Երեկ «Երևանի երկխոսության» ֆորումի բացման ժամանակ Նիկոլ Փաշինյանը բացահայտ հայտարարեց, որ եթե ՀՀ Սահմանադրական դատարանը որոշի, որ «խաղաղության պայմանագիրը» հակասում է Սահմանադրությանը, ապա ինքը կնախաձեռնի Սահմանադրության փոփոխություն և կհամոզի հասարակությանը, որ դա անհրաժեշտ է երկարատև խաղաղության համար։
Փաշինյանի խոսքերը վերնագրեր դարձան բազմաթիվ համաշխարհային լրատվամիջոցներում, որոնք, ըստ երևույթին, սա համարեցին դեպի ինքնիշխանություն ձգտման աննախադեպ դրսևորում։
Հիշեցնենք, որ Բաքուն և Մոսկվան բացահայտ պահանջներ են ներկայացնում Հայաստանին Սահմանադրությունը փոխելու վերաբերյալ, մինչդեռ Անկարան դիվանագիտորեն հորդորում է, որ Հայաստանը «կատարի Բաքվի պայմանները» խաղաղության պայմանագիր կնքելու համար։ Սահմանադրության փոփոխությունը, նախևառաջ, նշանակում է հրաժավել Անկախության հռչակագրին հղում անելուց, որտեղ որպես Հայաստանի ինքնիշխանության հիմքերից մեկը նշվում է 1989 թվականի դեկտեմբերի 1-ի Հայաստանի և Արցախի վերամիավորման մասին որոշումը, ինչպես նաև Հայաստանի պարտավորությունները՝ կապված Ցեղասպանության հետևանքների վերացման հետ։
Դատելով Բաքվի և Մոսկվայի պահանջներից, նրանց տարածաշրջանային էքսպանսիայի ամենամեծ խոչընդոտը՝ 1989 թվականի Հայաստանի և Արցախի վերամիավորման մասին որոշումն է։ Նույնիսկ Արցախի տարածքի օկուպացիան և բնակչության տեղահանությունը չնվազեցրեց 1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշման նշանակությունը Բաքվի և Մոսկվայի համար, քանի որ դա, ըստ էության, բարձրագույն իրավունքի՝ ժողովրդի իր հողի նկատմամբ իրավունքի իրականացումն է։
Հայաստանի կառավարությունն ամեն ինչ անում է, որպեսզի ձևացնի, թե ինքը որևէ կապ չունի Արցախի հետ, որ Հայաստանի Սահմանադրությունը որևէ կապ չունի 1989 թվականի որոշման հետ, և ընդհանրապես՝ որտե՞ղ է Քուրը, որտե՞ղ է իմ տունը։
Նույն ֆորումի ժամանակ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ասաց, որ Հայաստանը վերջերս բախվել է «էթնիկ զտումների իր սահմանների մոտ»։ Այսինքն՝ 1988 թվականից ի վեր հայկական պետական տարածքի մաս կազմող Արցախը պաշտոնական Երևանի կողմից հանկարծ սկսվել է դիտվել որպես «Հայաստանի սահմաններին մոտ» գտնվող մի բան։
Միևնույն ժամանակ, ո՛չ Փաշինյանը, ո՛չ էլ Միրզոյանը հետ չեն կանչում Փաշինյանի ստորագրությունը 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության տակ և չեն ասում, որ Փաշինյանն իրականում ստորագրել է փաստաթուղթ այն տարածքների հանձնման մասին, որոնք Հայաստանի սահմանների մեջ չեն։ Ավելին, Հայաստանի դատարանները հազարավոր հայ զինվորների ավելի քան 4 տարի դատում են Արցախում դիրքերը հանձնելու մեղադրանքով։
1989 թվականի որոշումը հիմք է հանդիսանում ոչ միայն Հայաստանի պետականության, այլև մեծ տարածաշրջանի կառուցվածքի համար, քանի որ այն հայ ժողովրդի՝ իր տարածքներին տիրապետելու իրավունքի հռչակման առաջին նախադեպն էր։ Այս իրավունքն անօտարելի է և անվիճելի, այդ իսկ պատճառով Բաքուն պնդում է, որ Հայաստանը կամավոր հրաժարվի այս իրավունքից։ Ավելին, սա վերաբերում է ոչ միայն Արցախին, Նախիջևանին, Կարսին և Արարատ լեռան շրջանին, այլև Սյունիքին և Գեղարքունիքին։ Նիկոլ Փաշինյանը խոստովանում է, որ Ալիևը Հայաստանի տարածքի 60%-ը համարում է «արևմտյան ադրբեջան»։
Հայաստանի կողմից Արցախից հրաժարվելուց հետո այս տարածքներին սպառնում է ֆիզիկական ոչնչացում, և հիմա Հայաստանի կառավարությունն, ըստ էության, ասում է. եթե մենք չփոխենք Սահմանադրությունը, խաղաղություն չի լինի և Հայաստան էլ չի լինի։
Իմաստուն վերլուծաբանները նշում ենսակայն, որ հենց Սահմանադրության փոփոխությունը կհանգեցնի Հայաստանի դեմ ռազմական գործողության մեկնարկին, արդեն “լեգիտիմ”։