Բաքվի վարչակազմը շարունակում է ոչնչացնել Արցախի հայկական պատմամշակութային ժառանգությունը։ Օկուպացված Արցախում ավերվում եւ ոչնչացվում են ամողջական բնակավայրեր, հուշարձաններ, եկեղեցիներ, գերեզմաններ։ Անցած ամիսներին բազմաթիվ տեղեկություններ ու փաստեր են ստացվել Արցախում տեղի ունեցող վանդալիզմի մասին։ Ադրբեջանցիները հիմնահատակ ավերել են Արցախի մի շարք համայնքներ, օրինակ՝ Քարինտակ գյուղը, Հադրութի շրջանի Մարիամաձոր, Մոխրենես գյուղերը, ոչնչացրել են Ստեփանակերտ քաղաքի մի շարք թաղամասեր, այդ թվում՝ պատմական թաղամասը, որի տները կառուցվել էին 19-րդ դարավերջին և 20-րդ դարի սկզբներին։
Ադրբեջանի իշխանությունները հողին են հավասարեցրել Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին, հիմնահատակ ոչնչացրել Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցին, պղծել ու աղավաղել են Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եղեղեցին՝ շինարարարական անթույլատրելի միջամտությամբ և ավերումներով դարձնելով այն այլ կառույց, իրենց մատնանշմամբ՝ «ռուսական եկեղեցի»։
«Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում (Monument Watch)» կայքի հրապարակած տեղեկատվության համաձայն՝ ադրբեջանական կողմը շուրջ մեկ տարվա համատարած ոչնչացումներից հետո ի վերջո փորձեց բացատրություն տալ, թե ինչու է քանդվել Ստեփանակերտ քաղաքի զգալի մասը՝ սեփական հայրենիքում հազարավոր արցախցիների կառուցած տները՝ որակելով դրանք «անօրինական եւ օկուպացիոն»: Ընդ որում, տարօրինակ կերպով «օկուպացիոն» են դարձել նաև նախախորհրդային և խորհրդային տարիներին կառուցված առանձնատները, բնակելի շենքերը, թաղամասերը: Ադրբեջանական կողմի համար հայկական ցանկացած շինության ոչնչացման «հիմնավորումը» այն «օկուպացիոն» կոչելն է։ Ըստ Monument Watch-ի՝ ադրբեջանցիները տարբեր սոցիալական հարթակներում սկսում են գործընթացներ իրականացնել և քանդել Ստեփանակերտի եկեղեցիները և տեղում մզկիթներ կառուցել։
Monument Watch-ը հիշեցնում է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն և ՄԱԿ-ի մարդու իրավունքների տարբեր կառույցները հստակորեն արձանագրել են, որ մշակութային ժառանգությունից օգտվելու, այն պահպանելու, մշակութային կյանքին մասնակցելու իրավունքը հանդիսանում է մարդու հիմնարար իրավունք և այն պետք է երաշխավորվի։ Սակայն, այսօր՝ աշխարհի աչքի առաջ, Արցախից բռնի տեղահանված հայերը զրկված են իրենց իրավունքներից։ Նրանք տարանջատված են իրենց պատմական հայրենիքից, մշակութային ժառանգությունից։ Այդ գործընթացը հակասում է ինչպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության պահպանման սկզբունքներին, այնպես էլ ՄԱԿ-ի միջազգային պայմանագրերով ամրագրված մշակույթի իրավունքի հիմնարար դրույթներին։
Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմեն, կովկասագետ Հովիկ Ավանեսովը եւս պարբերաբար փաստեր է հրապարակում Արցախում տեղի ունեցող մշակութային ցեղասպանության մասին։ Ավանեսովն օրերս հրապարակել էր 2009 թվականին հրապարակված Լեռնային Ղարաբաղի ատլասը՝ նշելով, որ այդ քարտեզում պատկերված պատմամշակութային հուշարձանների մի մասն արդեն իսկ ոչնչացվել է ադրբեջանական վարչակարգի կողմից, իսկ պահպանվածները գտնվում են ոչնչացման վտանգի տակ:
ՀԱՍԵ Արցախի թեմը վերջերս ահազանգել էր Արցախի Բերձորի շրջանի Ծիծեռնավանքի ճակատագրի մասին։ Ադրբեջանական իշխանությունները հայտարարել են, թե վերականգնելու են հայկական Ծիծեռնավանքը, ըստ Արցախի թեմի, վերականգնման իրական նպատակները եւ վանքի ապագան հարցականի տակ են։ Հայտնի չէ, թե ինչ կերպ է շարունակելու իր գոյությունը վանքը՝ վերականգնումից հետո։ Ենթադրելի է, որ հայկական վանքը կարող է հանձնվել Ադրբեջանի կողմից խրախուսվող աղվանա-ուդիական քրիստոնեական համայնքին՝ փորձելով վերագրվել հայկական մշակութային ժառանգությունը։
