Step1.am-ի զրուցակիցն է միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանը։
–Տիկին Սահակյան, տեղեկություն ունենք, որ Ադրբեջանը նախապատրաստական աշխատանքներ է սկսել իրականացնել՝ ազգայնացնելու արցախցիների սեփականություն հանդիսացող գույքը։ Սա որքանո՞վ կարող է օրինական գործընթաց լինել, որքանո՞վ են պաշտպանված արցախցիների իրավունքները։
-Նախ կարծում եմ, որ ադրբեջանական քաղաքականության համատեքստում անխուսափելի է արցախցիների գույքի ազգայնացումը։ Ադրբեջանցիները յուրացնում են հայերին պատկանող մշակույթը, ոչ միայն հոգեւոր արժեքները, այլ նաեւ գույքային արժեքները։ Եվ սա հենց այդ տրամաբանության մեջ է տեղավորվում։ Երկրորդը, Ադրբեջանին հատուկ է թուրքական գործելակերպը, իսկ Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունում Թուրքիան կարճ ժամանակ անց այդ ազգայնացման գործընթացը սկսեց եւ իրական բնիկներին պատկանող գույքերը կարճ ժամանակահատվածով դարձրեց պետական ու վերաբաշխեց հենց իր քաղաքացիների միջեւ։ Այս առնչությամբ կան հստակ ձեւավորված իրավական դիրքորոշումներ, մասնավորապես, ՄԻԵԴ-ը «Լուիզիդուն ընդդեմ Թուրքիայի» եւ «Կիպրոսն ընդդեմ Թուրքիայի» գործերով հստակ վերաբերմունք է ձեւավորել այդ ազգայնացման գործընթացի նկատմամբ՝ այն գնահատելով սեփականության իրավունքը խախտող գործելակերպ։
Կան նախանշված որոշ ստանդարտներ։ Ձեւական առումով, կարծում եմ, ադրբեջանական կառավարությունը փորձելու է իմիտացնել, որ պայմանները բավարարված են, սակայն հիմնական նպատակը, այո, հայերին պատկանող գույքերը սեփականացնելն է եւ հայերի վերադարձն անհնարին դարձնելը, ինչն էլ ավելի ցայտուն է դարձնում բռնի տեղահանության նպատակը եւ, ինչու ոչ, ավելի հեռահար ցեղասպանական գործելակերպը։ Սա մենք նաեւ համակցում ենք հայերի ինքնությունն արտացոլող մշակութային եւ այլ ժառանգության ոչնչացման այդ վարչական պրակտիկայի հետ։ Այստեղ, կարծում եմ, միակ ճանապարհը հենց սեփականության իրավունքի պատշպանությամբ զբաղվող կառույցների ներգրավմամբ այդ իրավունքի պաշտպանությունն է։
Նաեւ նշեմ, որ Ադրբեջանը փորձելու է առաջ տանել այն հարցը, որ կան գույքեր, որոնք դեռեւս խորհրդային տարիներին պատկանել են հայերին եւ գույքեր, որոնց նկատմամբ սեփականությունը ծագել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչակազմի շրջանակներում ծավալված գործողությունների արդյունքում։ Այսինքն՝ գրանցվել են հենց ԼՂ իշխանությունների կողմից, եւ արխիվային փաստաթղթեր չկան։ Ադրբեջանն ամեն կերպ փորձելու է ասել, որ այդ գույքերի սեփականատերեր գոյություն չունեն, որովհետեւ չի ճանաչում Արցախի Հանրապետությունը եւ նրա կողմից կատարված որեւէ ակտ։ Եվ այդ ազգայնացման խնդիրը դնելու է Սովետական տարիներից հաշվառված գույքերի առնչությամբ։ Նույն Թուրքիայում նրանք ձեւական առումով օրենք ընդունեցին եւ առաջարկեցին կարճ ժամանակում վերադառնալ ու օգտվել գույքից, իսկ դա չկատարելու պարագայում որոշեցին պետականացնել։ Նման ձեւական գործընթացներ, կարծում եմ, կիրագործի նաեւ Ադրբեջանը։
–Հյուսիսային Կիպրոսի դեպքում գուքի իրական սեփանակատերերին փոխհատուցում տրվե՞լ է։
-Այո, եթե դատարանն արձանագրում է սեփականության իրավունքի խախտում, դրան հաջորդում է արդարացի փոխհատուցում, բայց հիմնաքարային հարցը հասնել սեփականության իրավունքի խախտմանը, որից հետո պետք է տեղի ունենա ռեստիտուցիոն ինտեգրում, այսինքն՝ իր բնեղեն վիճակով վերադարձ։ Եվ անհնարինության պարագայում միայն քննարկման առարկա կարող ենք դարձնել գույքի արժեքի փոխհատուցումը։ Բայց փոխհատուցման գործընթացները դատական գործընթացների անխուսափելի մաս են կազմում։
–Արցախցիներն ինչպե՞ս կարող են իրենց սեփականության իրավունքը պաշտպանել, հայցե՞ր պետք է ներկայացնեն միջազգային ատյաններ, ի՞նչ պետք է անեն։
-Այո, այս ազգայնացմանն առնչվող օրենքները եւ դրանց հետեւանքով սեփականության դադարեցումների գործընթացը պետք է դառնա միջազգային իրավական վեճերի առարկա։ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանն այս առումով շատ պատշաճ ատյան է եւ ունի ձեւավորված հարուստ նախադեպ։
-Եթե Արցախի Հանրապետությունը ճանաչված չէ, խնդիրներ կարո՞ղ են առաջանալ արցախցիների հայցերի հետ կապված։
-Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունը ՄԱԿ-ի կողմից ճանաչվել է որպես միջազգային իրավունքի խախտմամբ ինքնահռչակված հանրապետություն։ Եվ Անվտանգության խորհուրդն արգելել է ՄԱԿ-ի որեւէ անդամ պետության ճանաչել Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունը որպես անկախ պետություն՝ նշելով, որ միակ լեգիտիմ պետությունն այդ տարածքում կարող է լինել հենց Կիպրոսը։ Այսինքն՝ այդ տարածքում թույլատրել է բացառապես Կիպրոսի ինքնիշխանության ճանաչումը։ Մի բան, որը տեղի չի ունեցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պարագայում։ Այստեղ Անվտանգության խորհուրդը կոլեկտիվ չճանաչման պահանջով չի դիմել ՄԱԿ-ի անդամ պետություններին՝ նկատի ունենալով, որ Արցախի ինքնահռչակումը համապատասխանել է միջազգային իրավունքին, եւ քաղաքական ճանապարհով յուրաքանչյուր պետություն իրավունք ունի ճանաչել Արցախի անկախությունը։ Եվ այդ ճանաչումը բխում է միջազգային իրավունքից, չի խախտում միջազգային իրավունքը եւ չի կարող սանկցավորվել միջազգային իրավունքով։
Այլ հարց է, որ քաղաքական-դիվանագիտական պատճառներով այլ երկրներ չեն ճանաչել։ Եվ եթե Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության պարագայում դատարանը, հաշվի առնելով, որ այնտեղ կա ոչ օրինական ռեժիմ, ամբողջ ծավալով պաշտպանել է բնակիչների գույքային իրավունքները, հասկանալի է, որ արցախահայերը միջազգային իրավունքով գտնվում են ուժեղացված պաշտպանության ներքո։ Կարծում եմ՝ այդ ստանդարտները պետք է կիրառվեն հենց արցախցիների գույքային իրավունքները պաշտպանելու համար։ Որեւէ կերպ այդ նախադեպերը չեն կարող ենթադրյալ «տուժող» ադրբեջանցիների նկատմամբ կիրառելի լինել։
-Հայցերի ներկայացման ժամկետ կա՞, այսինքն՝ արցախցիները կարո՞ղ են, օրինակ, տասնամյակներ անց ներկայացնել հայցեր։
-Երբ ազգայնացման օրենքները չեն համապատասխանում միջազգային իրավունքին, դրանք հետեւանք չեն առաջացնում, եւ սեփականության իրավունքի խախտումն ընկալվում է որպես շարունակական, քանի որ օրինական սեփականատերերը զրկված են իրենց գույքին հասանելիություն ունենալու ու այն տիրապետելու հնարավորությունից։ Ժամանակային գործոնը, կարծում եմ, որեւէ կերպ չի նվազեցնում իրավունքի պաշտպանության հրամայականը, պարզապես նկատի ունենանք, որ ՄԻԵԴ-ին դիմելը պետք է տեղի ունենա իրավունքի խախտումը տեղի ունենալու պահից 4-ամսյա ժամկետում։
Եթե խախտումները շարունակական են եւ այն պահից, երբ դիմումատուները հասկացել են, որ խնդրի քաղաքական կամ այլ լուծումներ չկա, ուստի պետք է դիմել նաեւ իրավական պաշտպանության։ Եթե որոշ արցախահայեր մտածեն, որ պետք է 20 տարի ոչինչ չձեռնարկեն, բայց 20 տարի հետո դիմեն դատական պաշտպանության, ցավոք, այստեղ վաղեմության ժամկետներ կան, եւ իրենց գանգատները կարող են անընդունելի ճանաչվել։ Ուստի, երբ բանակցային գործընթացը կցուցադրի իր սպառված լինելը եւ վերադարձի անհնարինությունը բանակցային ճանապարհով, արցախցիները պետք է արդեն դիմեն իրավական պաշտպանության միջոցների։
-Այսօր արցախցիների կողմից սեփականության իրավունքի հարցերով հայցեր ներկայցվո՞ւմ են միջազգային դատական ատյաններ։
-Այո, բազմաթիվ հայցեր կան։ Ես եւ իմ գործընկերները՝ մի շարք ՀԿ-ներ, մի քանի հարյուր գործեր ներկայացրել ենք։ Միջպետական գանգատներում եւս սեփականության իրավունքի հարցեր են դրված։ Բայց եթե միջպետական գանգատներից հրաժարում տեղի ունենա, այս դեպքում բոլոր տուժած անձինք պետք է հետեւողական լինեն անհատական հայցեր ներկայացնելու հարցում։
Ռոզա Հովհաննիսյան