Մոսկվան կարծում է, որ Փաշինյանը կհաղթի հաջորդ ընտրություններում

  • 11:14 01.05.2025

Նիկոլ Փաշինյանը դեռ չի հայտարարել, թե արդյոք մասնակցելու է Մոսկվայում մայիսի 9-ին կայանալիք Հաղթանակի շքերթին, չնայած Մոսկվան վաղուց է ազդարարել նրա ներկայությունը։ Ինչպես գրում են հայկական լրատվամիջոցները, Արևմուտքը չի թաքցնում այն ​​փաստը, որ շքերթին մասնակցելը կհամարի նշան, որ Փաշինյանի եվրոպական «հավակնությունները» հորինվածք են։ Մյուս կողմից, ինչպես վերջին շաբաթներին գրում են լրատվամիջոցները, «Ռուսաստանը սկսել է հետևողականորեն զբաղվել Հայաստանով, և եթե Փաշինյանը չմեկնի Մոսկվա, նա կարող է պատժվել»։

«Ռուսաստանը սկսել է զբաղվել Հայաստանով», չնայած ավելի ճշգրիտ կլինի ասել, որ այն սկսել է Հայաստանի ինկորպորացիայի վերջնական փուլը։

Ռուսական «Վեդոմոստի»-ն պարզել է, որ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Կիրիենկոն այսուհետ կզբաղվի Հայաստանով, և այս գործառույթը նրան է փոխանցվել Դմիտրի Կոզակից։

Այժմ Կիրիենկոն պատասխանատու է Աբխազիայի, Հարավային Օսիայի, Մոլդովայի՝ Մերձդնեստրով հանդերձ հետ աշխատանքների համար։ «Հայաստանի հետ կապված իրավիճակում այս փուլում կիրականացվի տեղեկատվական, այլ ոչ թե ընտրական աշխատանք», – ասել է «Վեդոմոստի»-ի Կիրիենկոյի օֆիսի հետ կապված աղբյուրներից մեկը։ Այսինքն՝ ընտրությունների հետ կապված ամեն ինչ պարզ է, մնում է տեղեկատվականը “դզել”։

Թերթի զրուցակիցը ենթադրում է, որ Նիկոլ Փաշինյանը միևնույն է կհաղթի հաջորդ ընտրություններում. «Բայց հիմա հարցը ընտրությունների մասին չէ, այլ այնտեղ Ռուսաստանի ներկայության մասին է»։ Աղբյուրը նշում է, որ Հայաստանում ներկայումս ռուսամետ քաղաքական գործիչներ չկան, բացառությամբ նախորդների՝ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի. «Հետևաբար, այնտեղ ոչ ոք չկա, որ խոսի Ռուսաստանի անունից»։

Այսպիսով, Կրեմլում Հայաստանի նոր կուրատորին մոտ կանգնած աղբյուրը հաստատում է, որ կապահովի Փաշինյանի հաղթանակը հաջորդ ընտրություններում, և որպեսզի նա “չշեղվի” ճանապարհից և ազգային ուժերը չհայտնվեն խորհրդարանում, Մոսկվան կանի այն, ինչ արեց 2018 և 2021 թվականներին՝ կձևավորի խորհրդարան, որտեղ «ընդդիմություն» կլինեն Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը, քանի որ «Հայաստանում այլ ռուսամետ քաղաքական գործիչներ չկան»։ Իզուր չէ, որ Հայաստանի վերջին խորհրդարանը կրում է ռուս դեսպան Կոպիրկինի անունը։

Ռուս վերլուծաբանների կարծիքով՝ իրավիճակն այժմ մի փոքր այլ է, քան 2021-ին, քանի որ Հայաստանում սկսել են պարզ գիտակցել Ռուսաստանի բացասական դերը Ղարաբաղյան պատերազմում և Հայաստանի պարտությունում։ Եվ իզուր չէ, որ վերջին շաբաթներին իշխանությունները և ընդդիմությունը փոխադարձ մեղադրանքներ են հնչեցնում «Ղարբաղի կորստի» վերաբերյալ, «ամրագրելով կորուստը» և մեղքը շեղելով Ռուսաստանից։

«Վեդոմոստին» մեջբերում է Պետերբուրգի քաղաքականության հիմնադրամի նախագահ Միխայիլ Վինոգրադովի կարծիքը։ «Փաշինյանը անհարմար էր Մոսկվայի համար, բայց ունակ էր քաղաքական գոյատևման՝ չնայած ամեն ինչի»։

Փաշինյանն արդեն հայտարարել է Էստոնիայում (!) գտնվելու ընթացքում, որ մտադրություն չունի փչացնելու, առավել ևս՝ խզելու Ռուսաստանի հետ հարաբերությունները։ Այսպիսով, Մոսկվան չպետք է որևէ խնդիր ունենա նրա հետ, ինչպես չի ունեցել վերջին 7 տարիների ընթացքում. Փաշինյանը լիովին իրականացրել է “Լավրովի ծրագիրը” և իրավիճակը հասցրել ինքնիշխանության ճգնաժամի, երբ խոսքը Սահմանադրության և Հայաստանի գոյության մասին է։ Դրանից հետո ինկորպորացիան կդառնա տեխնիկական հարց։ Հիմա հարց է, թե ով լավագույնս կիրկանացնի այդ ակտը։

Եվ այս ֆոնին ուշագրավ է թվում Քոչարյան-Սարգսյան թիմերի միջև անսպասելի բաց վեճը, որը սկսվեց փոխադարձ մեղադրանքներով այն մասին, թե ով է բերել Փաշինյանին։ Նրանցից ոչ մեկը չի ասում, որ Փաշինյանին բերել է Մոսկվան, և սա արդեն իսկ ցույց է տալիս, որ այս դատարկ քննարկման մասնակիցները պայքարում են ապագա խորհրդարանում «ռուսական կլյուչնիկների» տեղի համար։

Վերջին շաբաթներին Սարգսյանն ու Քոչարյանն արդեն հասցրել են ծրագրային ելույթներ ունենալ, և երկուսն էլ չեն բացառել, որ որոշակի կոնկրետ նպատակներ հաշվի առնելով՝ կարող են համախմբել իրենց ջանքերը։

Ինչ վերաբերում է «ով բերեց Փաշինյանին», բավական է հիշել Փաշինյանի առաջին կառավարության կազմը, որը ձևավորվեց 2018 թվականի մայիսի 8-ին․ այնտեղ կան նախարարներ ՀՅԴ-ից և «Ծառուկյան դաշինքից», ինչպես նաև «անկուսակցական» Արթուր Վանեցյանը և մի քանի այլ նախկին պաշտոնյաներ, որոնք հրաժարականից հետո միացան Սերժ Սերժյանի շրջապատին։ Մհեր Գրիգորյանը, որը Ծառուկյան դաշինքից դարձավ փոխվարչապետ, մինչ օրս զբաղեցնում է այս պաշտոնը և նույնիսկ բանակցություններ է վարում Հայաստանի անունից։ Բավական է հիշել նաև «աքաղաղամարտը» Կարեն Կարապետյանի հետ, որը «կրեց» Նիկոլ Փաշինյանը և դարձավ վարչապետ։