Իրանը թույլ կտա՞, որ Երևանն ու Բաքուն միանան Աբրահամի համաձայնագրերին

  • 10:26 19.05.2025

Իրան-ԱՄՆ բանակցությունները, պայամանագիր ստորագրելու հնարավորությունը բազմաթիվ երկրների կողմից դիտարկվում են որպես հնարավոր կտրուկ փոփոխություն միջազգային կոնյունկտուրայի մեջ։

Օրինակ, սպասվում է, որ իրանական էներգակիրները կզբաղեցնեն ռուսական գազի և նավթի տեղը համաշխարհային շաուկայում և կիջեցնեն գները։ Սպասվում են նաև մեծ ներդրումներ տարածաշրջանում և հաղորդակցությունների նոր ուղիների բացում։ Եւ այդ համատեքստում կարևոր են դառնում Հայաստանի տարածքով հաղորդակցությունների հարցը։

Իրան-ԱՄՆ հնարավոր համաձայնույան համատեքստում Իրանը ճշգրտում է քաղաքականությունը Երևանի ու Բաքվի հետ։ Բաքուն ևս փորձում է Իրանի հետ շփման նոր ուղիներ գտնել և համոզել, իբր իր տարածքից Իրանին ոչ մի վտանգ չի սպառնում։ Իրանը ի պատասխան կրկին «ճանաչում է» Արցախը Ադրբեջանի մաս։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) և Ադրբեջանի բանակը համատեղ զորավարժություններ են անցկացնում Ղարաբաղում, հաղորդում է իրանական Tasnim գործակալությունը։

ԻՀՊԿ հատուկ նշանակության ուժերը հատել են Իրանի հյուսիսարևմտյան Արդաբիլ նահանգի Բիլեհ Սավար ցամաքային սահմանային անցակետը՝ զորավարժություններին մասնակցելու համար։

Իրանի «ճանաչումը» ոչ ոք չի առարկում, հատկապես Հայաստանը։ Սակայն Թեհրանը շարունակում է մնալ հայ-իրանական միակ պաշտպանը։

Իրանը թույլ չի տա թշնամիներին խաթարել Հայաստանի հետ իր ռազմավարական հարաբերությունները, հայտարարել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը՝ կիրակի օրը Թեհրանում Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ։

Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցը Հայաստանի օրակարգում չէ, հայտարարել է Արմեն Գրիգորյանը՝ ելույթ ունենալով Թեհրանի երկխոսության ֆորումում։ «Հայաստանը չի օգտագործում «Զանգեզուրի միջանցք» տերմինը։ Մենք խոսում ենք տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման մասին՝ որպես տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման գործիք», – ընդգծեց Գրիգորյանը։

Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի, Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի և ԻԻՀ գերագույն առաջնորդի խորհրդական, Արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խարազիի հետ:

Գրիգորյանը և Խարազին անդրադարձել են տարածաշրջանի հաղորդակցման ուղիների ապաշրջափակմանը։ Իսկ Արաղչիի հետ Արմեն Գրիգորյանը շեշտել է Իրանի և Եվրամիության անդամ երկրների միջև ազատ առևտրի համաձայնագրի (ԱԱՀ) շուրջ աշխատանքներն ավարտելու կարևորությունը։

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Ուիթքոֆը հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ Աբրահամի համաձայնագրերին։ Թեհրանը չի արձագանքել այդ հայտարարությանը, սակայն ամեն անգամ կրկնում է, որ տարածաշրջանի խնդիրների կարգավորումը պետք է լինի տարածաշրջանային երկրների ձևաչափով՝ առանց արտաքին ուժերի։