Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի թեմական խորհրդի ատենապետ Լեռնիկ Հովհաննիսյանը step1.am–ի հետ զրույցում անդրադարձավ օրերս Վատիկանի Սուրբ Աթոռի հայրապետական Գրիգորյան համալսարանում տեղի ունեցած «Քրիստոնեությունը Ադրբեջանում. պատմություն և արդիականություն» թեմայով գիտաժողովին։
Հիշեցնենք, այդ այսպես կոչված գիտաժողովի շրջանակներում ադրբեջանցիները հերթական կեղծիքն են մատուցել՝ փորձելով հերքել Հայաստանի եւ Արցախի պատմամշակութային ժառանգության հայկական պատկանելությունը։ Հայկական պատմամշակութային ժառանգությունը ներկայացվել է իբր «աղվանական»։
Լեռնիկ Հովհաննիսյանի խոսքով՝ Ադրբեջանի այս քաղաքականությունը նորություն չէ, դեռեւս ԽՍՀՄ ժամանակահատվածում դա ներառված էր այսպես կոչված «ադրբեջանական ժողովրդի կազմավորման Կովկասյան Աղվանքի հայեցակարգում»։ Այն ժամանակ Զիյա Բունիաթովն ու իր համախոհները պնդում էին, թե իբր իրենք Կովկասյան Աղվանքի հետնորդներն են, ովքեր մահմեդականություն են ընդունել ու հետագայում դարձել ադրբեջանցիներ, իսկ մնացածը հայացել են։ Սա հիմնական այն թեզն էր, որը ԽՍՀՄ ժամանակաշրջանում տարածվում էր, եւ Զիյա Բունիաթովն այդ կեղծ կոնցեպտը ներկայացրել է իր «Ադրբեջանը 7-9-րդ դարերում» աշխատությա մեջ, որի դեմ քննադատական հոդվածներ են ներկայացրել այն ժամանակվա հայ պատմաբանները։
Լեռնիկ Հովհաննիսյանն ասաց, որ Վատիկանի այդպես կոչված գիտաժողովում «աղվանական» թեմաներով խոսել են Ադրբեջանի ներկայացուցիչները, Ադրբեջանի այսպես կոչված ուդիական համայնքի ներկայացուցիչը եւ Ռուսաստանում որոշ ուդիական շրջանակներ։
«Օրինակ՝ Վրաստանի ուդիագիտության կենտրոնից որեւէ մասնագետ չի գնացել, այլ մասնագետ են հրավիրել, որը հայտնի է իր հակահայկական կեցվածքով ու թեզերով։ Ասեմ նաեւ, որ այնտեղ կոնկերտ անուն կա, շատ հայտնի գիտնական է, բայց այդ մարդը հրաժարվել է մասնակցել, այնինչ նրա անունը ներառված էր, թե իբր մասնակցել է։ Մյուս մասնակիցները հիմնականում խոսել են ընդհանուր դավանաբանական խնդիրների, միջմշակութային կապերի մասին։ Ես ծրագրին ծանոթացել եմ, ծրագիրը եռալեզու էր՝ ադրեջաներեն, անգլերեն եւ ռուսերերն։ Եվ եթե ուշադիր ենք լինում, տեսնում ենք, որ հիմնականում ադրբեջանցիներն են այդ թեզերը տարածել, ուղղակի զարմանալին այն է, որ Կաթոլիկ եկեղեցին, որը Հայ Առաքելական եկեղեցու հետ միշտ կառուցողական հարաբերությունների մեջ է եղել, հանկարծ այդպիսի գիտաժողովի կազմակերպման վայր է դարձել։ Տեսանք եւ Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի, եւ Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոսության, եւ Եուսաղեմի Հայոց պատրարքարանի արձագանքը, որն այն կոնտեքստում էր, որ բոլորն էլ այդ ափսոսանք, զարմանքն ու զայրույթն են հայտնել։ Այո, կազմակերպիչներն իրենք չեն եղել, իրենք ընդամենը տարածք տրամադրողն են եղել, բայց դրանով իրենց պատասխանատվությունը չի պակասում»,- նշեց Լեռնիկ Հովհաննիսյանը։
Նա ասում է, որ Արցախի Հանրապետության տարածքում այսօր քրիստոնեական մշակութային ժառանգությունը ոչնչացվում է՝ եկեղեցիներ, խաչքարեր, ամբողջական բնակավայրեր, եւ մշակութային էթնոցիդի քաղաքականությունը դատապարտելու փախարեն որոշ շրջանակներ զբաղված են Ադրբեջանի կեղծ թեզերը տարածելով։
Ադրբեջանը «աղվանական» է ներկայացվում հատկապես այն հուշարձանները, որոնք հայկական են՝ պատված հարյուրավոր հայերեն արձանագրություններով՝ Ամարասը, Գանաձասարը, Դադիվանքը և այլն։ Լեռնիկ Հովհաննիսիանի խոսքով՝ որեւէ քննադատության չի դիմանում այն քաղաքականությունը, որբ փորձում են Կուրի աջափնյակի վրա տարածել «աղվանական» կամ «ուդիական» կեղծ պատկանելությունը։ «Եվ որեւէ լուրջ մասնագետ սա լուրջ չի ընդունում։ Սրա հիմնական նպատակն այն է, որ մեր մշակութային ժառանգությունը կտրեն մեզնից, որը մեր ինքնության մի մասնիկն է։ Եվ Ադրբեջանն այդ թեզերն առաջ տանելով՝ նաեւ փորձում է արդարացնել իր մշակութային ցեղասպանական քաղաքականությունը»,- հավելեց Հովաննիսյանը։
Ռոզա Հովհաննիսյան