Կառավարությունը պետք է նման կարգավիճակով մարդկանց ապահովի սոցիալական բնակարաններով

  • 20:20 15.04.2025

Շողիկ Պողոսյանն Արցախում գրեթե 40 տարի հաշվապահություն էր անում։ Ծննդով Մարտունու շրջանի Նոր շեն գյուղից է, ապրում էր Ասկերանի շրջանի Շոշ գյուղում։ Միայնակ կնոջ ամբողջ կյանքը Շոշ համայնքի զարգացմանն ու շենացանն էր նվիրված։

Արցախի տեղահանությունից հետո Շողիկը կանգնեց դառն իրականության առաջ մենակ չէր կարող տուն վարձակալել։ Միացավ քրոջ ընտանիքին, որ կարողանար գոյատևել և հարազատների միջավայրում մեղմել հայրենիքի կորստի ցավը։

-Տեղահանությունից հետո միացել եմ քրոջս ընտանիքին, որ կարողանամ գոյատևել։ Ոչ թոշակառու եմ, ոչ էլ երիտասարդ տարիքում, որ հեշտությամբ աշխատանք գտնեմ իմ մասնագիտությամբ։ Ամենուր տարիքային սահմանափակումներ են։ Բոլորովին վերջերս ինձ հաջողվել է աշխատանք գտնել կարի արտադրամասում։ Աշխատավարձը ցածր է, այն էլ տրամադրվում է ուշացումներով։ Աշխատանքն էլ միշտ չի լինում, միայն այն դեպքում, երբ հումք են ստանում ու կանչում։

Ապրիլի 1-ից չեմ ընդգրկվելու ՀՀ կառավարության կողմից տրվող աջակցությունների ծրագրերում։ Անգամ սոցիալական վերջին ծրագրիը, որ տրվելու է անապահով ընտանիքներին, հասու չէ ինձ, որովհետև գրանցված աշխատող եմ, չնայած աշխատավարձս ցածր է՝ ընդամենը 60000 դրամ։ Այդ գումարով ինչպե՞ս ապրեմ, ինչքա՞ն կարող եմ ապրել բարեկամների մոտ։ Արցախում ես իմ տունն ունեի։ Բնակապահովման ծրագրից ևս չեմ կարող օգտվել, որովհետև ինձ տրամադրվելու է 3 կամ 4 մլն դրամի հավաստագիր, իսկ դրանով ինչպե՞ս բնակարան ձեռք բերեմ։ Իմ կարգավիճակը թույլ չի տալիս ոչ մի քայլ ձեռնարկել,- ասում է Շողիկը։

Այս խնդրի առաջ կանգնած են հազարավոր արցախցիներ, ուստի անհրաժեշտ է, որ ՀՀ կառավարությունը վերանայի նման կարգավիճակով մարդկանց վերաբերյալ բնակարանային ծրագիրը և նրանց ապահովի սոցիալական բնակարաններով, այլապես այդ ընտանիքները կմնան առանց տանիքի։ Արցախցիների զգալի մասը չի ցանկանում արտագաղթել և ակնկալում է Հայաստանում ապրելու համար լիարժեք ու արժանապատիվ կյանք։ 

 Շողիկ Պողոսյանի համար կարևոր է արցախցիների իրավունքների պաշտպանությունը

 -Մեր խնդիրները մենակ սոցիալական բնույթի չեն։ Մենք ուզում ենք պաշտպանել մեր իրավունքներն ու ապրել արժանապատվորեն։ Սեփական ցանկությամբ չենք թողել մեր երկիրը, ամբողջ կյանքի մեր ստեղծածը։ Արցախցին գտնվում էր ցեղասպանության եզրին ու իր փրկությունը տեսավ Մայր Հայաստանում։ ՀՀ կառավարությունը պետք է հետամուտ լինի արցախցիների սոցիալական խնդիրների լուծմանը, մշակի այնպիսի ծրագրեր, որ հասանելի լինեն տեղահանվածներին։ Ես միանում եմ արցախցիների բարձրացված պահանջներին։ ՀՀ կառավարությունը պետք է կոնկրետ քայլեր իրականացնի արցախցիների հավաքական վերադարձի, հայ գերիների ազատ արձակման գործում։ Արցախի թեման չպետք է փակվի քանի դեռ կանք մենք՝ արցախցիներս։

Շողիկն Արցախի Շոշ համայնքի աշխատակազմի հաշվապահն էր։ 1984ից գյուղի կոլտնտեսությունում էր աշխատում, իսկ 2001-ից մինչև 2023-ի սեպտեմբերի 19-ը՝ համայնքապետարանում։

-Աշխատանքային ժամ էր, երբ սկսվեց հրետակոծությունը։ Դպրոցականներին ու մանկապարտեզի սաներին անմիջապես դպրոցի նկուղ տարան, իսկ Շոշի բնակչությունն ապաստան գտավ համայնքապետարանի շենքի առաջին հարկում։ Գյուղը հրետակոծվում էր՝ անզիջում, անդադար։ Ականանետի պայթյունից դպրոցի բակում վիրավորվեցին 4 շոշեցի, իսկ մի հոգի վիրավորում ստացավ իր տան բակում։

Սեպտեմբերի 19-ի երեկոյան՝ մինչև ատամները զինված ադրբեջանցիները արդեն հայտնվել էին գյուղում։ Պետք է շուտափույթ լքեինք գյուղը։ Ռուս խաղաղապահները եկան, բացատրեցին իրավիճակի վտանգավոր լինելու մասին, ապա բնակչությանը տեղափոխեցին գյուղի տակ գտնվող ռուսական հենակետ՝ ասելով, որ այլևս օգնել չենք կարող։ Մարդիկ, ինչպես կարող էն, հասան Ստեփանակերտ ու տեղավորվեցին նկուղներում։ Բոլորը գիտեն, որ շոշեցիները գյուղից հեռացել են առանց անձնական փաստաթղթերի, հագուստի, դեղորայքի, իսկ հիվանդ մարդիկ շատ կային, որոնք առանց դեղերի պարզապես չէին կարող։ Անասելիի ծանր օրեր էին, երբևէ՝ չջնջվող մեր հիշողությունից։ Ամեն օր մտովի Շոշում եմ, երազում եմ տուն գնալ։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