ԱՀ «Ավագների խորհուրդ» ՀԿ նախագահությունը հայտարարություն է տարածել։
“Վերջին օրերս հանրապետության քաղաքական ղեկավարության շրջանում, որպես Արցախում առկա հումանիտար խորը ճգնաժամային իրավիճակից ելքի ճարահատյալ միջոցներ, տարբեր մակարդակներով պարբերական քննարկման առարկա են դարձած մոտ ապագայում Ստեփանակերտ-Բաքու բանակցային երկխոսության հնարավոր մեկնարկի և Ստեփանակերտ-Գորիս միջանցքի հետ համաժամանակյա կամ նախորդիվ Ակնա (Աղդամ)-Շուշի այլընտրանքային ճանապարհի բացման հավանականության հարցերը, մի հանգամանք, որն ակնհայտ անհանգստություն ու տագնապ է հարուցում հասարակության տարբեր խավերում”, ասված է հայտարարության մեջ:
ԱՀ «Ավագների խորհուրդ» հ/կ նախագահությունը այն կարծիքին է, որ այդ երկխոսությանը կոչված հանդիպումները պետք է կազմակերպվեն, նախ, ոչ թե երկկողմ, այլ միջազգայնորեն երաշխավորված բազմակողմ ձևաչափով և ոչ թե Ադրբեջանի, այլ որևէ երրորդ երկրի տարածքում: Հակառակ դեպքում միջազգային հանրության շրջանում կարող է այն թյուր տպավորությունը ստեղծվել, թե այդ բանակցությունների ընթացքում Ադրբեջանն իրականում պարզապես փորձում է լուծել ինչ-ինչ ներպետական հարցեր կապված իր բնակչության մաս կազմող հայազգի քաղաքացիների` որպես «ազգային փոքրամասնության» ադրբեջանական օրենսդրության ներքո վերինտեգրման խնդրի հետ, ինչին, շարունակաբար ու հետևողականորեն ջանք ու եռանդ չխնայելով, ձգտում են Ապշերոնի թերակղզում:
“Դիմելով Արցախի Հանրապետության իշխանություններին, «Ավագների խորհուրդ» հ/կ նախագահությունը հորդորում է կտրականապես մերժել Ակնա (Աղդամ)-Շուշի այլընտրանքային ճանապարհը բացելու Աղրբեջանի առաջարկը, պնդելով իրագործել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ ամրագրված դրույթը Լաչինի (Բերձորի) միջանցքի իրավական կարգավիճակի և ՈԴ խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո այդ մայրուղով Արցախի քաղաքացիների երկկողմ ազատ երթևեկության, բեռնափոխադրումների ապահովման հրամայական անհրաժեշտության մասին”, ասված է հայտարարության մեջ: