Իշխանություններին չի կարելի պահանջներ ներկայացնել, կամ`  ինչու Ստեփանակերտը հացի կտրոնների չի անցնում

  • 10:44 27.08.2023

Մի քանի օր առաջ Ստեփանակերտի բնակիչ, բլոգեր Դավիթ Մինասյանը գնացել էր Ստեփանակերտի կենտրոնական հրապարակ՝ հանրահավաք կազմակերպելու։ Նա իր շուրջը հավաքել է մի քանի տասնյակ մարդկանց, սակայն ոստիկանները բերման են ենթարկել նրան, և չնայած հավաքված քաղաքացիները փորձել են նրան խլել ՆԳՆ աշխատակիցներից, այնուամենայնիվ, տարել են։

Մեկ օր անց Մինասյանը եթեր դուրս եկավ և ասաց, որ ոստիկաններն իրեն ինչ-ինչ պատճառներով տարել են Ասկերանի բաժին, այլ ոչ թե Ստեփանակերտի։ Որ նա ենթարկվել է բռնության և ծեծի։ Նա մարմնի վրա ծեծի հետքեր է հրապարակել։

Բլոգերը հայտնի է իշխանությունների աշխատանքի քննադատությամբ և ունի իր, արցախյան չափանիշներով, պատկառելի լսարանը։

Օգոստոսի 26-ին Մինասյանը երկրորդ հանրահավաքը նախաձեռնեց հրապարակում, և կրկին, չնայած հավաքվածների բողոքին, նրան բերման ենթարկեցին ոստիկանները։ Հանրահավաքից առաջ բլոգերը Ֆեյսբուքի միջոցով դիմել է բնակչությանը՝ «դուրս եկեք, անհնար է, առանց հացի ու ջրի մի նստեք»։ Ժամը 21:00-ին մոտ Մինասյանն իր էջում գրել է, որ «ազատ եմ, քիչ հետո եթեր դուրս կգամ».

Ականատեսները կարծում են, որ Մինասյանն ավելի լուրջ վտանգ է ներկայացնում իշխանությունների համար, քան բոլոր նրանք, ովքեր նախկինում բողոքի ակցիաներ էին կազմակերպել։

«Մեր ղեկավարությունը որպես հիմնական թիրախ տեսնում է Դավիթ Մինասյանին։ Արդեն երկրորդ անգամն է, որ սոված տղան համաքաղաքացիներին հրավիրում է հրապարակ՝ դժգոհություն հայտնելու, և երկու անգամ էլ ոստիկանները նրան տանում են՝ մինչ տեղ հասնելը։ Հարց է առաջանում՝ ինչո՞ւ եք բերման ենթարկում Դավիթ Մինասյանին, իսկ մնացած հանրահավաքի մասնակիցներին՝ ոչ։ Այսպիսով, պարզ է դառնում, որ իշխանությունը որպես հիմնական սպառնալիք տեսնում է սոված մարդկանց։ Հանգիստ թողեք տղային, նա ուղղակի ՍՈՎԱԾ է ու բողոքում է»,- գրել է սոցցանցերի օգտատեր Ա. Ավանեսյանը։

Սոցիոլոգ Դավիթ Կարաբեկյանը գրել է. «Միակ անձը, ով ուղիղ հարց է ուղղել համակարգին, դա Դավիթ Մինասյանն է՝ շարքային սալիկագործ և բլոգեր, ով իշխանություններին կոչ է արել կատարել իրենց անմիջական պարտականությունները։ Իշխանությունները (համակարգը) հասկացան և կայծակնային արագությամբ արձագանքեցին իրենց շահերին սպառնացող վտանգին։ Ա՜խ, եթե ժողովուրդը նույնպես կոշտ արձագանքեր իր շահերին սպառնացող վտանգներին ու պաշտպաներ դրանք միասնական ու վճռական»։

Եզրակացությունն ինքն իրեն հուշում է. հրապարակում կարելի է պահանջներ ներկայացնել միջազգային հանրությանը, Ադրբեջանին, բայց ոչ մի դեպքում չի կարելի սեփական իշխանություններից պահանջել իրենց պարտավորությունների կատարումը։

Եվ ևս մեկ բան. Ստեփանակերտի իշխանությունները համառորեն հրաժարվում են կիրառել Մարտունու և Մարտակերտի շրջանների փորձը, որտեղ արդեն մի քանի օր է, ինչ ներդրվել է հացի կտրոնային համակարգը։

Անհասկանալի է, թե ինչու, չնայած մարդիկ արդեն պահանջում են՝ սոցցանցում ստատուսներ են գրում, այդ մասին խոսում են զրույցներում կամ հերթերում։ Հացի կտրոնների ներմուծումը կենսական նշանակություն ունի. մարդիկ հոգնել են հերթեր կանգնելուց: Իսկ հերթերն ավելանում են, քանի որ մարդկանց ալյուրի պաշարները վերջանում են, տանը հաց թխելու ալյուր չկա։ Իսկ այլ ուտելիքի բացակայությունը մեծացրեց հացի պահանջարկը։

Հերթերն ավելանում են ոչ միայն քանակով  և երկարությամբ, այլև ժամանակով՝ մարդիկ կանգնում են ոչ թե ժամերով, այլ օրերով՝ երկու հաց գնելու համար․ ինչ-որ չգրված որոշմամբ բոլոր հացի փռերում մեկ մարդուն տալիս են  ոչ ավելի, քան երկու հաց։ Հացի հերթերը ամրագրվում են հաց թխել   սկսելուց մի քանի ժամ առաջ: Եվ դա կախված է նրանից, թե արդյոք ստացվում է ալյուր: Ցուցակները տեղ-տեղ հասնում են մի քանի հազար մարդու։

Ասում են՝ Ստեփանակերտի հացի փռերից մեկում դժգոհություններ են տեղի ունեցել. Մարդիկ վրդովված՝ պատրաստվում էին գնալ  և  իշխանություններից ու խաղաղապահներից պատասխան պահանջել, թե ո՞ւր է խոստացված արժանապատիվ կյանքը։ Ասում են՝ հերթում ինչ-որ հեղինակություն է համոզել մարդկանց հետ կանգնել։

Երեկ երեկոյան սոցցանցերում գրել էին, որ հացի մեծ հերթում կանգնած մադիկ որոշել են այլևս չսպասել, շրջվել է ու շարժվել դեպի կառավարության շենք։ Մարդիկ պահանջում էին կտրոնների ներդրում, իսկ իշխանության մեջ ոչ ոք չի ցանկանում բացատրել, թե ինչու է կառավարությունը հրաժարվում է դրանից։ Բայց դատելով գրառումներից՝  նախաձեռնությունը չկայացավ։

Մինչդեռ Ստեփանակերտի վարչակազմում  նյութեր են նախապատրաստվում բլոգեր Դավիթ Մինասյանի և նրա կողմնակիցների դեմ, որ նրանք խախտել են օրենքը, կազմակերպել և ռազմական դրության պայմաններում հանրահավաք են անցկացրել։

Ալվարդ Գրիգորյան

f