Այսօր կազմակերպվել է «Ասկերան» հուշապատում–տարեգրություն գրքի նոր տարբերակի շնորհանդեսը։ Ներկա էին Արցախի ժուռնալիստների միության նախագահ Կիմ Գաբրիելյանը, զոհված զինծառայողների հարազատներ, ասկերանցիներ, հյուրեր։
Գրքի համալրված տարբերակը վերահրատարակվել է «Լուսարար» կրթամշակութային ՀԿ հովանավորությամբ։
Գրքում արցախցի Վերա Գասպարյանի հուշագրությունն է` սկսած արցախյան առաջին պատերազմից մինչև 2023-ի սեպտեմբերին տեղի ունեցած ցավալի իրադարձությունները։ Այն բովանդակում է մի ուրույն հատված արցախյան պատմությունից և, անշուշտ, հետագա ուսումնասիրողների համար կարևոր տվյալներ է պարունակում:
Կիմ Գաբրիելյանը, ողջունելով ներկաներին, ասաց, որ «Ասկերան» հուշապատում–տարեգրություն գրքի նոր տարբերակը մեծ աշխատանքի արդյունքում է կյանքի կոչվել․
-Անահիտ Պետրոսյանի համահեղինակությամբ վերահրատարակված Վերա Գասպարյանի գիրքը հուշարձան է բոլորի համար։ Գրքի առաջին տարբերակը լույս է տեսել 2022-ին՝ Ասկերանում։ Սակայն Արցախի բռնատեղահանությունից հետո Վերա Գասպարյանը և գրքի խմբագիր Անահիտ Պետրոսյանը նպատակահարմար գտան վերահրատարակել գիրքը՝ նոր տարբերակում ավելացնելով 2023-ի սեպտեմբերի զոհերին ու բռնագաղթից հետո դժբախտ պատահարների զոհ դարձած ասկերանցի զինծառայողներին։
Այսօր մեզ համար ցավալի է, որ չենք կարողանում այցելել մեր հերոսների շիրիմներին ու հարգանքի տուրք մատուցել։ Մնացել են հուշերը, որոնք ամբողջ կյանքում կլինեն մեզ հետ։ Այս գիրքը պատմություն է, որը պետք է փոխանցվի սերնդեսերունդ։ Շնորհակալություն հեղինակներին կատարված մեծ աշխատանքի համար։
«Ասկերան» հուշապատում–տարեգրություն գրքի խմբագիր Անահիտ Պետրոսյանը ներակայացրեց գրքի ստեղծման պատմությունը․
-Գիրքը լույս պիտի տեսներ դեռևս 2020 թվականին, սակայն 44-օրյա պատերազմը խանգարեց այդ նպատակի իրագործմանը։ Հեղինակի հաստափոր տետրերը գիրք դարձնելու գաղափարը հղացել էր երջանկահիշատակ Վալերի Պետրոսյանի մոտ, երբ օրերից մի օր «Բերդ» շրջանային թերթի խմբագրություն եկավ Վերա Գասպարյանը և ներկայացրեց իր օրագրային գրառումները։ Մինչ այդ նրա հեղինակած թղթակցությունները ժամանակ առ ժամանակ տպագրվում էին «Բերդ»-ում։
Վերա Գասպարյանի Հուշապատում-տարեգրությունն արիության ու սխրանքի իրական պատմություն է՝ նվիրված Ասկերանի քաջարի զավակներին, ովքեր իրենց կյանքն են զոհաբերել հանուն հայրենի հողի, կամ էլ զոհ են գնացել պատուհասած արհավիրքներին։ Գիրքը գրվել է հեղինակի աղոթքի ու մայրական սիրո լեզվով։ Համոզված ենք, որ այն կդառնա արցախցիներին ուժ ու հավատ ներշնչող մի յուրօրինակ աղոթագիրք, որտեղ ամփոփված է ցավի վերածված հայի երազանքը։
Հուշերն ավելի երկար են ապրում, քան իրական կյանքում՝ մարդը։ Եթե չես մոռանում անցյալդ, կարողանում ես գտնել ապագայի ճիշտ արահետը։ Վստահ լինենք, որ այդ արահետով երբևէ կվերադառնանք Արցախ՝ խնկարկելու մեր հերոսների շիրիմներն ու շենացնելու հող հայրենին։
Ներկաներն իրենց սրտի խոսքն ասացին՝ կարևորելով այն առաքելությունը, որ իրականացրել են գրքի հեղինակն ու խմբագիրը։ Միաժամանակ հույս հայտնեցին, որ նման հուշագրություններ կգրվեն նաև շրջանի մյուս բնակավայրերի զոհված տղաների մասին։
Միջոցառման վերջում մասնակցիները փոխանակվեցին հուշերով ու ցանկություններով․ բոլորի երազանքը մեկն էր՝ հետվերադարձ Արցախ։
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