Ինչու՞ են թիրախավորվում արցախցիները
Մերօրյա Հայաստանում ամեն ինչ՝ բնակության վայրից մինչև ազգություն, քաղաքական դիրքորոշումից մինչև կրոնական հայացքներ, կարող է թիրախավորման և շահարկման պատճառ դառնալ։ Կախված տիրող քաղաքական մթնոլորտից ու օրակարգ սահմանողների առաջնահերթություններից՝ տարանջատումներից մեկը ժամանակ առ ժամանակ սրվում է։
2023 թվականի սեպտեմբերին Արցախի հայաթափումից ու դրան հաջորդած ներհայաստանյան քաղաքական զարգացումներից հետո սլաքներն ուղղվեցին արցախցիների դեմ։
Արցախից բռնի տեղահանվածների մասին տարածվող բացասական խոսույթների և դրանց չեզոքացման մեխանիզմների մասին «Ստեփանակերտ» մեդիա ակումբը հանդիպում-քննարկում էր կազմակերպել Հետք Մեդիա Գործարանի շրջանավարտների հետ։
Ի՞նչ բացասական խոսույթներ կան
Բացասական խոսույթները տարածվում են հիմնականում երկու ճանապարհով. քաղաքական դաշտից տեղափոխվելով առօրյա-հասարակական կյանք և մասնավոր դեպքերի ընդհանրացմամբ՝ փոքր խմբի հատկանիշները վերագրելով լայն շրջանակի։
Արցախցիների մասնակցությունը ընդդիմության կազմակերպած ցույցերին, սոցիալ-տնտեսական կարիքների ապահովման պետական ծրագրերի քննադատությունը նրանց դարձնում են թիրախ իշխանական ու մերձիշխանական շրջանակների համար։ Օրինակ, երկիրը հանձնելու կամ չկռվելու մեղադրանքները սրվեցին Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի՝ արցախցիներին ուղղված հայտարարությունից հետո։ 2024 թվականի սկզբին Սիմոնյանն արցախցի լրագրողին ասաց․ «Պետք էր կռվել, պետք էր կռվել»։ Այս արտահայտությունը սոցիալական ցանցերում քննարկման և քննադատության առարկա դարձավ՝ քաղաքական հարթակից տեղափոխվելով առօրյա խոսակցությունների դաշտ։
Ի պատասխան այս մեղադրանքի՝ ներկայացվում էին փաստեր ու տվյալներ, որոնք հերքում էին «չկռվելու» մեղադրանքը։ Ըստ պաշտոնական աղբյուրների՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի հարձակման արդյունքում Արցախում զոհվել է 223 մարդ, այդ թվում՝ 20 խաղաղ բնակիչ։ Ադրբեջանը հայտարարել է 205 զոհված զինծառայողի մասին։
Կարծրատիպերը հաճախ ձևավորվում են մեկ կոնկրետ դեպքի ընդհանրացմամբ։ Օրինակ, մեզնից գրեթե յուրաքանչյուրի շրջապատում կա մեկը, ով պատմում է, թե իր ծանոթին կամ բարեկամին Արցախում ջուր չեն տվել։ Այս պատմությունների ճշգրտությունը ստուգելը, բոլոր կողմերին նույնականացնելը կամ դեպքերի փաստականությունը որոշելը գործնականում անհնար է։ Անգամ եթե այդպիսի մեկ կամ մի քանի դեպք պատահել է, այն չպետք է դառնա ամբողջ խմբին բնութագրող հատկանիշ։
Ինչպե՞ս կարելի է չեզոքացնել բացասական խոսույթները
Նախ, պետք է հասկանալ՝ որտեղի՞ց են ծագում այդ խոսույթները և ի՞նչ նպատակ են հետապնդում։ Երբեմն դրանք առաջանում են չիմացությունից, երբեմն էլ՝ քաղաքական կամ սոցիալական դրդապատճառներով։ Ինչ նպատակով էլ լինի՝ Արցախից բռնի տեղահանվածների թիրախավորումը խորացնում է հանրային պառակտումը, խաթարում համերաշխությունը և խանգարում ինտեգրմանը։
Վիրավորանքին, զրպարտությանը կամ պիտակավորմանը նույնկերպ պատասխանելը միայն խորացնում է բևեռացումը։ Որոշ խոսույթներ հնարավոր է հերքել փաստերով ու թվերով՝ կռվել են, աշխատում են, ծառայում են բանակում։ Բայց կան նաև այնպիսիները, որոնց հերքման համար փաստեր հնարավոր չէ գտնել։ Այդ դեպքում մնում է դրական օրինակներով և պատմություններով «լռեցնել» բացասականը։
Պետք է ընդունել նաև, որ բացասական խոսույթներ կան նաև արցախյան հասարակությունում՝ հայաստանցիների հասցեին։ Այս փոխադարձ կարծրատիպերի ու բևեռացումների պայմաններում կարևորվում է մի հարց՝ որքանո՞վ ենք մենք պատրաստ լսել իրար և երկխոսության գնալ։
Ժաննա Բեքիրյան
Լրագրող