Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի կողմից հաստատված մասնագիտական խմբերն առաջիկայում կսկսեն իրենց աշխատանքը։ ՀՀ կառավարության հետ բանակցությունների արդյունքում կձեւավորվեն փորձագիտական խմբեր, որոնց կողմից կտարվեն բանակցություններ նախօրոք համաձայնեցված հարցերի շուրջ եւ համապարփակ լուծումներ կառաջարկվեն ՀՀ-ում արցախցիների իրավունքների պաշտպանության եւ հրատապ հիմնախնդիրների կարգավորման համար: Կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչները հավաստիացրել են, որ հիմնարար բարեփոխման կենթարկվեն բնակարանային եւ զբաղվածության ծրագրերը, ինչպես նաև լուծում կտրվեն մի շարք այլ իրավական ու սոցիալական խնդիրների:
Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Սայիդա Պողոսյանը step1.am-ի հետ զրույցում ասաց, թե մասնավորապես բնակապահովման պետական ծրագրի վերաբերյալ ի՞նչ առանցքային փոփոխություններ է խորհուրդն առաջարկել ՀՀ կառավարությանը։
Խորհրդի կողմից առաջարկվել է, որպեսզի բնակապահովման ծրագրով նախատեսված դրամական միջոցներն ուղղվեն նաեւ գույքի ձեռքբերմանը։ «Օրինակ՝ եթե մարդը տունը գնում է 25 մլն դրամով, բայց ծրագրի շրջանակներում ունի 30 մլն դրամ գումար, կարող են թույլատրել մնացած գումարով գույք գնել կամ որեւէ բիզնես հիմնել։ Սա մեր ամենակարեւոր առաջարկներից է, որը դեռ վերջնական ընդունված չէ, պարզապես կառավարությում համաձյանել են քննարկել այս առաջարկը։ Իրենք գիտակցում ու խոստոնավում են, որ այս ծրագիրը շատ թերություններ ունի։ Կան շատ խնդիրներ, եւ երբ մեր մասնագիտական խմբերը սկսեն աշխատել, արդեն ավելի հեշտ կկարողանան այդ խնդիրներին լուծում տալ»,- ասաց նա։
Բնակապահովման ծրագրով յուրաքանչյուր անձի համար գործում է 3 մլն, 4 մլն եւ 5 մլն դրամ շեմը՝ ըստ բնակավայրերի։ 5 մլն դրամ շեմը գործում է սահմանամերձ բնակավայրերի համար։ Խորհուրդն առաջարկել է կառավարությանը, որպեսզի գումարի շեմի բարձրացում լինի, մասնավորապես, երեւանամերձ Չարենցավան, Աբովյան, Էջմիածին ու մյուս քաղաքները, որտեղ մեծ թվով արցախցիներ են ապրում, եւս ներառվեն յուրաքանչյուր անձի համար 4 մլն դրամ շեմի մեջ։ Այս առաջարկը եւս կառավարությունում խոստացել են քննարկել։
Սայիդա Պողոսյանի խոսքով՝ որպեսզի շատերը կարողանան օգտվել այս ծրագրից, երեւանամերձ համայնքներում գոնե պետք է գործի 4 մլն դրամ շեմը։ «Երեւանում շատերի համար դժվար է ապրելը, մարդիկ տեղափոխվում են երեւանամերջ համայնքներ։ Դրա համար առաջարկեցինք գոնե այնպես անել, որ Չարենցավան, Աբովյան, Էջմիածին եւ երեւանամերձ մյուս համայնքներում էլ 4 մլն դրամ հատկացվի։ Մեր առաջարկները իրականում շատ-շատ են, առաջին հանդիպումից հետո նոր կկարողանանք տեսնել իրենց կողմնորոշումը։ Մենք մեզ համար 10-15 օր ենք նշմարել, եթե իրենք այդ ընթացքում գործանական հարաբերություններ չստեղծեն ու չընդառաջեն մեզ, մեր նույն գործողությունները կրկնելու ենք»,- հավելեց Սայիդա Պողոսյանը։
Ռոզա Հովհաննիսյան