Ժնևում տեղի ունեցած ինտենսիվ բանակցություններից հետո ԱՄՆ-ն և Չինաստանը հայտարարեցին իրենց առևտրային դիմակայության ժամանակավոր դադարեցման մասին։ Սպիտակ տան կայքում հրապարակված համատեղ հայտարարության համաձայն՝ կողմերը 90 օրվա ընթացքում պարտավորվել են նվազեցնել մաքսատուրքերը և սկսել երկխոսություն։
Ըստ Համաձայնագրի՝ Միացյալ Նահանգները ժամանակավորապես կնվազեցնի չինական ապրանքների մաքսատուրքերը 145%-ից մինչև 30%, իսկ Պեկինը ժամանակավորապես կնվազեցնի ամերիկյան ներմուծման մաքսատուրքերը 125%-ից մինչև 10%։
ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթի խոսքով՝ երկու կողմերի համար էլ մաքսատուրքերի կրճատումը կկազմի 115%։
Մաքսատուրքերի կրճատմանը հասնելուց հետո հաջորդ քայլը կլինի առևտրատնտեսական հարցերի կանոնավոր քննարկման երկկողմ հարթակի ձևավորումը։ Չինաստանը բանակցություններում կներկայացնի փոխվարչապետ Հե Լիֆենգը, իսկ Միացյալ Նահանգները՝ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը և առևտրի ներկայացուցիչ Ջեյմիսոն Գրիրը։
Ակնկալվում է, որ այս հարթակի հանդիպումները կանցկացվեն հերթագայությամբ Չինաստանում, Միացյալ Նահանգներում կամ, կողմերի համաձայնությամբ, չեզոք տարածքում։ Հիմնական նպատակն է մշակել առևտրային վեճերի լուծման և տնտեսական համագործակցության ամրապնդման կայուն մեխանիզմներ։
Հարաբերությունների ջերմացման մասին լուրը դրական ազդեցություն ունեցավ համաշխարհային շուկաների վրա։ S&P 500, Nasdaq 100 և Dow ինդեքսների ֆյուչերսները համապատասխանաբար աճել են 2.8%-ով, 3.6%-ով և 2.3%-ով։ Կողմերը հույս ունեն, որ 90 օրվա ընթացքում կկարողանան գտնել երկարաժամկետ լուծումներ՝ առևտրային հարաբերությունների հետագա վատթարացումից խուսափելու համար։