Վերջին ամիսներին, երբ ատելության խոսքը ցավալիորեն արմատավորվել է մեր հասարակության մեջ, արցախցիները կրկին կանգնած են ընտրության առաջ՝ պաշտպանել ինքնությունը, թե՞ զիջել այն ժամանակավոր հանգստության դիմաց։
Այսօր, երբ արցախցի երեխաները հաճախ դառնում են կոշտ ու վիրավորական վերաբերմունքի թիրախ միայն իրենց բարբառով խոսելու համար, շատ ծնողներ փորձում են սեփական երեխաներին «փրկել»՝ նրանց երբեմն հորդորելով դրսում չխոսել Արցախի բարբառով։ Բայց արդյո՞ք լռեցնելով բարբառը, մենք իսկապես պաշտպանում ենք մեր երեխաներին։
Ասպրամ Կրպեյանը, ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի դուստրն է, իր մանկության մի քանի տարին ապրել է Շուշիում, հիմա դժվարությամբ է խոսում բարբառով, բայց կարեւորում է բարբառի լինելիությունն ու ազգային երազնաք տանելու նրա ուժը։ Նրա խոսքով՝ որքան էլ դժվար լինի լսել վիրավորանքներ, միակ ճիշտ ճանապարհը` կառչած մնալն է արմատներից, լեզվից ու երազանքից։
«Ես հասկանում եմ՝ նրանք փորձում են պաշտպանել երեխաներին։ Փողոցում լսելով վիրավորական խոսքեր՝ նրանք մտածում են, թե կարելի է պաշտպանվել, եթե երեխան չխոսի բարբառով։ Բայց ես ուզում եմ, որ նրանք դա չանեն։ Դա շատ դժվար է, բայց դա է ճանապարհը։ Երազները իրականություն դառնալու միտում ունեն, եթե զուգորդվում են կամքով ու վճռականությամբ։ Եթե հիմա լռենք, եթե հիմա հրաժարվենք մեր բարբառից, հետո կկորցնենք վերադարձի հույսն ու երազանքը»,- ասում է Ասպրամ Կրպեյանը։
Նրա խոսքով՝ Արցախի բարբառով խոսելը ոչ միայն լեզվի պահպանում է, այլև՝ ինքնության, անցյալի ու հիշողությունների։ Թեև այսօր բարբառի հանդեպ վերաբերմունքը միանշանակ չէ, և հաճախ այն թիրախավորվում է սոցիալական ցանցերում, փողոցում կամ անգամ դպրոցներում, Ասպրամը վստահ է՝ հենց այդ բարբառով շարունակելը դիմակայության ու պայքարի ամենահզոր ձևերից է։
«Պետք է խոսենք, որ կարողանանք վերադառնալ։ Եթե հիմա լռենք, հետո կկորցնենք ոչ միայն լեզուն, այլև հույսը, որ կարող ենք վերադառնալ։ Այնպես որ, փոքրիկներ, շարունակեք խոսել։ Խոսեք ձեր մայրիկների, հայրիկների, պապիկների ու տատիկների հետ։ Դա ձեր ուժն է, ձեր կապն է ու ձեր ապագան»,- եզրափակում է նա։
Այսօր Արցախի բարբառով խոսելը միայն լեզվաբանական տարբերություն չէ, այլ իրական դիմադրություն է՝ ընդդեմ հաճախ հանդիպող խտրականության ու ատելության։
Մարիամ Սարգսյան