Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ համաշխարհային առաջնորդները շարունակում են ուղերձներ հղել։ Դեռ չկա Թրամփի ուղերձը, թեև Ուկրաինայի և Պաղեստինի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների լույսի ներքո Հայոց ցեղասպանության հարցում ԱՄՆ նախագահի դիրքորոշումը կարող է վեկտոր դառնալ։ Առանց 2020 թվականի Արցախում Հայաստանի դեմ պատերազմի Ռուսաստանի ներխուժում Ուկրաինա չէր լինի։ Առանց Հայոց ցեղասպանության հարցը լուծելու, որի վերջին գործողությունը եղել է Արցախի օկուպացիան և բնիկ բնակչության տեղահանությունը, ուկրաինական և պաղեստինյան խնդիրները չեն կարող լուծվել։
Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը իր հայատառ գրառման մեջ նշել է. «110 տարի առաջ սկսվեց Հայոց ցեղասպանությունը։ Այսօր՝ ապրիլի 24-ին՝ ոգեկոչման ազգային օրը, հիշենք բոլոր զոհերին և կենդանի պահենք նրանց հիշատակը։ Շարունակենք գործել՝ Մարդկության անունից, հանուն Ճշմարտության և Արդարության»։
Թուքիայում զգում են Օսմանյան կայսրության վերջին շրջանում տեղի ունեցած պատերազմի տարիներին «զինված խմբավորումների կողմից իրականացված դիվերսիոն գործողությունների, համաճարակային հիվանդությունների պատճառով կորսված կյանքերի ցավը», այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը՝ Պոլսո Հայոց պատրիարքին և հայ համայնքին հղած իր ուղերձում, փոխանցում է Թուրքիայում լույս տեսնող «Ժամանակ» թերթը։
Իր ուղերձում Էրդողանը պնդում է՝ «անցյալի տխուր հիշողությունները չպետք է պատանդ պահեն ներկան և ապագան»։
«Նրանք, ովքեր փորձեցին խարխլել մեր միջև խորը արմատներ ունեցող և ամուր կապերը՝ պատմությունից թշնամանք ստեղծելով, մինչ օրս չեն հասել իրենց նպատակներին», – առանց փակագծեր բացելու հայտարարում է Հայոց ցեղասպանության փաստը ժխտող Թուրքիայի առաջնորդը։
Հայաստանում ԵՄ առաքելությունը Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ գրեց, ապա հանեց «Ցեղասպանություն» բառը։ Նախ «X» սոցիալական ցանցը տեղադրել է հետևյալ հաղորդագրությունը՝ «Այսօր՝ ապրիլի 24-ին, հարգանքի տուրք ենք մատուցում Հայոց ցեղասպանության զոհերին», որից հետո արտահայտությունը փոխարինվել է «ի հիշատակ 1915-1923 թթ. զոհերի” բառերով։
Ապրիլի 24-ին լրանում է Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության հերթական տարելիցը։ Ռուսաստանում Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալվել է որպես սեփական ցավ։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Պատմական վկայությունների համաձայն՝ 1915թ. Ռուսական կայսերական բանակի կովկասյան բանակը Նիկոլայ II-ի հրամանով բացելով ռուս-թուրքական սահմանը՝ փրկել է ոչ պակաս, քան 350 հազար հայի»,- նշել է դիվանագետը։
Զախարովան հիշեցրել է, որ Մոսկվայի դիրքորոշումն այս իրադարձությունների վերաբերյալ մնում է անփոփոխ և հիմնված է հումանիստական սկզբունքների վրա։ Արդեն 1915 թվականին, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Սազոնովի նախաձեռնությամբ, միջազգային հանրության ամենախոշոր մասնակիցները տեղի ունեցողը որակեցին որպես «հանցագործություն մարդկության դեմ»։
«Ժամանակակից Ռուսաստանը առաջին երկրներից մեկն էր, որը պաշտոնապես ճանաչեց Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը: 1995-ին և 2005-ին Պետդուման ընդունեց 1915-1922 թվականներին հայերի բնաջնջումը դատապարտող բանաձևեր: 2015-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այցելեց Հայաստան և մասնակցեց հայ ժողովրդին հարգանքի տուրք մատուցելու արարողությանը», նշել է նա։
Հիշեցնենք, որ 2015 թվականին Պուտինը միակ երկրի ղեկավարն էր, ով Ցեղասպանության 100-րդ տարելիցին այդպես էլ չէր արտասանել «ցեղասպանություն» բառը։
Ի՞նչ է փոխվել Ռուսաստանի դիրքորոշման հետ, եթե որ Զախարովան հպարտորեն խոսում է Ռուսաստանի կողմից ցեղասպանության եռակի ճանաչման մասին։ Արդյո՞ք սա հիշեցնում է Թուրքիային Կարսի պայմանագրի մասին, և որ Թուրքիայի ներկայիս սահմաններն այժմ կախված են Հայաստանի դիրքորոշումից, որը ցանկացած պահի կարող է փոխվել ոչ թե Թուրքիայի, այլ Ռուսաստանի օգտին: