Երվանդ Աբրահամյանը Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղի տարեց բնակիչներից է։ 2020 թվականի աշնանը 87 տարեկան հասակում նա իր կնոջ՝ Նինայի հետ ստիպված էր լքել հայրենի գյուղը, որովհետև ռուս-թուրք-ադրբեջանական տանդեմը ավերիչ և արյունալի պատերազմ է սանձազերձել Արցախի Հանրապետության դեմ, ինչի հետևանքով ամբողջ Հադրութի շրջանը օկուպացվել է վայրագների կողմից։
Վերհիշելով իր կյանքը՝ Երվանդ Աբրահամյանը պատմում է, թե ինչպես է 1940 թվականին, երբ ինքը 7 տարեկան էր, հայրը հարևան Տող գյուղում գործող ֆաբրիկայից գրքեր էր տվել իրեն, որ տանի դպրոց և բաժանի համադասարանցիներին։ Դա խորհրդային լիկկայաններից՝ «լիկբեզ» -ից /»լիկբեզ»ները ստեղծվել են բանվորներին գրել-կարդալ սովորեցնելու համար/ մնացած Այբուբեններն էին, որոնցով մեծահասակ ուսուցչուհին սովորեցնում էր երեխաներին հայոց տառերը։
Պարոն Երվանդը հիշում է Թևան Ստեփանյանին, որը գլխավորում էր Դիզակի ազատագրական շարժումը և պայքարում էր բոլշևիկների դեմ։ Մասնագիտությամբ գյուղատնտեսը մեծ սեր ուներ դեպի գրականությունը։ Ժամանակին Աբրահամյանը 2 գիրք է գրել հարազատ Մեծ Թաղեր գյուղի մասին։Գյուղում նրան ճանաչում էին նախ որպես «ժողովրդական բժշկության» մասնագետ։
Հիմա պատկառելի տարիքի ամուսիններն ապրում են Մասիս քաղաքում, որտեղ երեխաների օգնությամբ բնակվում են վարձակալած բնակարանում։ «Հիմա ես երազում եմ, համոզված եմ, որ Աստված մեզ օգնելու է, և մենք հայրենի գյուղն ենք գնալու, մեր հայրենիքը մեզ է վիճակված, դա դարերի պատմություն ա, թուրքն ո՞վ ա, որ եկել է մեր հայրենիքին տեր դարձել, թուրքը ի՞նչ կյանք ունի, ի՞նչ է անում։ Էսօր ո՞վ կարող է էդ իրավունքը տալ թուրքին, որ եկել է իմ տանս տերություն է անում, ամբողջ ունեցվածքս։ Ես կյանքում թուրքից մի սանտիմետր բան չեմ վերցրել, թուրքը ի՞նչ իրավունք ունի, թուրքը բռնակալ է, Ալիևը բռնակալ է։ Այս աշխարհում պետք է օրենք սահմանվի, որ բռնակալական կարգեր չլինի, որ բոլոր բռնակալները դատապարտվեն, Ալիևն ու Էրդողանը պետք է պատժվեն։ Ես դիմել եմ աշխարհի առաջավոր երկրներին և խնդրել դա անել, քանի որ առ այսօր աշխարհում արդարադատություն չկա»։
Սրանք Երվանդ Աբրահամյանի խոսքերն են, որոնք նա ասաց մեզ հետ հրաժեշտի պահին։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: