Արցախը փլվելուց հետո Հայաստանի պատը ճաք է տվել․ երկու հայկական իրականություն

  • 14:28 13.05.2025

Արցախցիները կհիշեն շրջափակման ժամանակ Արայիկ Հարությունյանի եւ Ռուբեն Վարդանյանի միջեւ քաղաքական պայքարն իշխանության համար: Հասարակությունը բաժանվել էր արայիկակաների եւ ռուբենականների, Ֆեյսբուքում թեժ դեբատներ էին ընթանում, մեղադրում միմյանց: Այն ժամանակ արդեն խոզի կորմն էին մաղում` ալյուր ստանալու համար, փռերն արդեն չէին աշխատում: Ամեն ինչ աչքի առաջ փլվում էր, եւ թվում էր, թե “ընտրությունների” ժամանակը չէ:

Այդ օրերին Ռուբեն Վարդանյանն արցախցի լրագրողներին թեյախմության էր հրավիրել Բակո Սահակյանի “Ռոսիյա” ռեստորան, որը Վարդանյանի գրասենյակն էր դարձել, եւ բողոքել Արայիկ Հարությունյանից: “Ցուցակներում տոննաներով պարենային ապրանքներ կան, բայց պահեստերում միայն խոնավության հոտ է, ուրիշ ոչինչ”, ասում էր Վարդանյանը:

Ինչեւէ, արդյունքում նրանք երկուսն էլ Բաքվի բանտում հայտնվեցին, իսկ արցախցիները` Հայաստանի վարձով տներում:

Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները շատ են հիշեցնում, նմանվում այն օրերին Արցախի իրավիճակին: Թվում է, թե Հայաստանը նույն “ռելսերի” վրա է, ինչ Արցախն էր, և գնացքը գնում է: Ցանկացած արցախցի եթե լինի Սյունիքի Խնածախ գյուղում, հաստատ Թաղավարդը կհիշի 2020թ. պատերազմից հետո, երբ ադրբեջանցիներն արդեն գյուղացիների այգիներում էին խրամատ փորել ու դրոշ տնկել: Խնածախցիներն էլ, ովքեր եղել են Արցախում, նույնն են պնդում:

Հայաստանում եզակի փորձագետներ են խոսում անվտանգային հարցերի, հասունացող վտանգների մասին, ահազանգում նախանշանների մասին: Բայց ամենաճիշտ գնահատականները հենց սահմանամերձ գյուղերի բնակիչներն են տալիս, ովքեր ի տարբերություն Արարատ Միրզոյանի լավ լուրերի չեն սպասում. “ի՞նչ խաղաղության պայմանագիր, երբ ամեն գիշեր կրակահերթերի տակ ենք անցկացնում”, ասում են նրանք:

Սահմանամերձ գյուղերի կյանքը, Հայաստանի շուրջ զարգացումները մի իրակություն է, մեկ այլ իրականություն՝ ներքաղաքական կյանքը, պառլամենտական վակխանալիան: Ապշեցուցիչ է նաև իշխանականների կոչը՝ սահմանային կրակոցների դեպքում «սադրանքի չտրվել», այսինքն՝ ոչինչ չձեռնարկել։

Իսկ Ադրբեջանը Ստեփանակերտը “ռեմոնտ անելուն” զուգահեռ ամեն օր հայտարարում է, որ պատրաստվում անել Հայաստանի հետ նույնը, ինչ եղավ Արցախի դեպքում:

Հայաստանի Ազգային ժողովում այդ մասին չեն խոսում՝ ավելի անշառ է Հոկտեմբերի 27-ը պեղել, Քոչարյանի “միլիարդները” բյուջե «վերադարձնել», նախին ու ներկա ծեծկռտուքները հիշել, ստորացնել, ծաղրել, վիրավորել են, միմյանց կանանց թիրախավորել…

Ժամանակակից աշխարհում, երբ սարերն իրար կապող ենթակառուցվածքներ են ստեղծում, ավազի վրա մեգապոլիսներ կառուցում, Հայաստանում Իրանից նվեր ստացած երկաթե կամրջակով են ուրախանում, որտեղ անձամբ երկրի վարչապետն է այցելում, դրոններով նկարում են` Հանրայինով եթեր տալիս, նույն եթերում Արծրուն Հովհանիսյանն ափսոսում է նացիստական Գերմանիայի տարիներին պատմական Հայաստան ստեղծելու շանսը բաց թողնելու համար:

Ընդիմությունն ու իշխանությունը միմյանց մեղադրում են արցախցիների թեման մանիպուլացնելու մեջ, ձեռի հետ երկուսն էլ «ճանաչելով» Արցախի կորուստը (դրանով իրարից չեն տարբերվում) և չցանկանալով տեսնել, որ այս երկրում 150 հազար մարդու չլուծված խնդիր կա, դա էլ հեչ՝ Արցախը փլվելուց հետո Հայաստանի պատը ճաք է տվել:

Մարութ Վանյան

Ծաղրանկարները` Ալվարդ Գրիգորյանի