Ծնողները, դժվարությամբ հայթայթելով ցամաք հացը, երեխաների հետ օրվա հաց էին ուղարկում, միայն թե նրանք չկտրվեն մանկապարտեզից

  • 13:29 12.05.2025

Անահիտ Դանիելյանը մինչև Արցախի տեղահանումը ԱՀԱԸ Ասկերանի գրասենյակի պատասխանատուն, մանկապարտեզի տնօրենն ու <<Շող>> համայնքահեն ցերեկային կենտրոնի համակարգողն էր։ Երեք պաշտոնները համատեղել ու տարիներ շարունակ սիրով ու պատասխանատվությամբ է աշխատել՝ կամավոր ծառայելով իրեն հարազատ դարձած Ասկերանի հասարակությանը։

Մարտունու շրջանի Ննգի գյուղում է ծնվել ու մեծացել։ Միջնակարգն ու բարձրագույն ուսումն ավարտել է գերազանցությամբ։

Անցնելով Արցախյան 4 պատերազմների միջով՝ երբևէ չի մտածել, որ արցախահայությունն ստիպված կլինի թողնել ամեն ինչ ու բռնել տեղահանության ծանր ճանապարհը:

Անահիտն իր ողջ կյանքն անց է կացրել երեխաների հետ ու հանուն նրանց

-1999 թվականին, ստանալով բարձրագույն կրթություն, աշխատանքի եմ անցնել Ստեփանակերտի ԱՀԱԸ գրասենյակում՝ որպես նկարչության խմբի խմբավար և կիրակնօրյա խմբի առաջնորդ։ 2000 թվականին նշանակվել եմ ԱՀԱԸ Ասկերանի գրասենյակի պատասխանատուի պաշտոնում և ընտանիքով տեղափոխվել Ասկերան։ Իրականացրել եմ Ասկերան քաղաքի և շրջանի համայնքների սոցիալապես անապահով, 90-ականների զոհվածների ընտանիքների հովանավորչական, բարեգործական, մանկական կերի բաժանման, կրթադաստիարակչական ու հոգևոր ծրագրեր։

2002-2003 թվականներին ստանձնել եմ նույն գրասենյակի հովանավորության ներքո գործող Եփրեմ ու Զաբել Բասմաջյանների անվան Ասկերանի մանկապարտեզի տնօրենի պաշտոնը։ 800-ից ավելի երեխաներ են հաճախել մանկապարտեզ ու գնացել դպրոց։

2016 թվականին հեռավար սովորելով ու ավարտելով ԵՊՀ-ի Սոցոլոգիայի ֆակուլտետը՝ Սոցիալական աշխատողի մասնագիտություն եմ ստացել ու ստանձնել ԱՀԱԸ Ասկերանի գրասենյակի <<Շող>> համայնքահեն ցերեկային կենտրոնի համակարգողի պաշտոնը։ Կենտրոն էին հաճախում անապահով ընտանիքների թվով 35-40 դպրոցահասակ երեխաներ։ Դասերից հետո նրանք կենտրոն էին գալիս, սնվում, այնուհետև մեր մասնագիտական թիմի ջանքերի շնորհիվ կազմակերպվում էր նրանց առօրյան։

Զբաղվում էինք երեխաների սոցիալ-հոգեբանական, կրթական, առողջական և այլ խնդիրներով։ Համագործակցում էինք տարբեր կառույցների հետ և իրականացնում բարեգործական մի շարք ծրագրեր՝ ուշադրության կենտրոնում պահելով դժվար իրավիճակներում գտնվող ընտանիքների։ Ունեցել եմ հիանալի գործընկերներ, թիմակիցներ, ընկերներ, և ինչպես իրենք էին ասում՝ քույրաբար էի վերաբերվում բոլորին։ Արժանացել եմ Ասկերանի շրջվարչակազմի ղեկավարության և շրջվարչակազմի աշխատակազմի ԿՍ բաժնի կողմից մի շարք պատվոգրերի ու շնորհակալագրերի, ինչը բազմապատկել է իմ եռանդն ու պատասխանատվությունը։

