Step1.am-ի զրուցակիցն է Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյանը։
–Տիկին Ավագյան, այս տարի Հայոց ցեղասպանության տարելիցի օրը՝ ապրիլի 24-ին, նշվում է նաեւ հրեաների Հոլոքոստի օրը։ Գիտենք, որ Իսրայելը Հայոց ցեղասպանության հանդեպ ժխտողական քաղաքականություն ունի, ավելին, Իսրայելն օգնում է Ադրբեջանին՝ հայերի դեմ պատերազմ սանձազերծելու հարցում։ Այսինքն՝ Իսրայելը եւս հայերի դեմ ցեղասպանության մասնակից է, այս հարցը հայկական կողմը պատշաճ բարձրացնո՞ւմ է։
-Իսրայելի, որպես պետության, ժխտողական այդ քաղաքականությունը որևէ արդարացում չունի, որի մասին սակայն մենք չենք բարձրաձայնում։ Նույնիսկ «սեփական պետական շահերից բխող» հիմնավորումներով Բաքվին ինտենսիվ զինելու, դրա զինված ուժերի վերակառուցմանը, 2020 թվականին ողջ պատերազմի «կառավարմանը» մասնակցությունը դատապարտման ենթակա են, ու մենք դա պետք է հասցնեինք միջազգային դատարան։ Ինչո՞ւ է մեզ թվում, որ հայության դեմ Բաքվի ֆաշիզմը սնուցող Իսրայելի պետական կառավարիչներին «Նյուրնբերգ» չի հասնում։ Իսրայելի կառավարությունը իր վարած քաղաքականությամբ ուղիղ մասնակցել է հայության ցեղասպանության հերթական դրվագին՝ հայության կենսատարածքում։ Արցախի Հանրապետության դեմ 2020-2023 թվականներին տարված ցեղասպանական ագրեսիայում և այսօր այդ ցեղասպանության հետևանքների ամրագրման մեջ Իսրայելի կառավարությունը շարունակում է ակտիվ մասնակցություն ունենալ։
Իհարկե, հրեա ժողովուրդը տվել է Ֆրանց Վերֆել, այսօր էլ ունի հումանիստ մտավորականներ, որոնց մտահոգում են հայության գոյությանը սպառնացող հանգամանքները։ Սակայն Իսրայելի կառավարության հակահայ քաղաքականությունը, որն արտահայտվում է թե Իսրայելի հայկական համայնքի դեմ պարբերաբար բռնկվող հայահալած քայլերով, թե Հայոց ցեղասպանությունը հարմար պահի շահարկելու պատրաստակամությամբ, լիարժեք, հիմնավորված ու խորքային հակադարձում չի ունեցել հայկական քաղաքական իշխանությունների կողմից։
Փաստացի, Իսրայելի կառավարությունն իր ժխտողական քաղաքականությամբ հովանավորում է Թուրքիայի կողմից պերմանենտ տարվող հայատյացության քաղաքականությունը։ Ու ոչ միայն, Իսրայելի կառավարությունը հովանավորել է իր պետության սահմաններից ներս նաև Բաքվի կողմից տարվող հայատյացությունը, իհարկե, տուրք տալով նաև Բաքվի կողմից ներարկվող փողերի հոսքին։ Այսօր իսրայելական մամուլի մի մեծ փունջ ջրվում է Բաքվի նավթահորերից, և օրը ցերեկով իսրայելական էկրաններից պոռթկում է հակահայ քարոզը, երբ աղճատում են հայության քաղաքակրթական կերպարը և մատուցում այն հակամարդ, որ հայը ներկայացվի հանցագործի կերպարով, իսկ Բաքվի հայակեր թուրքի կերպարը՝ որպես զոհի։ Այդ նույնը անում է Իլհամը հենց Բաքվում՝ կազմակերպելով ցուցադրական, կեղծ ու հակամարդ դատական ընթացք ընդդեմ հայ ռազմագերիների ու պատանդների։
Մի քանի տարի առաջ Բաքուն Իսրայելում Նախագահական այգում բացեց ինչ-որ ծառուղի և կոչեց դա Խոջալու-613, կեղծելով թրքական վերահսկողության տակ այդ ժամանակ գտնված Աղդամի մոտ շուրջ 60 իսլամացված վրացիների` այն է թուրք-մեսխեթցիների սպանդը 1992 թվականին ներադրբեջանական թոհուբոհում՝ մի կողմից, մյուս կողմից այն կապելով հրեական սուրբ գրքի 613 պատվիրանների հետ, իբրև թե 613 թուրք-մեսխեթցի է սպանվել, եւ սա էլ փաթաթեցին հայության վզին:
