցախցիների նկատմամբ։ Պետությունը պետք է առանձնահատուկ վերաբերվեր, իրենք ասում են՝ բոլորը հավասար են, հայաստանցու նկատմամբ էլ է բռնություն լինում։ Այո, լինում է, բայց արցախցիների առանձնահատկությունը պետք է լիներ այն, որ նրանք շատ ծանր հոգեբանական վիճակում են, հայրենիք, տուն ու ամեն ինչ կորցրած մարդկանց պետք է առանձնահատուկ վերաբերմունք ցուցաբերվի։ Ես շեշտում եմ, որ բացակայում է նրանց՝ որպես փախստականների վերաբերվելու վերաբերմունքը։ Իշխանությունների կողմից մենք չենք տեսել նման վերաբերմունք։

Արցախցիների նկատմամբ բռնությունների դեպքերն արձանագրելով՝ մենք միշտ իրավունքների կոպիտ խախտումների հարցը բարձրաձանում ենք, հենց այդ իմաստով ենք արցախցիներին առանձնացնում, որ՝ ի՞նչ եք ուզում, թողեք այս մարդիկ հետ գան այդ ամենից հետո։ Դու տեսնում ես, որ արցախցի է, տանում իրեն ապօրինի բռնության ես ենթարկում, ցուցմունք ես ուզում կորզել։ Իսկ ո՞վ է իրանց ասում՝ մի արեք դա։ Երբ տղային տանում ես, բռնության ես ենթարկում ոստիկանության բաժնում եւ հետո արցախցի փաստաբանի նկատմամբ ուզում ես գործ սարքել, դա արդեն հետեւողական քաղաքականություն է արցախցու նկատմամբ։ Ես այդպես եմ սա գնահատում։

Ուզում եմ հատուկ շեշտել, որ երբ բռնի տեղահանության առաջին օրերին մարդիկ բերում էին իրենց տղաների դիերը, որպեսզի Եռաբլուրում հուղարկավորեին, իշխանությունները  թույլ չէին տալիս Արցախի դրոշն աճյունների վրա գցել։ Մեկ դեպք չէր, մեզ բողոքում էին շատերը։ Մենք հարցումներ էինք ուղարկում պետական մարմիններ, թե ոնց կարելի՞ է մարդկանց հետ այդպես վարվել։ Այսինքն՝ Հայաստանի իշխանությունները հետեւողականորեն ամեն ինչ անում էին՝ ջնջելու Արցախը, եւ այդ գործընթացը տեղահանման առաջին օրերից է իրականացվել։ Սա այս իշխանությունների անմարդկային դեմքն է, որը գնալով ավելի բացահայտվեց։

-Բռնի տեղահանությունից մեկ ու կես տարի է անցել, իսկ արցախցիների սոցիալական վիճակը շարունակում է մնալ շատ ծանր, ի՞նչ եք արձանագրել այս առումով։

-Այո, արցախցիների վիճակը շատ ծանր է, արդեն մոտ երկու տարի է անցել, նրանց սոցիալական վիճակը շարունակում է մնալ շատ ծանր։ Այն մարդիկ, որոնք Արցախում հազիվ գեյատեւում էին, այսօր ավելի վատ վիճակում են։ Շատ ընտանիքներ կան, որտեղ ծերեր են միայն, այս մարդկանց գոյատեւման հարցն է այսօր։ Հիշենք, թե ինչպես էին ձմռան բուք ու բորանին Դիլիջանի նախկին գիշերօթիկի շենքում բնակություն հաստատած արցախցների լույս ու գազն անջատել։ Սա նաեւ այս իշխանության քարոզչության հետեւանքն է, այն նեգատիվ քարոզչությունը, որը մենք տեսնում էինք սոցցանցերում, իշխանությունների հայտարարություններում, գալիս ենք այն եզրահանգման, որ ամեն դեպքում կարողացան այդպիսի տրամադրություններ ստեղծել արցախցիների նկատմամբ։ Ես չգիտեմ՝ ինչ կլինի, եթե ապրիլից 50 հազար դրամ աջակցության ծրագիրը չլինի, բոլորն ահաբեկված են։

Ես ուզում եմ ասել, որ արցախցիներն արժանապատիվ քաղաքացիներ են, եւ մենք պետք է շարունակենք նրանց սիրով ու հատուկ ուշադրությամբ վերաբերվել։ Նրանցից շատ-շատերը հիմա հայտնվելու են ծանր վիճակում, ես շատ մտահոգ եմ հատկապես սոցիալապես անապահովների համար։ Մենք շատ ենք դիմում տարբեր ատյանների՝ փորձելով խնդիրներին լուծումներ տալ։ Շատ-շատ դեպքերում մենք կարողացել ենք օգնել այդ մարդկանց։ Եվ հիմա շատ եմ ափսոսում, որ մենք չենք կարողանա շարունակել այս աշխատանքը։ Բայց ես դեռ հույսս ամբողջությամբ չեմ կորցրել, հույս ունեմ, որ ֆինանսավորում կգտնենք։ Կայքը դեռ աշխատելու է, եւ այդ ամբողջ բազան հայերեն ու անգելերն լեզուներով մեր կայքում կա։

Ռոզա Հովհաննիսյան