 

Գրասենյակի, մանկապարտեզի ու Շող կենտրոնի աշխատանքները չէին դադարում անգամ շրջափակման ժամանակ

 -Հավատարիմ մնալով գրասենյակի առաքելությանը, սկզբունքներին ու նպատակներին՝ մինչև վերջ մնացել եմ հայրենի հողի փրկության պայքարում։ Շրջափակման ժամանակ, չնայած շատ ծանր իրավիճակ էր արդեն, մենք աշխատում էինք ու շարունակում օգնել խոցելի ընտանիքներին։ Փոքրիկները սիրով էին գալիս մանկապարտեզ։ Մենք շարունակում էինք գեղեցիկ միջոցառումներ կազմակերպել, երեխաների օրը ուրախությամբ լցնել։ Ծնողները, դժվարությամբ հայթայթելով ցամաք հացը, երեխաների հետ օրվա հաց էին ուղարկում, միայն թե նրանք չկտրվեն մանկապարտեզից, որտեղ իրենց շատ լավ էին զգում։

Կիսվող մի կտոր հացի հետ մենք վայելում էինք ջերմությամբ ու սիրով լցված մեր օրերը։ Ամեն ինչ մնաց հետևում: Պատերազմը մեզանից խլեց լուսավոր տղաների։ Նրանցից շատերը մանկապարտեզի սաներից էին։ Այսօրվա պես հիշում եմ այդ մանկական հայացքները, որոնք դաջված մնացին իմ հոգու խորքում՝ Եղյան Արսեն, Առստամյան Արսեն, Արամյան Անդրեյ, Սարգսյան Արայիկ, Հայրիյան Սուրեն, Մովսեսյան Արեն, Պետրոսյան Դավիթ․․․

Շրջափակման ժամանակ հետզհետե դժվարանում էին օրերը։ Փողոցներում տեսնում էինք վշտացած դեմքեր, փոքրերի լաց, որոնք այդպես էլ մայրիկներից կոնֆետներ ու պաղպաղակ չստացան:

2020-ի պատերազմից հետո ընտանիքով տեղափոխվել ու Ստեփանակերտում էինք ապրում։ Ստեփանակերտից մինչև Ասկերան 18 կմ էր։ Վառելիքի պակաս կար Արցախում։ Ճանապարհի կեսը ոտքով, կեսը պատահական ավտոմեքենաներով մի կերպ հասնում էի աշխատանքի ու մտածում, թե ինչպես պետք է տուն վերադառնամ, որտեղ ինձ սպասում են 3 անչափահաս երեխաներս: Ու այդպես ամիսներ շարունակ:

Սարսափով է հիշում մեկօրյա պատերազմն իր հետևանքներով

-2023-ի սեպտեմբերի 19-ը ճակատագրական եղավ ամբողջ հայության համար։ 9-ամսյա շրջափակումը, էլեկտրական հովհարային անջատումները և դրանից բխած այլ դժվարին իրավիճակներին հաջորդեց սարսափելի պատերազմը և իր դաժան հետքը թողեց: Սիրտս մղկտում է ցավից, երբ հիշում եմ տեղահանման մասին։ Բոլոր արցախցիների նման մենք նույնպես վառելիքի խնդիր ունեինք։ Սեպտեմբերի 25-ի արհավիրքին անդրադառնալն ինձ համար չափազանց ծանր է։ Փառք Աստծո, ամուսինս, 15-ամյա տղաս ու երկու հարազատ եղբայրներս հրաշքով ողջ մնացին: Երանի բոլորն էլ ողջ մնային։

Սակայն հորեղբորս տղան՝ Արթուրը, մահից փրկվել չկարողացավ։ Նրան գտանք որոշ ժամանակ հետո։ Եղբայրս զինվորական էր՝ օրինակելի, համեստ ու իր կոչմանն անմնացորդ նվիրված։ Սեպտեմբերի 19-ին կորցրել եմ նաև մյուս հորաքրոջս տղային։ Նրա անունը նույնպես Արթուր էր։  Հարազատներին կարոտ զոհվեց, որովհետև ընտանիքը Գորիսում էր, ու շրջափակման պատճառով այդպես էլ չտեսան իրար:

