Արցախից բռնի տեղահանված Անի Հարությունյանը Վայոց ձորի մարզի Վերնաշեն գյուղի մանկապարտեզի տնօրեն է աշխատում։
Ծնունդով Արցախի Ասկերանի շրջանի Շոշ համայնքից է, 2020 թ․ 44-օրյա պատերազմի հետեւանքով Անիի ընտանիքը բռնի տեղահանվել է Շուշի քաղաքից, իսկ 2023 թվականի սեպտեմբերին՝ Ստեփանակերտից։ Երկու անգամ բռնի տեղահանվելուց հետո այսօր Անին ընտանիքի հետ բնակվում է Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում։ Ասում է՝ այստեղ են տեղափոխվել, քանի որ բարեկամ են ունեցել, հետո արդեն հասկացել են՝ Վայոց ձորում մարդիկ հյուրընկալ են ու սրտացավ, նրանց հետ ապրելը պարզապես լավ է։
Անին մասնագիտությամբ մանկավարժ է, Շուշիում մանկապարտեզի փոխտնօրեն է աշխատել։ Աշխատանքի փնտրտուքը նրան բերել հասցրել է Վերնաշենի մանկապարտեզ։ «Մեթոդիստի թափուր հաստիք կար, այս մանկապարտեզում մեթոդիստ էի աշխատում 2023 թվականին, հետո դարձա տնօրեն»,- ասում է նա։
Ինչպես Հայաստանի տարբեր բնակավայրերում տեղակայված արցախցիները, Վայոց ձորի մարզում նույնպես արցախցիները բազմաթիվ չլուծված խնդիրներ ունեն։ Ամենալուրջը զբաղվածության ու բնակարանային խնդիրներն են։
ՀՀ կառավարության բնակապահովման ծրագրից Անի Հարությունյանի ընտանիքը չի օգտվել։ Մեր հարցին, թե ինչո՞ւ, պատասխանում է, որ այս ծրագիրը վերանայման կարիք ունի։ «Մեր ընտանիքի կազմը փոքր է՝ 4 հոգի ենք։ Եվ այդ ծրագրի շրջանակներում ինչքան գումար մեզ հասնում է, բավարար չէ այստեղ բնակարան ձեռք բերելու համար։ Յուրաքանչյուրիս 3 մլն դրամ է հասնում Եղեգնաձոր համայնքում, 4 շնչին՝ 12 մլն դրամ։ Եթե Եղեգնաձորում հետաքրքրվեք, կտեսնեք, որ շուկայական գներն ահագին փոփոխվել են, այդ գնով բնակարան չենք կարողանա գտնել»,- ասում է Անին։
Սահմանամերձ բնակավայրերում բնակարան ձեռք բերելու համար յուրաքանչյուր անձի 5 մլն դրամ են հատկացնում բնակապահովման ծրագրի շրջանակներում։ Անին ասում է՝ չեն խուսափում սահմանամերձ բնակավայրերում ապրել, սակայն աշխատանքի հարց կա այդ համայնքներում։ «Մենք այնպիսի տարածաշրջանում ենք ապրել, որ հենց ինքը եղել է սահման։ Նույնն էլ հիմա է, այսօր ամբողջ ՀՀ-ն սահմանամերձ է։ Պարզապես սահմանամերձ բնակավայրերում աշխատանքի հարց կա, չես կարող այնպիսի աշխատանք գտնել, որ պահես ընտանիքդ»,- նշում է նա։
Անի Հարությունյանի ամուսինն էլ դպրոցում է աշխատում, բայց ասում է՝ բակն իրենց վարկ չի տրամադրի, որպեսզի իրենց ցանկացած բնակարանը ձեռք բերեն։
Անի Հարությունյանը նշում է, որ ՀՀ քաղաքացիություն չի ստացել, քանի որ իրեն համարում է ՀՀ քաղաքացի․ «Մենք բոլորս էլ ՀՀ քաղաքացի ենք, նույն անձնագրերն են, ուղղակի մերը 070 կոդով է։ Մեր անձնագրերում գրված է ՀՀ քաղաքացի։ Այնպես չէ, որ մենք հրաժարվում ենք ՀՀ քաղաքացիությունից, ինձ համար դա զուտ թղթաբանական հարց է»։
Անդրադառնալով արցախցիներին տրվող 40 հազարական դրամ աջակցության ծրագրին, որը եւս երկու ամսով երկարաձգվեց, նա ասաց. «Այս ծրագիրն արդյունավետ է նրանով, որ բնակարանի վարձ ենք տալիս, կոմունալներն ենք վճարում։ Այնպես չէ, որ մենք եկած օրվանից պարապ նստած ենք, հենց երկրորդ ու երրորդ ամսից աշխատում ենք, բայց մեր աշխատանքով միայն կենցաղային հարցերն ենք լուծում։ Իսկ եթե բնակվարձի գումարը չլինի, մեր աշխատածը հազիվ կհերիքի բնակվարձին ու կոմունալներին։ Այս ծրագրի կրճատման հետեւանքով արցախցիների մի մասը լուրջ խնդրի առաջ են կանգնելու, բայց 40 հազար դրամն էլ հարցի լուծում չէ։ Ավելի լավ է վերանայեն բնակապահովման ծրագիրը, այնպիսի ֆորմատ մշակեն, որ արցախցիների հիմնական մասը կարողանա օգտվել ծրագրից։ Մարդիկ, եթե տուն ունենան, կսկսեն աշխատել, ոչ թե կնստեն ու 40+10 հազարներին կսպասեն։ Առաջնահերթը բնակարանի հարցի լուծումն է, այս 40 հազար դրամները, եթե անգամ տարիներով էլ տան, դրանով ոչ կկարողանանք բնակարանի հարց լուծել, ոչ էլ մեր վիճակը բարելավել։ Դրանով զուտ բնակվարձի ու կոմունալի հարց ենք լուծում»,- հավելեց նա։
Անին ասում է՝ ապրում են Արցախ վերադարձի հույսով, այդ հույսը միշտ էլ տեսնում են, մեծ հավատով սպասում են, եւ առաջին իսկ հնարավորության դեպքում կվերադառնան։ «Բայց միայն ու միայն անվտանգ Արցախ կվերադառնանք։ Չեմ կարող ասել, թե ինչպես պետք է ապահովվի այդ անվտանգությունը, բայց կարեւոր է, որ ինչ-որ երաշխիքի լինի, որ կարողանանք հանգիստ ու ապահով ապրել ու մեր երեխաներին պահել»,- նշում է նա։