Իհարկե, չմոռանանք նաև, որ Մյունխենում՝ Փաշինյանի ներկայությամբ, Իլհամը հերթական անգամ կոկիկ կատարեց իր հայության ցեղասպանություն ապահովող «աշխատանքը»՝ բարձրաձայնելով վտանգավոր ու հայասպան կեղծիքը. «հայերը ագրեսիա են ձեռնարկել 80-ականների վերջին, հայերը ագրեսիա են ձեռնարկել 90-ականների սկզբին…», այսինքն, այս լավ «մշակված» կարճ նախադասության մեջ տեղադրված ահռելի կեղծիքով՝ հայերի դեմ իրականացրած Սումգայիթ-Բաքու-Գանձակ-Մարաղան, 1991 թվականի Ստեփանակերտի ու ողջ ԼՂԻՄ-ի ոչնչացմանը միտված ռազմական գործողությունները Իլհամը չեզոքացրեց ու ինչ-որ ագրեսիաներ փաթաթեց հայերի ոտքերին, սրանց մեջ նաև «խոջալուի» կեղծիքը։
Իսկ հիշեցրեք ինձ գեթ մի դրվագ, որ հայկական քաղաքական իշխանությունը ընդվզել է, երբ Բաքուն աշխարհի բազում անկյուններում «խոջալու-613» է նշում և սեփական ցեղասպան բնույթը կախում հայության ճակատից։ Իսկ միգուցե հայկական իշխանական համակարգի պետականախույս վարքագի՞ծն էլ է «հովանավորել», որ Իսրայելի կառավարությունը բացահայտի իր կողմնակալ դիրքը։
Եկեք ընդգծենք ևս մի փաստ, որ Բաքվի հրեական համայնքը բարեհաճ ծառայում է ցեղասպան Բաքվին՝ ընդդեմ հայության։ Ես շատ կուզեի, որ Հայաստանում բնակվող հրեա համայնքն էլ երբեմն հակադարձեր Բաքվին՝ սատարելով հայությանը, թե՞ անհանգիստ է, որ իրենց համայնքը կտուժի Բաքվում, բայց այդ դեպքում էլ Հայաստանում բնակվող հրեա համայնքը բավարար ակտիվ չի հայ համայնքի իրավունքների համար՝ նույն Իսրայելում պաշտպանելու առումով, իսկ սա ի՞նչ վախերով են հիմնավորում։
Հաճախ եմ լսում, թե Իսրայելը օրենքի երկիր է, բայց դա կեղծ թեզ է, Իսրայելը Անկարային ու Բաքվին աջակցելու համար պատրաստ է շրջանցելու հայության կյանքի իրավունքը, միջազգային իրավունքներն ու օրենքները։ Միգուցե հրեա ժողովուրդը, որը իր սեփական օրացույցով ապրիլի 24-ին կնշի ողբի օրը, իր մտավորականների առաջնորդությամբ՝ այդ օրը կհիշի նաև Հայոց ցեղասպանության մասին ու պատասխանատու կլինի իր պետության կողմնակալ ու անարդար, միջազգային օրենքը շրջանցող քաղաքականության համար։
Այս տարի Հայոց Մեծ եղեռնի՝ Հայոց ցեղասպանության հիշատակի 110-րդ տարին է։ Հրեական օրացույցով Հոլոքոստի հիշատակի օրն էլ կնշվի ապրիլի 24-ին։ Երկու ժողովրդների ցեղասպանության հիշատակի օրերի համընկումը կծառայի՞, արդյոք, հրեա ժողովրդի համար՝ աշխարհընկալման բեկման կետ։
Բաքուն ամեն տարի հունվարի 20-ին նշում է «սև հունվարը», լրացուցիչ անգամ հիշեցնեմ, որ իրենք «պատշաճ նշում» են նաև Սումգայիթը ու աշխարհին պատմում են, թե հայերը իրենք են իրենց մորթել Սումգայիթում, հետո թե հայերը իրենք իրենց մորթել են Բաքվում, հետո հայերը դրանց են մորթել Խոջալուում, հետո գրավել են իրենց տարածքները, քշել են ինչ-որ փախստականների և այլն: «Սև հունվարի» օրը պարտադիր ցուցադրում են հրեուհի Վերա Բեսանտինայի լուսանկարը «շահիդների ծառուղում», կոծկելով, որ դեռատի աղջիկը 1990 թվականի հունվարին հայերին հալածած նույն մարդակերների զոհն է, https://pandukht.livejournal.com/1632514.html։ Այո, 1988-1990 թվականներին հայերի հետ հալածվել են նաև ռուսները, հրեաները։ Սակայն, այսօր Բաքուն կարողանում է կոծկել իրողությունը ու տարբեր «գրավիչ» մեթոդներով ամեն մի հնար կիրառում է ընդդեմ հայության, չխոսելով անգամ այն մասին, թե ինչ եղան Բաքվի 300 հազար ռուսները և 70 000 հրեաները։
-Հայաստանի այս իշխանությունները հայտարարել են, որ ցեղասպանության միջազգային ճանաչման հարցն իրենց արտաքին քաղաքականության գլխավոր օրակարգերից չէ։ Սա ինչպե՞ս եք գնահատում, ի՞նչ հետեւանք կունենա, փաստացի մենք հիմա տեսնում ենք, որ Ցեղասպանության միջազգայի ճանաչման ուղղությամբ ոչ մի աշխատանք չի տարվում։
-Իմ կարծիքով Հայոց ցեղասպանության շուրջ հայկական քաղաքականությունը մտել է փակուղի, այն «նպատակաուղղված» քայլերով կանգնեցրել են «միջազգային ճանաչման» ծամծմված փուլում։ Հայոց ցեղասպանությունն ունի բավարար ճանաչում, որ մենք տանենք քաղաքականության հաջորդ փուլերը։ Շեշտեմ, որ առնվազն Մինսկի խմբի երեք տերությունները՝ Ռուսաստանը 1995 թվականից, Ֆրանսիան՝ 2001 թվականից և ԱՄՆ-ն 2019 թվականից ճանաչում են Հայոց ցեղասպանությունը պետական մակարդակով։ Սակայն Հայաստանյան իշխանությունների աններելի պահվածքով պայմանավորված, դրանց պետական մակարդակով ճանաչումը չդարձավ հայության ցեղասպանության կանխատեսման ու կանխարգելման գործիք։ Եվ արդյունքում ունենք մի իրավիճակ, երբ 2020 թվականի սեպտեմբերին ու մինչև 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ին Արցախի չճանաչված հանրապետության դեմ հերթական ագրեսիային «ակտիվ դերակատարում» ուներ ցեղասպանությունը ճանաչած Ռուսաստանը, երբ Արցախի դեմ ագրեսիայի արդյունքում տեղ գտավ Արցախի հայության ցեղասպանություն և հայրենազրկում։ Եվ Ռուսաստանին բացարձակ չէր սահմանափակում նաև Մինսկի խմբի համանախագահ լինելու հանգամանքը։
Հայաստանի հանրապետության արտաքին քաղաքականությունը շարունակական մնում է իրավիճակային, մեր անվտանգության ապահովման համար այդպես էլ չի մշակվել համարժեք արտաքին քաղաքական ռազմավարություն։ Ցեղասպանության ճանաչումը նաև պարտավորություններ է սահմանում այդ պետությունների համար, բայց, արդյո՞ք, ՀՀ ԱԳՆ կարող է պատասխանել, ասենք, թե որքան պատշաճ են ուսումնասիրում Հայոց ցեղասպանության փաստը Ռուսաստանի դպրոցներում, թե՞ նման պարտավորություն Ռուսաստանը չի վերցրել իր վրա 1995 թվականին։
Արդյո՞ք, ՀՀ ԱԳՆ, երբ հայտարարում է, թե ցեղասպանության միջազգային ճանաչման հարցն իրենց արտաքին քաղաքականության գլխավոր օրակարգերից չէ, դա նշանակում է, որ իրենք բնականոն անցել են Ցեղասպանության կանխատեսման ու կանխարգելման հերթական կարևոր, աշխատատար փուլին։ Իսկ եթե դա չէ, ապա ի՞նչ։ ՀՀ արտաքին քաղաքականությունը պետականության պաշտպանական համակարգի դիվանագիտական բաղադրիչն է, որը նույնքան առաջնային ու գերակա է, որքան կոշտ պաշտպանական համակարգը։
Հայոց ցեղասպանության փաստը ՀՀ արտաքին քաղաքականության հիմնաքարն է, վեկտորն ու հայտանյութը, դրա ընկալումն էր, որ 1991-1994 թվականներին փրկեց հայությանը տոտալ ցեղասպանությունից, որն իջնում էր «Սումգայիթից», և այդ ընկալման բացակայությունն «ապահովեց» հայության պարտությունը 2020-2023 թվականներին։
Ռոզա Հովհաննիսյան