Մասնագիտական համայնքը պարբերաբար հղում է անում միջազգային նորմերին ու կոնվենցիաներին, ըստ որոնց՝ արգելված է մշակութային արժքների ոչնչացումը կամ վերափոխումը։ Monument Watch կայքը պարբերաբար հիշեցնում է, ըստ «Զինված բախումների դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի կոնվենցիայի լրացուցիչ՝ 1999 թվականի երկրորդ արձանագրության 9-րդ հոդվածի գ կետի՝ արգելվում է մշակութային արժեքի ցանկացած վերափոխումը, ինչպես նաև դրա օգտագործման ձևի փոփոխությունը, որոնք նպատակ ունեն թաքցնելու կամ ոչնչացնելու մշակութային, պատմական կամ գիտական վկայությունները: Պահպանել ժառանգությունը, նշանակում է ապահովել դրա անձեռնմխելիությունը և ամբողջականությունը, որի մաս է կազմում նաև համայնքը, ապահովել ժառանգության իսկության, կարևորության, ամբողջականության, բացառիկության չափանիշները։ Այս սկզբունքները բխում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոնվենցիայից, ԻԿՕՄՕՍ-ի և այլ միջազգային կառույցների փաստաթղթերից:
Սովորութային օրենքները Արդարադատության միջազգային դատարանի որոշմամբ պարտադիր են բոլոր պետությունների համար և արգելում են ժառանգության ցանկաված ոչնչացում՝ միջազգային մարդասիրական իրավունքի 38-րդ, 39-րդ, 40-րդ և 41-րդ կանոններով։ Արձանագրվել է, որ Ստեփանակերտի պատմական տների կանխամտածված ոչնչացումը խախտում է նաև Հռոմի ստատուտի 8-րդ հոդվածը և համարվում մարդկության դեմ ծանր հանցագործություն։ Այն խախտում է նաև Հաագայի Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր ուժ ունեցող որոշումները։ Քաղաքին հասցված վնասը համաձայն «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» Հաագայի 1954 թ. կոնվենցիայի 4-րդ հոդվածի և լրացուցիչ՝ 1999 թ. ընդունված երկրորդ արձանագրության 15-րդ հոդվածի ա կետի, լուրջ խախտում է, որը՝ որպես ռազմական հանցագործություն, կարող է հետապնդվել միջազգային դատարաններում։ Պատմական թաղամասի ոչնչացումը կարելի է որակել նաև որպես ցեղասպանություն, քանզի ցեղասպանության խնդիրն այսօր դիտարկվում է նաև մշակութային ժառանգության վրա հարձակումների համատեքստում։
Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմենը պահանջագիր է ներկայացրել միջազգային կառույցներին։ Պահանջում են միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ ՅՈւՆԵՍԿՕ-ի, ՄԱԿ-ի և այլ մարմինների կողմից անհապաղ, հրապարակային և հստակ դատապարտում, միջազգային փորձագիտական առաքելությունների ուղարկում Արցախի օկուպացված տարածքներ՝ հուշարձանների ոչնչացման փաստաթղթման և գնահատման համար, Ադրբեջանի նկատմամբ իրավական և քաղաքական ճնշումների իրականացում՝ նման ոտնահարումները կանխելու և պատասխանատվություն ապահովելու նպատակով, միջազգային հանրության լայնածավալ իրազեկման ծրագրերի նախաձեռնում՝ Արցախի տարածքում տեղի ունեցող մշակութային ցեղասպանության մասշտաբների վերաբերյալ։
Արցախյան ՀԿ-ներն իրեն հերթին դիմել են ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտեռեշին և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեին, որպեսզի համաձայն ՄԱԿ-ի կողմից տրված մշակութային ժառանգության պահպանության մանդատի, առաքելություն ուղարկեն Արցախ, փաստագրելու մարդկության դեմ կատարված մշակութային հանցագործություններն ու մեխանիզմներ կիրառեն հետագա հանցանքները կանխելու համար։
Մինչ մասնագետները, հղում անելով միջազգային կոնվենցիաներին ու նորմերին, հստակ ասում են, որ Ադրբեջանի գործողությունները՝ որպես ռազմական հանցագործություն, կարող են հետապնդվել միջազգային դատարաններում, Հայաստանի իշխանությունները հայտարարություններ են անում, թե պատրաստվում են Ադրբեջանի դեմ հայցերը հետ կանչել միջազգայի դատարաններից։
Հայաստանի իշխանությունները տեղեկատվություն չեն տրամադրում հանրությանը, թե ինչ աշխատանք են տանում հայկական մշակութային ժառանգությունը փրկելու ուղղությամբ։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, անդրադառնալով այս հարցին, ասել էր․ «ՅՈւՆԵՍԿՕ-ին երեւի այնքան նյութ եւ գրություններ ենք ուղարկել, որ մի քանի հատոր կկազմեն։ Սա անընդհատ աշխատանք է, որն անում ենք։ Եվ ոչ միայն ՅՈւՆԵՍԿՕ-ին, այլեւ մշակութային ժառանգության պահպանման հարցում որեւէ մանդատ ունեցող կազմակերպության հետ այս թեման շարունակաբար քննարկում ենք։ Ամբողջությամբ գույքագրված եւ ուղարկված է մշակութային ժառանգության պատկերը։ Այսինքն՝ պատկերն առանձին, վանդալիզմի դեպքերն առանձին, եւ մենք անընդհատ այս տեղեկատվությունը թարմացված ուղարկում ենք»։
Ըստ ԿԳՄՍ նախարարի՝ 5000-ից ավելի հուշարձաններ և 20-ից ավելի թանգարաններ են մնացել Արցախի տարածքում։
Ռոզա Հովհաննիսյան