Երբ տղաս՝ Արթուրը, ով սովորում էր 5-րդ դասարանում, լսեց քեռիների մահվան մասին, շատ վշտացավ ու արցունքերի միջից ասաց՝ մա՜մ, լավ տղաներն ինչո՞ւ երկար չեն ապրում։ Պատերազմից օր առաջ էին հանդիպել երեք Արթուրները: Դե՛ արի ու մի՛ խենթացի: Նման հարցեր շատ կծագեն մեր երեխաների մոտ, ափսո՜ս, որ մեծերը պատասխաններ չեն ունենա:

Անահիտի 25 տարվա ծառայությունն ապարդյուն չի անցել

-Տեղահանությունից հետո, ինչպես բոլոր իմ հայրենակիցները, ընտանիքս ևս հայտնվել էր դժվար կացության մեջ։ Ծանր ու անորոշ օրեր էին։ Սակայն Աստված երբեք իր զավակին չի լքում։ ԱՀԱԸ Երևանի մեր գրասենյակը օգնության ձեռք մեկնեց ոչ միայն իր արցախցի աշխատակիցներին, այլ նաև Արցախում գործող ծրագրերի շահառուներից շատերին։

Ներկա դրությամբ աշխատում եմ նույն գրասենյակի հովանավորությամբ <<Հայ կրթություն>> կրթական հիմնադրամի նախակրթարանում՝ որպես մեթոդիստ։

Իմ աշխատանքը կրկին փոքրիկների հետ է։ Նրանց հայացքներում ես փնտրում եմ իմ սաներին․ գուցե այդպես կարողանամ իմ մեջ խեղդել կարոտը, լռեցնել հոգուս ցավը։ Բոլորս սովորել ենք ապրել կարոտով ու հիշողություններով, սակայն երբեք չենք կարող համակերպվել իրականության հետ։

Երախտապարտ եմ կրթահամալիրի հոգեպես մեծահոգի, սրտացավ տնօրեն տիկին Մելանյա Գեղամյանին, գրասենյակի ներկայացուցիչ պարոն Արեն Դեյիրմենջյանին՝ Արցախի ժողովրդի հանդեպ ցուցաբերած աջակցության, մարդկային վեհ հատկանիշների ու ջերմ վերաբերմունքի համար։

Ազատ ժամերիս ստեղծագործում եմ, ինչի միջոցով կարոտս եմ փարատում, ապրում հիշողություններով։ Նկարելն իմ տարերքն էր միշտ, և նկարելու պահին ես կտրվում եմ ամեն ինչից, սկսում երազել ու պատկերացնել։ Ինչու չէ, պատրաստվում եմ նաև պատվերներ ընդունել ու վաճառքի հանել իմ ձեռքի աշխատանքները։

Արցախահայությանը և ոչ միայն, կոչ եմ անում՝ որպես հայ հավատարիմ մնալ իր սկզբունքների առաքելությանը։ Որտեղ էլ լինենք, ուր էլ գնանք՝ չմոռանանք, որ հայ ենք ծնվել ու պարտավոր ենք միասնական ու միաբան լինել։ Երբեք չհանձնվենք, ունենանք կամքի ուժ, իմաստնություն, միմյանց հանդեպ լինենք անկեղծ, սիրալիր ու հոգատար։ Միայն այդպես կարող ենք աշխարհը փոխել:

Հրաշքներ միշտ էլ լինում են, միայն թե բոլորս օժտված լինենք հոգու բարի պտուղներով։ Հույս, հավատ ու սեր եմ մաղթում իմ ժողովրդին, իսկ աշխարհով մեկ ցրված իմ սաներին ու գործընկերներիս ցանկանում եմ միայն հաջողություններ․․․

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