«Ալցհայմերի խնամք Հայաստանը» կազմակերպությունը հիմնադրել է 2017 թվականին ծերաբույժ Ջեյն Մահաքյանը՝ նպատակ ունենալով բարձրացնել իրազեկության մակարդակը և զարգացնել կայուն ծրագրեր և ծառայություններ Հայաստանում Ալցհայմերի հիվանդություն ունեցող մարդկանց և նրանց ընտանիքների համար։ Կազմակերպությունը գործում է ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Սան Կլեմենտե քաղաքում, շահույթ չի հետապնդում։
Դոկտոր Ջ․ Մահաքյանը Հայաստանում տարեցների խնամքի ծրագրերի իրագործման և Ալցհայմերի հիվանդության մասին իրազեկության բարձրացման առաջամարտիկն է։
«Ալցհայմերի խնամք Հայաստան» կազմակերպության կողմից, Հայկական բարեգործական ընդհանուր միության աջակցությամբ, փետրվարին Երևանում ու Գյումրիում մեկնարկեց ,,Աջակցության սրճարան՚՚ ծրագիրը:
«Աջակցության սրճարանը հույսի փարոս է Արցախից տեղահանված մեր ավագ սերնդի հայրենակիցների համար, քանի որ ծրագրի շրջանակում նրանց տրամադրվում է խիստ անհրաժեշտ հոգեբանական աջակցություն։ Մենք շնորհակալ ենք Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությանը (AGBU) այս ծրագրին օժանդակելու համար»,- ասում է կազմակերպության հիմնադիր, ծերաբույժ Ջեյն Մահակյանը:
Ծրագրի նպատակն է 60 և ավելի տարեկան արցախցիների համար ստեղծել աջակցող միջավայր և տրամադրել հոգեսոցիալական օգնություն, ներառյալ՝ արվեստաթերապիան: Այս ամենը նախատեսվում է, որ կխթանի նրանց սոցիալականացմանը, կբարելավի կյանքի որակը, որ կարողանան հարմարվել նոր պայմաններում և հաղթահարել դժվարին իրողություններին: Բացի դրանից, հանդիպումները կխթանեն Արցախի տարեցների միջև հաղորդակցությունը, կձևավորեն նոր կապեր՝ ստեղծելով փոխօգնության նոր ցանց։
Երաժշտությունը, ձեռքի աշխատանքներն ու կոգնիտիվ գործառույթների խթանմանը միտված վարժությունները հոգատար խմբային միջավայրում կօգնեն պահպանել հոգեկան առողջությունը, բարձրացնել ինքնավստահությունը, նպաստել սոցիալական ներառմանը, ակտիվացնել զգայարանները, հեշտացնել հույզերի արտահայտումը, խթանել ճանաչողական ունակությունները և խրախուսել ֆիզիկական ակտիվությունը:
Փորձնական ծրագիրն իրականացնում է բազմամասնագիտական թիմը՝ բաղկացած հոգեբաններից, սոցիալական աշխատողներից, արտթերապիստներից: Հոգետրավմայի ուղղությամբ մասնագիտացած կլինիկական հոգեբանի կողմից մասնագիտական թիմը զուգահեռաբար ամեն շաբաթ անցնում է վերապատրաստում:
Սրճարանները գործում են Երևանում և Գյումրիում՝ համապատասխանաբար Զաքարիա Քանաքեռցի 1 և Շիրակցի 8 հասցեներում: Ամեն խմբում ընդգրկված է մինչև 30 անձ:
Փորձնական փուլի ավարտից հետո նպատակ կա շարունակել ծրագիրը՝ ընդլայնելով այն այլ համայնքներում, որտեղ կենտրոնացած են Արցախից բռնի տեղահանված հայերը: Ծրագրի շարունակականությունն ապահովելու համար փորձ կարվի ներգրավել մասնավոր նվիրատվություններ, դրամաշնորհներ և այլ աջակցություն:
“Մեկնարկից առաջ ծրագրի մասնակիցները անցել են համապատասխան գնահատում և ավարտից հետո նույնպես կանցնեն, որպեզի համոզվենք, որ մեր աշխատանքը տվել է իր արդյունքները: Ծրագիրը սկսելուց առաջ մտավախություն կար, որ մարդիկ ցանկություն չեն հայտնի մասնակցելու, սակայն արդյունքում մասնակցների թիվը մեզ հաճելիորեն զարմացրեց: Անչափ շնորհակալ ենք բոլոր մասնակիցներից վստահության և մեր մեկնած ձեռքը սեղմելու համար”։
Այս մասին Step1.am հետ զրույցում ասաց “Ալցհայմերի խնամք Հայաստան” կազմակերպության հաղորդակցության և հանրային կապերի պատասխանատու Օֆելյա Կամավոսյանը:
Արսեն Աղաջանյան