Step1.am-ի զրուցակիցն է «Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ Լեւոն Հայրյանը։
-Պարոն Հայրյան, Հայաստանի իշխանությունները հետեւողականորեն հայտարարում են, թե Արցախի նախագահն է լուծարել Արցախը։ Ի՞նչ է տեղի ունեցել իրականում։
-Նախ անդրադառնանք հարցին, թե ով կարող էր եւ այդքան ուժ ուներ Արցախը լուծարել, դա ում էր պետք։ Նիկոլ Փաշինյանը նախորդ տարի երկու հայտարարություն արեց, որին մեր ժողովուրդն ուշադրություն չդարձրեց, բայց ինքն այդտեղ ինքնախոստովանություն արեց։ Մի հարցազրույցում ասաց, որ Արցախի լուծարման որոշումը եղել է 2016 թվականի օգոստոսին։ Ո՞վ կարող էր 2016 թվականին կայացնել Արցախի լուծարման որոշումը։ 2016 թվականին Արցախի իշխանություններն շատ ցանկության դեպքում կարո՞ղ էին կայացնել Արցախի լուծարման որոշում, չէին կարող։ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նույնպես չէր կարող այդպիսի որոշում կայացնել, Բաքուն եւս այդքան ուժ չուներ։ Ուրեմն, ո՞վ էր կայացրել Նիկոլ Փաշինյանի ակնարկած լուծարման որոշումը։ Միանշանակ պարզ է, որ որպես գերտերություն՝ Մոսկվան կարող էր կայացած պետություն լուծարելու որոշում կայացնել։
Իսկ ինչո՞ւ 2016 թվականին, սա քննարկենք, որպեսզի իսկապես համոզվենք, որ ռուսներն են 2016 թվականի օգոստոսին որոշել լուծարել Արցախը։ Ինչպես գիտենք, 1988 թվականից սկսած Արցախյան պայքարը մի քանի փուլերով գնաց։ Առաջին փուլի ավարտին՝ 1989 թվականի դեկտեմբերի 1-ին ընդունվեց հանրահայտ վերամիավորման մասին որոշումը։ Այս որոշումն ընդունելուց հետո հայկական քաղաքական միտքը ռուսների ճնշման տակ վախեցավ իրացնել այն։ Այսինքն՝ այդ որոշումն արդեն իրականացված էր, նույնիսկ 1991 թվականին Արցախի ժողովուրդը մասնակցեց Հայաստանի պառլամենտական ընտրություններին։ Բայց հավանաբար Մոսկվայի ճնշման տակ արցախցիները եւ հայաստանցիները որոշեցին գնալ անկախ Արցախի անկախացման ճանապարհով։ Դա եղավ հաջորդ փուլը՝ ինքնորոշման արդյունքում Հայաստանին միավորված Արցախի փոխարեն ունեցանք իբր թե անկախ Արցախ, որն այդպես էլ ոչ ոք չճանաչեց, մինչեւ անգամ Հայաստանի իշխանությունները։ Դա էլ հիմք տվեց ռուսներին հետագա մանիպուլյացիաներ իրականացնել։ Այսինքն՝ ռուսները, որ 1988 թվականից արդեն դեմ էին Արցախի ինքնորոշմանը եւ ոչ մի ստորության առաջ կանգ չէին առնում, հայերի ազգային ազատագրական շարժումն Արցախում խեղդելու համար կազմակերպեցին Սումգայիթի, Բաքվի, Գանձակի եւ այլ բնակավայրերի ջարդերը եւ ադրբեջանահայությանը փախստական դարձրեցին։ Այսինքն՝ ռուսները ոչ մի վայրկյան հետ չեն կանգնել Արցախի ինքնորոշման եւ ազգային ազատագրական շարժումը ճնշելու ու խեղդելու գործում։
