ՀՀ իշխանությունները մերժել են դոնոր համաժողով կազմակերպելու բոլոր առաջարկները

  • 20:05 20.05.2025

Step1.am-ի հարցերին պատասխանել է «Արցախի ժողովրդի շահերի ու իրավունքների պաշտպանության միություն» ՀԿ նախագահ, Արցախի նախկին ՄԻՊ եւ նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։

Պարոն Բեգլարյան, տեւական ժամանակ է՝ դուք բարձրացնում եք արցախցիների համար միջազգային դոնոր համաժողով կազմակերպելու հարցը։ Բայց Հայաստանի կառավարությունը հրաժարվում է այս առաջարկից, ինչո՞ւ, ի՞նչ տեղեկություներ ունեք։

-Արցախիցների բռնի տեղահանությունից հետո տարբեր շրջանակների կողմից առաջարկներ եղել են ՀՀ կառավարությանը, որպեսզի կազմակերպեն միջազգային դոնոր համաժողով։ Նույնիսկ մի քանի ամիս շարունակ սփյուռքյան մի քանի խոշոր կազմակերպություններ համատեղ այդ հարցի շուրջ անընդհատ հաղորդակցություն են ունեցել կառավարության բարձրագույն ներկայացուցիչների հետ, գրավոր առաջարկություններ էին ներկայացրել։ Նույնիսկ այդ կազմակերպությունները պատրաստ էին հիմնական կազմակերպչական ծանրությունն իրենց վրա վերցնել, նախապատրաստել, բայց, բնականաբար, քաղաքական համաձայնություն եւ որոշակի աջակցություն էին ակնկալում։ Չեմ կարող ասել, թե ինչ պատճառով ՀՀ իշխանություններն ուղղակի մերժել են այդ բոլոր առաջարկները՝ ժամանակ ձգելով, որոշում չկայացնելով, վերջում ասելով, որ ամեն դեպքում նպատակահարմար չեն գտնում։

Թե ինչո՞ւ, ուղղակի կարող ենք ենթադրել, բայց ես համարում եմ, որ շատ մեծ սխալ են գործել, եւ որեւէ տրամաբանական պատասխան ես չեմ տեսնում։ Պատասխանները հավանաբար կամ քաղաքական են, կամ բյուրոկրատական ծուլության շրջանակներում են գտնվում։ Սա մեծ հնարավորություն է, որն իրենք բաց են թողել։ Միգուցե ուշ չէ, բայց ժամանակաշրջանը շատ ավելի բարենպաստ էր տեղահանության սկզբի ամիսներին։ Ինչո՞ւ էր դա կարեւոր, քանի որ առաջին հերթին հնարավոր կլիներ շատ մեծ ռեսուրսներ ներգրավել, ընդ որում, եւ տարբեր պետություններից, միջազգային կառույցներից ու դոնոր կազմակերպություններից, եւ նաեւ սփյուռքյան շրջանակներից։ Վստահ եմ՝ եթե միջազգային դոնոր կոնֆերանս լիներ, տարբեր երկրներում ապրող հայ մեծահարուստներ կամ ազդեցիկ սփյուռքյան կառույցներ բավականին մեծ ներդրում կունենային այդ դոնոր կոնֆերանսի կազմակերպման եւ կայացման գործում։

-Ի՞նչ խնդիր կլուծի դոնոր համաժողովի անցկացումը, ինչո՞ւ է դա կարեւոր։

-Ես վստահ եմ, որ հնարավոր կլիներ այնքան ռեսուրս հավաքել, որ Հայաստանում գտնվող արցախցիների ներկա հումանիտար կարիքները հնարավոր կլիներ բավարարել եւ կայուն հուն մտցնել արցախցիներին, որպեսզի կայանային ու ամրանային Հայաստանում եւ իրենց ներդրումն ունենային նաեւ Հայաստանի կայացման ու ամրացման գործում։ Այդ հնարավորությունը բաց թողնելով՝ հիմա Հայաստանի կառավարությունը բանկերից է գումարներ վերցնում, եւ այստեղ շատ կարեւոր է ընդգծել, որ այդ գումարները բնականաբար տոկոսով են, բավականին բարձր տոկոսներ են։

Իրենց հայտարարած թվերը հաշվի առնելով՝ փաստորեն բնակարանային ծրագրի համար մի քանի տարվա ընթացքում նախատեսում են 400-500 մլրդ դրամ գումար ներգրավել, որի տոկոսներն էլ եւս 300-400 մլրդ գումար կկազմեն 10 տարվա ընթացքում, ինչը նշանակում է, որ ՀՀ կառավարությունը շուրջ 70-80 տոկոս ավելորդ գումար է ծախսելու, որպեսզի բանկերին ֆինանսավորի։ Եվ քանի որ այնպիսի ծրագիր են նախատեսել, որը հիմնականում շեշտադրում է երկրորդային շուկայից բնակարանի գնում, այս գումարի զգալի մասն ուղղակի դուրս է գալու Հայաստանից, քանի որ արցախցիները երկրորդային շուկայից կգնեն բնակարաններ, այդ բնակարանների տերերի մի մասը կարտագաղթի եւ ֆիզիկապես, եւ իր կապիտալը կհանի ՀՀ-ից։ Այն դեպքում, որ եթե միջազգային դոնոր կոնֆերանս լիներ, եւ դրա ժամանակ հավաքագրված գումարները ներդրվեին նոր բնակավայրեր եւ համալիներ կառուցելու մեջ, կստացվեր, որ այդ գումարներն ավելացված արժեք էին ստեղծելու ՀՀ-ում, եւ բավականին լուրջ մուլտիպլիկատիվ էֆեկտ կլիներ տնտեսության համար։ Չհաշված, որ արցախցիների խնդիրներն էլ կլուծվեին։

Հայաստանի կառավարությունը քայլեր չի ձեռնարկում, իսկ այլ խողովակներով փորձ արվո՞ւմ է կազմակերպել դոնոր համաժողովը։

-Այդ ուղղությամբ այլ աշխատանք չի տարվում ոչ մեկի կողմից, որովհետեւ բոլորը, այդ թվում՝ սփյուռքյան կազմակերպությունները կարծում են, որ առանց կառավարության չի կարող արդյունավետ դոնոր կոնֆերանս լինել։ Հիմնական դոնորները պետք է լինեն գործընկեր պետություններ եւ միջազգային կառույցներ, իսկ իրենք չեն ներգրավվի, քանի դեռ Հայաստանի կառավարության կողմից այդ ուղղությամբ դրական դիրքորոշում չկա։ Եթե Սփյուռքի մակարդակով դա լինի այս պառակտված, հիասթափված պայմաններում, արդյունքները շատ փոքր կարող են լինել։ Դրա համար չեմ էլ կարծում, որ ողջամիտ կլինի նույնիսկ Սփյուռքի մակարդակով դոնոր կոնֆերանս կազմակերպել՝ առանց պետական ներգրավվածության։

Ռոզա Հովհաննիսյան