Արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը, մեկուկես տարուց ավելի անց, հրապարակեց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հրամանագիրը՝ «Արցախի Հանրապետության լուծարման մասին» 2023 թվականի սեպտեմբերի 26-ի հրամանագիրը չեղյալ համարելու մասին։ Ինչո՞ւ որոշվեց Շահրամանյանի երկրորդ հրամանագիրը հրապարակել հենց հիմա։
Ինչպես հայտնի է, մայիսի 21-ին ավարտվում են Արցախի Հանրապետության խորհրդարանի և նախագահի լիազորությունները։ Վերջերս խորհրդարանը փոփոխություններ կատարեց Արցախի Սահմանադրությունում, որը թույլ է տալիս երկարաձգել գործող խորհրդարանի լիազորությունները մինչև նոր ընտրությունների անցկացումը։ Ինչ վերաբերում է նախագահին, խորհրդարանին հնարավորություն տրվեց ընտրելու նոր նախագահ առանց ընդհանուր ընտրությունների։ Բայց ամենակարևորն այն է, որ որոշում է կայացվել պահպանելու Արցախի Հանրապետության պետական ինստիտուտները։
Հայաստանի իշխանությունները չեն մեկնաբանել Արցախի Սահմանադրության փոփոխությունները և պետական ինստիտուտները պահպանելու մտադրությունը, չնայած նախկինում հայտարարել էին, որ անընդունլի է «պետության մեջ պետությունը»։ Ավելին, նույնիսկ մարտի 29-ին արցախցիների մեծ հանրահավաքը, Ազատության հրապարակում վրան-շտաբի տեղադրումը չառաջացրեց Հայաստանի կառավարության կտրուկ արձագանքը, ավելին՝ կառավարությունը հանկարծ հայտնեց իր պատրաստակամությունը որոշ ծրագրեր քննարկել արցախցիների հետ և նույնիսկ երկու ամսով երկարաձգեց արցախցիներին ֆինանսական օգնությունը։
Այդ օրերին բարձրացած ատելության ալիքից բացի, Հայաստանի կառավարության ընդհանուր վերաբերմունքը անսպասելիորեն զսպված էր և նույնիսկ որոշ առումներով խրախուսում էր Արցախի ինստիտուտների պահպանումը։
Ինչ-որ պահի տեղեկություն հայտնվեց, որ Երևանում գտնվող Արցախի ներկայացուցչության շենքը, իբր, գրավադրված է բանկում և կարող է բռնագրավվել, սակայն հետո այդ տեղեկատվությունը հերքվեց։ Ավելին, Սամվել Շահրամանյանն անձամբ այցելեց հրապարակում տեղադրված վրանը՝ առաջարկելով այն հանել և շտաբը տեղափոխել Արցախի ներկայացուցչության շենք։ Այդպես էլ արվեց, և կրկին Հայաստանի կառավարությունը չառարկեց։
Եւ այժմ հրապարակվում է փաստաթուղթ Սամվել Շահրամանյանի՝ Արցախի Հանրապետության վերացման մասին հրամանագիրը չեղյալ համարելու վերաբերյալ։ Սա նշանակում է, որ Արցախի ղեկավարության և հայկական քաղաքական դասի միջև ձևավորվել է յուրատեսակ կոնսենսուս։ Այն կապված է Արցախի պետական ինստիտուտները պահպանելու քաղաքական որոշման հետ։ Քիչ հավանական է, որ Հայաստանի կառավարությունը ընտրություններից հետո պաշտոնական կապեր հաստատի Արցախի պետական կառույցների հետ, սակայն այդ ինդտիտուտների ներկայությունը գոյաբանորեն անհրաժեշտ է Հայաստանի իշխանությունների և ընդդիմության համար։
Բաքվի պաշտոնյաները ամեն օր կրկնում են, որ ՀՀ Սահմանադրության և Անկախության հռչակագրի համաձայն՝ Արցախը Հայաստանի մաս է կազմում։ Հայաստանի կառավարությունը հակադարձում է, որ Հայաստանի Սահմանադրությունում չկա որևէ կետ, որով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի Հայաստանի և Արցախի վերամիավորման մասին որոշումը պետք է կիրառվի։ Դրա հիման վրա ՀՀ Սահմանադրական դատարանը որոշեց, որ 1989 թվականի որոշումը իրավական ուժ չունի։
Բայց նույնիսկ ոչ իրավաբանները կարող են տեսնել, որ այս փաստարկները անտեղի են։ Եվ այս իրավիճակում 1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշման չիրականացման միակ «փաստարկը»՝ Արցախի Հանրապետության գոյությունն է, թեկուզ միայն թղթի վրա։ Չէ որ 1991-ին հենց Արցախի անկախությունով կոտրեցին 1989-ի սահմանադրական որոծման ողնաշարը։
Մինչ օրս ՀՀ իշխանությունները 1989 թվականի որոշումից հրաժարվելը «հիմնավորել» են Արցախի ժողովրդի՝ անկախ պետություն ունենալու ենթադրյալ կամքով և Հայաստանին ինտեգրվելու նրանց ցանկության բացակայությամբ։ Հայաստանի իշխանությունները նախկինում և հիմա գաղտնի խրախուսում էին արցախցիների «անջատողականությունը»՝ նախկին ԼՂԻՄ-ի և Շահումյանի շրջանի տարածքի և բնակչության նկատմամբ սահմանադրական պատասխանատվությունից խուսափելու համար։ Այդ պատասխանատվությունը ավելի բարձր քաշային կարգ էր ենթադրում, քանի որ քանդում էր աշխարհակարգը։
Հիմա էլ ՀՀ իշխանությունների քաշային կարգը թույլ չի տալիս,հիմնվելով այդ սահմանադրական իրավունքի վրա, իր տեղը զբաղեցնել նոր կառուցվող աշխարհակարգում։
Ընդդիմությունը ևս աջակցում է «Արցախի անկախությանը», որպեսզի ստիպված չլինի պահանջել Հայաստանի կառավարությունից կատարել 1989 թվականի որոշումը, քանի որ դա հակասում է թե՛ կառավարության, թե՛ ընդդիմության արտաքին հովանավորների քաղաքականությանը։
Ահա թե ինչու է Սամվել Շահրամանյանը չեղարկել Արցախի «վերացման» հրամանագիրը։ Ահա թե ինչու, չնայած հանրային բացասական հռետորաբանությանը, ՀՀ կառավարությունն անում է ամեն ինչ, որպեսզի Արցախի ներկայացուցչությունը մնա Երևանում, և որ բաժանարար սպիտակ գիծը մնա Արցախի դրոշի վրա։ Ահա թե ինչու Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունը աջակցում է Արցախի պետական ինստիտուտների գոյությանը, մոռանալով “միացում” բառը։ Պետական ինստիտուտների բացակայությունը Արցախը «կվերածի» Հայաստանի օկուպացված մասի, իսկ Արցախի ժողովրդին՝ Հայաստանի Հանրապետության լիարժեք քաղաքացիների։
Նաիրա Հայրումյան