Մինսկի խմբի մասին Զախարովայի հայտարարությունն իր բանկային հաշվի վրա մի զրո ավելացրել է

  • 12:13 23.04.2025

Step1.am-ի զրուցակիցն է «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը։

-Պարոն Պապյան, ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին օրերս հայտարարեց, որ Հայաստանը պետք է փոխի իր Սահմանադրությունը եւ Սահմանադրությունից «հանի այն, ինչ վերաբերում է Ղարաբաղին»։ Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը, սա կարծես առաջին անգամ է, երբ Ադրբեջանից ու Թուրքիաից բացի մեկ այլ երկրի պաշտոնյա էլ է խոսում Հայաստանի Սահմանադրության մասին, ի՞նչ է փոխվել, ինչո՞ւ, օրինակ, նախորդ 35 տարիներին որեւէ երկրից նման կոչ չի հնչել։

-Կարծում եմ՝ նախորդ 30 տարիներին, հատկապես վերջին 10 տարիների ընթացքում տեղի է ունեցել Ադրբեջանի դիրքերի ուժեղացում Ռուսասատանում եւ Հայաստանի դիրքերի թուլացում։ Մասնավորապես, ես ուզում եմ հիշեցնել 2022 թվականի փետրվարին ստորագրված ռուս-ադրբեջանական ստրատեգիական գործընկերության մասին փաստաթուղթը, որը ցույց է տալիս, որ իրենք եւ թղթով են արդեն ստրատեգիական գործընկեր, եւ գործնականում։ Հետեւաբար, այսպես ասեմ՝ կա անձնական շահագրգռվածության հարց, այդ թվում՝ կաշառք, կա միջպետական իրավական փաստաթուղթ եւ կա դե ֆակտո իրավիճակ գետնի վրա, դա այն է, որ Ադրբեջանը խիստ կարեւորվել է Ռուսաստանի համար։ Եվրոպական ուղղությամբ ճանապարհները փակ են, եւ դեպի Հնդկական օվկիանոս ելքի համար կարեւորվում է Ադրբեջանը, ինչի մասին Ալիեւը Բաքվում խոսեց նախորդ տարվա օգոստոսին։ Դրա համար նրան սիրաշահելու ու նրա պատվերը կատարելու համար նման հայտարարություններ են անում։

ՌԴ ԱԳ ներկայացուցիչ Զախարովան խոսեց այն մասին, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է լուծարվի։ Այս փուլում Մինսկի խմբի լուծարման անհրաժեշտության մասին խոսում են Ադրբեջանի ու Հայաստանի իշխանությունները, փաստորեն Ռուսաստանը սատարո՞ւմ է այս գիծը։ Եվ ընդհանրապես, այդքան հե՞շտ է Մինսկի խումբը լուծարել։

-Նախ ուզում եմ ասել, որ Ռուսաստանն ընդհանրապես ոչ բարոյական, ոչ իրավական իրավունք չունի մտնելու հարցերի մեջ՝ ոչ Հայաստանի Սահմանադրության հետ կապված հարցերի, ոչ էլ Մինսկի խմբի։ Ինքը Մինսկի խմբի անդամ երկրներից մեկն է, կարող է միայն իր անունից հանդես գալ՝ առանց կոչերի։ Ոչ, Մինսկի խումբը լուծարելն այդքան հեշտ չէ, որովհետեւ ԽՍՀՄ փլուզումից հետո, երբ արձանագրվեց, որ կոնֆլիկտ կա, հարցը քննարկվեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում եւ պատվիրակվեց ԵԱՀԿ անդամ պետությունների նախարարների խորհրդին ձեւավորվել Մինսկի խումբը։

1992 թվականի մարտի 24-ին որոշվեց 9 երկրների ներգրամամբ ստեղծել Մինսկի խումբ։ Այդ 9 երկրներն են՝ ԱՄՆ, Ֆրանսիա, Ռուսաստան, Բելառուս, Ֆինլանդիա, Գերմանիա, Իտալիա, Շվեդիա, Թուրքիա, ինչպես նաեւ խմբում ներգրավված են Հայաստանն ու Արդբեջանը։ Հայաստանն ու Ադրբեջանը, ճիշտ է, շահագրգիռ կողմեր են, բայց նույն լիազորություններն ունեն, ինչ մնացած 9 երկրները։ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են ընդամենը դիրքորոշում հայտնել, բայց եթե Մինսկի խումբը պետք է ինքնալուծարվի, հաստատ միայն Հայաստանն ու Ադրբեջանը դա չեն կարող որոշել։ Առավել եւս եթե Մինսկի խումբը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հորդորով է ստեղծված, բնականաբար, ԱԽ-ն էլ իր դերակատարությունն ունի։ Այստեղ ավելի շատ Ադրբեջանին սիրաշահելու քաղաքականություն է, որովհետեւ Զախարովայի նման հայտարարությունն իր բանկային հաշվի վրա մի զրո ավելացրել է։

-ԵԱՀԿ գլխավոր քարտուղարն այս օրերին այցելեց Հայաստան, այդ այցը կարո՞ղ է կապված լինել այս հարցի հետ։

-Հնարավոր է, եւ ես կարծում եմ, որ Ֆրանսիայի նման երկիրն իր համաձայնությունը չի տա։ Այնտեղ էլի ընդդիմացող երկրներ կլինեն, ես հիմա չեմ կարող խոսել ԱՄՆ դիրքորոշման մասին, բայց շատ հավանական է, որ ԱՄՆ-ն էլ չհամաձայնվի։ Ռուսաստանը փաստորեն տվել է իր համաձայնությունը։ Ամեն դեպքում խնդիրն այսպես է՝ միայն Հայաստանի ու Ադրբեջանի դիրքորոշումով այդ հարցը չի լուծվում՝ ոչ իրավականորեն, ոչ էլ քաղաքականապես։ Եվ ընդհանրապես դա Նիկոլի վարչախմբի հերթական սխալ քայլն ա։

Ռոզա Հովհաննիսյան