Երբ արդեն իրադրությունն այնքան էր բարդացել ու ուժգնացել, իրավիճակին խառնվեց նաեւ միջազգային հանրությունը, ստեղծվեց ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը պետք է զբաղվեր Արցախի կարգավիճակի հարցով։ Այս ամբողջ ընթացքում՝ 1991-1992 թվականներից սկսած, ռուսները՝ Հայաստանի ղեկավարության բկին չոքած, միշտ պարտադրում էին, որ Հայաստանը հրաժարվի Մինսկի խմբից, որպեսզի նրանք միահեծան լուծեին հարցը։ Հայաստանի ղեկավարները, անընդհատ լինելով ռուսների ազդեցության տակ, ինչ-որ տեղ խոչընդոտում էին Մինսկի խմբի աշխատանքներին։ Եվրոպան ու միջազգային հանրությունն առաջարկում էին բազմազգ խաղաղարար ուժեր բերել, որին Ռուսաստանը դեմ էր։ Ռուսներն ինչ-որ էտապից սկսած, տեսնելով, որ Հայաստանի ժողովրդի եւ իշխանությունների դիմադրությունը ջարդելը դժվար է, փորձեցին Ադրբեջանի հետ ռազմական ագրեսիայի միջոցով հարցերը լուծել։ Սկիզբ դրեցին այսպես կոչված «Լավրովի պլան» քաղաքական պրոցեսներին։ Իրավիճակը սրվել էր, 2008-2012 թվականներին արդեն հստակ երեւում էր, որ հարցը պետք է ռազմական ճանապարհով լուծեին։ Մեր իշխանությունները մեզանից այսքան տարի թաքցրել են, որ 2008 թվականից արդեն Ալիեւը նույնիսկ ՄԱԿ-ում շրջանառության մեջ էր դրել փաստաթղթեր, ըստ որոնց՝ ինքն իրավունք ունի ռազմական ճանապարհով լուծել հարցը։ Հայկական իշխանությունների կրավորականությունն ու դավաճանությունն այն է, որ ոչ միայն այդ փաստաթղթերի դեմ չեն պայքարել, նույնիսկ մեր հասարակությունից թաքուն էին պահում մինչեւ 2020-2022 թվականները։
Ռուսները ադրբեջանիցների հետ եկել էին համաձայնության, որ ռազմական ճանապարհով լուծեն հարցը, Մինսկի խումբը չեզոքացնեն, որպեսզի Կովկասում միահեծան լինեն տեր-տնօրեն։ Այդ պրոցեսը զուգորդվում էր փոքր պատերազմական գործողություններով, որոնք ամեն անգամ ճնշվում էին։ Ամենամեծ ռազմական գործողությունը տեղի ունեցավ 2016 թվականին՝ ապրիլյան քառօրյա պատերազմը։ Եվ ապրիլյան պատերազմից հետո առաջացավ Նիկոլ Փաշինյանի ակնարկած 2016 թվականի օգոստոսին կայացված որոշումը, որ Արցախը պիտի լուծարվի։ 2016 թվականի ռուս-թուրքական պլանով որոշել էին բլիցկրիգ անել, մեկ շաբաթում Արցախը գրավել, կտրել Արցախ-Հայաստան ճանապարհը, իսկ Արցախի ժողովրդին թողնել շրջափակման մեջ, ստիպել ինտեգրացիայի, համաշխարհային հանրությանը հայտարարել, որ Արցախի վատ իշխանություններին տապալել են, ժողովուրդը «կողմ է» Ադրբեջանի կազմում մնալուն։
Գաղտնիք չէ՝ 2016 թվականի քառօրյա պատերազմի ընթացքում Օբաման պայման դրեց, որ եթե պատերազմը չկանգնեցվի, ինքը ճանաչելու է Արցախը։ Իգոր Մուրադյանը պնդում էր, որ ռուսները միշտ ասում էին՝ եթե հանկարծ Ամերիկան միակողմանի ճանաչի Արցախի անկախությունը, հայերի համար շատ վատ է լինելու։ Այսինքն՝ նրանք բացեիբաց վախեցնում էին, որ անելու են այն, ինչ արել են՝ անցել են Ադրբեջանի կողմն ու Հայաստանը կործանել։ Եթե առաջ ռուսները Արցախի հարցում վախեցնում էին, որ եթե ԱՄՆ-ն ճանաչի, վատ կլինի, հիմա էլ վախեցնում են, որ եթե չմտնենք Միութենական պետություն, շատ վատ է լինելու։ Դրա համար են եվրոպական լիդերներին ասում են, որ Հայաստանի շահերից չխոսեն։
Ռուսները որոշեցին արագացնել Արցախի լուծարման հարցը, բայց ռուսների այս առաջարկի համար պետք էր մի ուժ, որը կյանքի կկոչեր այն։ Եվ ռուսները փնտրեցին ու կանգնեցին հենց Նիկոլ Փաշինյանի վրա։ Կա տեղեկություն, որ ռուսների խորհրդատուն այս հարցով եղել է նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, որը հիմա Մոսկվայում նստած է։ Եվ ՔՊ-ին բերեցին իշխանության, իսկ ՔՊ-ն իրենից ներկայացնում է մի ուժ, որը ոչ մի տեղ ոչ մի հարցում ռուսներին դիմադրություն ցույց տալու նպատակ չունի։ Իրենց հետաքրքրում է միայն իրենց իշխանությունը, Հայաստանը կլինի անկախ պետություն, թուրքական վիլայեթ, թե ռուսական գուբերնյա, միայն թե իրենք լինեն իշխանություն։
2018 թվականին, երբ Նիկոլ Փաշինյանը հանդիպեց Պուտինին, այդ հանդիպման մասին պատմել է, որ Պուտինն ասել է՝ ՀՀ սահմաններն իրենց համար կարմիր գիծ եւ անձեռնմխելի են։ Այստեղ Նիկոլը կիսատ է թողնում միտքը, մենք կարող ենք շարունակել՝ Պուտինն ասել է՝ Ղարաբաղը կտաս, Հայաստանը կլինինի անձեռնմխելի։ Բայց այս խոստումն էլ ռուսները չպահեցին եւ Նիկոլին «գցեցին»․ հիմա, հերիք չէ, ադրբեջանական զորքը Հայաստանում է, ռուսներն ու թուրքերն էլ պահանջում են «Զանգեզուրի միջանցք»։ Պահանջները խորանալու են եւ հասնեն մինչեւ Հայաստանի ինքնիշխանության լուծարում։ Նիկոլ Փաշինյանն ու իր փայլուն գվարդիան չեն դիմադրելու սրան։
Արցախը լուծարելու համար պետք էր նոյեմբերի 9-ի մի թուղթ, իսկ այդ թուղթը պետք է լիներ պատերազմով։ Դրա համար Նիկոլ Փաշինյանի՝ 2019 թվականին ՌԴ կատարած այցից հետո նա հայտարարեց, որ Հայաստանը բանակցություններից դուրս է գալիս, թող Ղարաբաղն ինքն իր տեղը բանակցի։ Սա արդեն Մինսկի խմբի լուծարում է, ինքը դրանով Մինսկի խումբը լուծարում է, սկսում են հող նախապատրաստել նոյեմբերի 9-ի թղթի համար։ 2019 թվականին ցրեցին Գորիսի կորպուսը, իսկ Գորիսի կորպուսի ռազմաքաղաքական առաջադրանքն այն էր, որ պատերազմ սկսվելու դեպքում անմիջապես մտնելու էին Արցախ եւ պահելու էին երկրորդ գիծը, որպեսզի առաջին գիծը ճեղքելու դեպքում թշնամին չկարողանար մտնել երկրի խորքերը։ Այս կորպուսը ցրելն էլ էր ռուսների առաջադրանքը, այսինքն՝ նախապատրաստական աշխատաքներ էին կատարվում նոյեմբերի 9-ի թղթի համար։ Այսօր շատ փորձագետներ ասում են, որ նոյեմբերի 9-ի թուղթը կնքվել է ոչ թե պատերազմի արդյունքում, այլ բոլոր դրույթները պատրաստվել են պատերազմից առաջ, դրանից հետո սկսվել է պատերազմը եւ ծրագրված պարտությունը։
2022 թվականին՝ արդեն նոյեմբերի 9-ի թուղթը ստորագրելուց հետո, Նիկոլ Փաշինյանը Մոսկվա կատարած այցից հետո վերադարձավ եւ հայտարարեց, թե մեր միջազգային գործընկերները մեզ խորհուրդ են տալիս իջեցնել նշաձողը։ Ի՞նչ ասել է գոյություն ունեցող պետության նշաձողն իջեցնել։ Պետությունն ունի մեկ ստատուս, դա պետությունն է, նշաձողն իջեցնում ես, լուծարվում է։ Այստեղ հետաքրքիր է Արարատ Միրզոյանի դեմագոգիան՝ մենք նրանց առաջարկել ենք ընդամենը նշաձողն իջեցնել, իսկ նրանք պետությունը լուծարել են։ Նրանք կարողացան գտնել մի քանի անմեղսունակ քաղաքական գործիչ եւ սկսեցին քավության նոխազ փնտրել։ Հո չէին ասելու՝ մենք մեր ձեռքով Ղարաբաղը լուծարել ենք, որպեսզի «խաղաղություն բերենք», բայց չի ստացվել։
Այսինքն՝ ո՞վ է լուծարել Արցախը, հարցի պատասխանը հետեւյալն է՝ Պուտինը որոշել է լուծարել Արցախը, Նիկոլ Փաշինյանն իրականացրել է՝ ամեն կերպ ճնշում գործադրելով Արցախի իշխանությունների վրա։ Մի րոպե ենթադրենք, որ Արցախի իշխանություններն են լուծարել, իսկ հիմա ո՞վ է Հայաստանում լուծարում Արցախի համայնքը, ո՞վ է Արցախի հայերին ստիպում արտագաղթել, ո՞վ է Արցախի հայերի համար սոցիալական խնդիրներ ստեղծում, ո՞վ է ատելության խոսք հրահրում, դա՞ էլ են Արցախի իշխանություններն անում։ Նիկոլ Փաշինյանն էլ, Արարատ Միրզոյանն էլ գիտեն, որ Արցախի հարցը լուծված չէ, քանի Արցախի համայնքը կա։ Այսինքն՝ իրենք շարունակում են ռուս-թուրքական տանդեմից ստացած առաջադրանքը՝ Արցախի ստատուսի հարցը լուծել են, հիմա մնում է համայնքը ցրել ու լուծարեն։
Մեզ շատ ավելի վատ բաներ են սպասվում։ Քանի որ ռուս-թուրքական տանդեմն իր նպատակներին չի հասել, նրանք պետք է գնան իրենց հերթական քայլերին, որն արդեն Հայաստանի ինքնիշխանության լուծարումն է։ Եվ Նիկոլ Փաշինյանը նույնատիպ հայտարարություններ անում է նաեւ հիմա, ինչպես նախկինում ասում էր՝ նշաձողը պետք է իջեցնենք։ Նա մի քանի օր առաջ պառլամենտում հայտարարել է, որ պետք է արեւմտյան երկրների ղեկավարներին ասի, որ այլեւս Հայաստանի օգտին հայտարարություններ չանեն։ Դա նշանակում է, որ ինքը պատրաստ է լուծարել Հայաստան պետությունը։ Սա նույն նշաձողն իջեցնելն է, Հայաստանի նշաձողն իջեցնում են, Հայաստանն ինքնուրույն չպետք է լինի։ Հայաստանի նշաձողն իջեցնելով՝ գնում ենք պետականության կորստի։
Քանի որ Հայաստանի ինքիշխանությունը պիտի իջեցնեն։ Այսօր Գյումրում իշխանության է եկել մի անձ, որը միաժամանակ եւ հավատացյալ է, եւ կոմունիստ է, եւ սովետական գողական, և կազաչի ատաման։ Այսինքն՝ Արցախը գրավված է, հիմա Հայաստանի ներսում բողոքի բջիջիներ են առաջացնում «Հայաստանի իշխանությունների ինքնիշխանության» դեմ։ Եվ սա ոչ թե Նիկոլ Փաշինյանի դեմ է, Նիկոլ Փաշինյանն ինքն էլ երեւի կողմ է սրան, այլ պետք է ներքին ճնշում ստեղծվի՝ Հայաստանի սուվերենիտետը վերացնելու համար։ Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն չեն բավարվել Արցախը լուծարելով, հիմա փորձում են իջեցնել Հայաստանի նշաձողը։ Հայաստանն «արդար» կիսելու գործընթացը սկսվում է՝ Ալեքսնադրապոլը կտան ռուսներին, Զանգեզուրը՝ թուրքերին։
–Նիկոլ Փաշինյանը նաեւ հայտարարում է, որ Հայաստանը չի շարունակելու Ղարաբաղյան շարժումը։ Սա ինչպե՞ս եք գնահատում։
-Սա շատ կարեւոր հարց է, դրանով Փաշինյանը վերջնականապես ապացուցում է, որ ինքը ռուսական նախագիծ է։ 1988 թվականից սկսած ռուսներն են կատաղի պայքարում Ղարաբաղյան ազգային-ազատագրական շարժման դեմ եւ հայտարարում, որ շարժումն է ԽՍՀՄ-ը կազմաքանդելու հիմնական պատճառը։ Եվ այժմ, Ղարաբաղյան ազգային ազատագրական շարժան էջը փակելով, մտածում են վերկանգնել Սովետական միությունը։ Նիկոլն ու ՔՊ-ն էլ նրանց կամակատարներն են։
Հայաստանի ժողովրդին պետք է կոչ անել, որպեսզի խելքը գլուխը հավաքի, որովհետեւ դարերով երազած եւ մի կերպ ստեղծած մեր անկախ պետականությունն արդեն հասցրել են անդունդի եզրին։ Այսօր ՔՊ-ն իր պարագլխի հետ մտածում են միայն սեփական իշխանության մասին, որովհետեւ ցանկացած ուրիշ իշխանության դեպքում պիտի պատասխան տան իրենց այս բոլոր դավաճանական քայլերի համար։
Ռոզա Հովհաննիսյան