Ինչպես նշում են փորձագետները, Էրդողանի հետ հանդիպումից հետո Դոնալդ Թրամփը առաջարկել է Ադրբեջանի և Թուրքիայի միջև Հայաստանի և Նախիջևանի տարածքով հաղորդակցությունների բացման իր սեփական տարբերակը: Նշվում է, որ սա եվրոպական առաջարկության կրկնությունն է, որը ենթադրում է եներրորդ երկրների, օրինակ՝ շվեյցարական կազմակերպության կողմից հաղորդակցությունների վերահսկողություն: Սակայն այս տարբերակը չեն ընդունում Բաքուն և Անկարան, որոնք պահանջում են միջանցք՝ Հայաստանի ինքնիշխանությունից դուրս: Փորձագետները նշում են, որ փակուղուց դուրս գալու ամենահավանական ճանապարհը կարող է լինել Հայաստանի վրա ճնշում գործադրելը, որպեսզի նա կամավոր հրաժարվի հայ-իրանական սահմանի և իր երկրի հարավի նկատմամբ ինքնիշխանությունից:
Բայց ինչո՞ւ Հայաստանի վրա։ Արդեն մի քանի ամիս է, ինչ Իրանը պնդում է, որ ինքն է միակ ուժը, որը թույլ չի տալիս «սահմանների փոփոխություն և Զանգեզուրի միջանցքի բացում»: Այսինքն՝ նման միջանցք բացելու համար անհրաժեշտ է «համոզել» ոչ թե Հայաստանին, այլ Իրանին:
ՀՀ-ում Իրանի դեսպան Սոբհանիի վերջին հայտարարությունն այն մասին, որ կան հետախուզական տվյալներ Իրանի դեմ հարվածների համար ադրբեջանական տարածքի օգտագործման մասին, հնչել է որպես սակարկության կոչ:
Հայտնի է դարձել, որ Իրանի նախագահ Պեզեշկյանը մասնակցելու է Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) անդամ երկրների 17-րդ գագաթնաժողովին, որը տեղի կունենա օկուպացված Ստեփանակերտում այս տարվա հուլիսի 3-4-ը։
Թուրքիան, Ադրբեջանը և Իրանը ՏՀԿ անդամներ են, ինչպես նաև Աֆղանստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Պակիստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը և Ուզբեկստանը։
Պեզեշկյանի այցը օկուպացված Արցախ նշան է այն բանի, որ Իրանը սկսել է սակարկությունը, և “ապրանքը”՝ հայ-իրանական սահմանն է, ավելի ճիշտ՝ Հայաստանի հարավը։ Հայտնի չէ՝ թե ինչ գինե ակնկալում Իրանը՝ Նախիջևանով Հայաստան ճանապարհորդելու բացառիկ իրավունք, թե՞ ավելի լայն տարածաշրջանային գործարք է նախատեսվում։
Պեզեշկյանի օկուպացված Ստեփանակերտ այցելության փաստը նշան է հայկական դիվանագիտության ոչ միայն պարտության, այլև իսպառ բացակայության․ պաշտոնական Երևանը նման այցելությունները համարում է Ադրբեջանի «ներքին գործ»։ Հենց երեկ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին զանգահարել է Արարատ Միրզոյանին և շնորհակալություն հայտնել Իսրայելի հետ լարվածության սրման ժամանակ Երևանի աջակցության համար։ Արտգործնախարարության պաշտոնական տեղեկատվության մեջ Պեզեշկյանի Արցախ այցելության մասին հիշատակման բացակայությունը ենթադրում է, որ Երևանից որևէ առարկություն չի եղել։
Չնայած Իսլամական համագործակցության կազմակերպության վերջին գագաթնաժողովից հետո, որը տեղի է ունեցել Կոստանդնուպոլսում հունիսի 21-22-ին, ի դեպ, Իրանի մասնակցությամբ, ՀՀ արտաքին գործերի նախարարությունը կոշտ հայտարարություն է տարածել գագաթնաժողովի հռչակագրի կապակցությամբ, որտեղ Հայաստանը անվանվել է Արևմտյան Ադրբեջան և նշվել է «ադրբեջանցիների վերադարձի անհրաժեշտությունը»։
Երեկ ՀՀ-ում Իրանի դեսպանը հանգիստ հայտարարել է, որ Իրանը ստորագրել է հռչակագիրը, քանի որ համաձայն է հիմնական գաղափարներին, թեկուզ առարկել է որոշ ձևակերպումներ։
Բայց սա ոչինչ չի փոխում. Իրանը սկսել է սակարկությունը հայ-իրանական սահմանի և Հայաստանի հարավի վաճառքի շուրջ, և աճուրդը տեղի կունենա օկուպացված Ստեփանակերտում։