Գերմանիայի Սահմանադրության պաշտպանության դաշնային գրասենյակը ուրբաթ օրը «Գերմանիայի համար այլընտրանք» ազգային պոպուլիստական կուսակցությունը հայտարարեց ծայրահեղական կազմակերպություն, որը սպառնում է երկրում ժողովրդավարությանը։
Քանի որ AfD-ն դասակարգվում է որպես ծայրահեղական կազմակերպություն, երկրի իշխանությունների համար ավելի հեշտ կլինի այն վերահսկել, ներառյալ գաղտնի տեղեկատվության հավաքագրումը, զրույցների լսումը և հաղորդագրությունների խափանումը։
«Կուսակցությունում գերիշխող ժողովրդի էթնիկական հիմքով հասկացությունը անհամատեղելի է ժողովրդավարական համակարգի հետ», – ասվում է Սահմանադրության պաշտպանության դաշնային բյուրոյի հայտարարության մեջ։ «Դա հանգեցնում է բնակչության որոշակի խմբերի զրկմանը հասարակության կյանքին հավասար մասնակցությունից, նրանց նկատմամբ հակասահմանադրական վերաբերմունքի և, հետևաբար, նրանց իրավաբանորեն ստորադաս կարգավիճակի»։
Բյուրոն բացատրել է, որ AfD-ն չի համարում արմատներով մուսուլմանական երկրներից անձանց Գերմանիայի լիարժեք քաղաքացիներ։
Այլընտրանքային քաղաքական գործիչները սատարում են գերմանական հասարակությունում ներգաղթյալների համամասնության նվազեցումը՝ դա անվանելով «ռեմիգրացիա»։ Ընդդիմադիրները նրանց մեղադրում են տեղահանությունների կոչ անելու մեջ, սակայն նրանք հերքում են մեղադրանքները։
Այս տարվա փետրվարին Բունդեսթագի վերջին ընտրություններում “Գերմանիայի համար այլընտրանք» (AfD) կուսակցությունը երկրորդ տեղը գրավեց CDU/CSU դաշինքից հետո, իսկ այժմ, որոշ (բայց ոչ բոլոր) հարցումների համաձայն, այն ընտրողների շրջանում ժողովրդականությամբ կիսում է առաջին տեղը կամ նույնիսկ գերազանցում է այն։
AfD համանախագահներ Ալիս Վայդելը և Տինո Կրուպալլան հայտարարել են, որ Սահմանադրության պաշտպանության բյուրոյի որոշումը քաղաքական դրդապատճառներ ունի և լուրջ հարված է Գերմանիայում ժողովրդավարությանը։
Մամուլը ենթադրում է, որ կուսակցությունը կփորձի բողոքարկել որոշումը դատարանում։