Իրանը Միացյալ Նահանգների հետ բանակցություններում առաջարկել է իր միջուկային ծրագրի կրճատման այլընտրանքային տարբերակ, և այդ առաջարկը մայիսի 11-ին Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ներկայացրել է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Վիտկոֆին, The New York Times-ին հայտնել են ծրագրին ծանոթ չորս իրանցի պաշտոնյաներ։
Թեհրանի առաջարկը նախատեսում է միջուկային կոնսորցիումի ստեղծում, որին կմասնակցեն երեք արաբական երկրներ և ամերիկյան ներդրումներ։ Համաձայնագրի շրջանակներում Իրանը կհարստացնի ուրանը մինչև 3.67%, այնուհետև այն կուղարկի այլ արաբական երկրներ՝ քաղաքացիական նպատակներով օգտագործման համար։
Թեհրանի նոր առաջարկով նախատեսված 2015 թվականի միջուկային համաձայնագրից հիմնական տարբերությունը իրանական օբյեկտներում այլ երկրների, այդ թվում՝ Միացյալ Նահանգների դիտորդների ներկայությունն է։ Ակնկալվում է նաև, որ գործարքը ուժի մեջ կլինի անժամկետ։
«Բանակցությունների կազմակերպումն ու կողմերի՝ դրանք շարունակելու պատրաստակամությունը ինքնին վկայում են, որ գործընթացը շարունակվելու է։ Որպես երկխոսության միջնորդ և համակարգող հանդես եկող Օմանի ԱԳՆ-ն, մեր և ամերիկյան կողմի հետ համագործակցելով, կհայտարարի բանակցությունների հաջորդ փուլի ժամկետների և վայրի մասին»,- այսօր հայտարարել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղաին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում ասել է, որ «ամբողջովին կողմ է Իրանին», միաժամանակ նշելով, որ երկիրը «չի դառնա միջուկային տերություն»։
«Նրանք միջուկային տերություն չեն լինի։ Թույլ տվեք պարզապես բացատրել։ Ես լիովին կողմ եմ Իրանին։ Ես ուզում եմ, որ նրանք ունենան հիանալի երկիր և շատ փող աշխատեն», – ասել է Թրամփը։
Թրամփի հայտարարությունը հնչում է Իրանի և Միացյալ Նահանգների միջև միջուկային կարևոր բանակցությունների ֆոնին։ Շաբաթավերջին տեղի ունեցած բանակցությունները նպատակ ունեին լուծել Թեհրանի միջուկային ծրագրի հարցը և վերացնել պատժամիջոցները։