Այսօր առավոտյան ՀՀ վարչապետի հերթական գրառումը լակոնիկ ձևով ամփոփեց Հայաստանում իշխող իրավաքաղաքական ամենաթողությունը՝ իրավունքի և պետական կառավարման լիակատար անձնավորված մոդելը։ Ըստ գրառման՝ ՀԷՑ-ի (Հայաստանի էլեկտրացանցեր) այն աշխատակիցները, ովքեր մասնակցել են վերջին շաբաթների քաղաքացիական բողոքներին, ազատվելու են աշխատանքից, իսկ այդ մարդկանց հավաքի «տանողները»՝ դատվելու։
Այլևս անհրաժեշտ չէ օրենսդրական հիմք, իրավական գործընթաց կամ դատարանի որոշում, սրանք «թիթիզություններ» են, որոնցով Ն.Փ.-ն հետաքրքրված էր իր կառավարման սկզբնական շրջանում միայն, իսկ վերջին տարիներին իրավիճակ է փոխվել։ Կա մեկ կամք՝ վարչապետինը և մեկ «լեգիտիմ» հիմք՝ ֆեյսբուքյան գրառում-հրամանները իրավապահ համակարգին։ Նրանց, ում մոտ կարող է հարց առաջանալ՝ ինչո՞ւ են իրավապահները վարչապետի ոչ իրավաչափ հրամաններին ենթարկվում, չէ՞ որ Սահմանադրությունն այլ բան է հուշում, հեռու չգնանք հիշեցնենք վերջին թարմ օրինակներից՝ գործարար Սամվել Կարապետյանին բերման ենթարկելու հրամանին ԱԱԾ տնօրենի հրաժարվելու հետևանքը:
Իհարկե, իշխող վերնախավի համար Հայաստանի օրենսդրությունը «ասնավանի չի», բայց զուտ սովորական մահկանացուներիս չմոռանալու համար առաջարկում եմ հիշենք, որ Աշխատանքային օրենսգիրքն առավելապես պաշտպանում է աշխատողի իրավունքները, նույնիսկ երբ նա իրազեկել է գործատուին, որ մասնակցելու է ցույցի կամ ուղիղ կերպով իրացրել է խաղաղ հավաքի ազատությունը։ Նույն ձևով Քրեական օրենսգիրքը չի նախատեսում պատասխանատվություն «մարդկանց ցույց տանելու» համար, երբ խոսքը գնում է խաղաղ հավաքի մասին։
Ըստ վարչապետի գրառման (այսուհետ՝ միակ ու անդրդվելի օրենքի)՝ հուլիսին ՀԷՑ-ի կառավարումը կանցնի ժամանակավոր կառավարչի, ում և վստահված է «որսը»։ Հիշյալ գրառումը ոչ միայն պարունակում է ահաբեկող բառամթերք՝ սպառնալից, նվաստացնող ու հաշվեհարդարային ենթատեքստով, այլ՝ բացարձակ իրավական ԱՂԵՏ։ Ժամանակավոր կառավարիչը, ըստ ամենայնի, ոչ թե պաշտոնի անձնագրում արձանագրված պարտականություններն է ստանձնելու կատարել, այլ ստանալու է քաղաքական հանձնարարություն՝ ՔՊ-ի հանդեպ «չարություն արածներին» բացահայտելու, աշխատանքից ազատելու և տուն ուղարկելու, իսկ վերջում՝ դատելու «նոր Սահմանադրության համաձայն», այն է՝ վարչապետի ֆեյսբուքյան հերթական գրառման։
Սա ծրագրված պետական հաշվեհարդարի «ձեռնարկ» է, որում բացակայում են դատական և վարչական անկախություն, մարդասիրություն, նույնիսկ՝ ձևական օրինականություն։ Այս նոր ու դժգույն իրականությունը ևս մեկ անգամ վկայում է, որ գործադիր իշխանությունը Հայաստանում դարձել է թիրախավորման և ճնշման գործիք՝ հիմքում ունենալով վենդետտային տրամաբանություն։
Երբ պետության ղեկավարը անթաքույց ներկայացնում է, որ իր գրած ֆեյսբուքյան գրառումը կարող է լինել ավելի բարձր իրավական ուժ ունեցող «փաստաթուղթ», քան Սահմանադրությունն ու օրենսգրքերը, մենք գործ ունենք բռնապետության դասական մոդելի հետ, որտեղ իշխանությունը կենտրոնացված է մեկ անձի ձեռքում, և ժողովուրդը պարտավոր է ենթարկվել ոչ թե օրենքներին, այլ նշված անձի քմահաճույքներին ու տրամադրության փոփոխություններին, որոնք, ի դեպ, վերջինիս մոտ հաճախակի են լինում՝ ամենօրյա ռեժիմով, իսկ հաճախ՝ օրը մի քանի անգամ: Էմոցիոնալ պոռթկումները վարչապետի բնավորության անքակտելի մասն են կազմում և սրա հետ հաշտ են ինչպես նրա անմիջական ենթակաները, այնպես էլ քաղաքական թիմն ու ՔՊ էլեկտորատը։ Իսկ անհաշտների մի մասն էլ լուռ է, որովհետև «մեկ է եթե խոսենք, ի՞նչ ենք փոխելու»:
Եվ այս իրականությունը հուշում է, որ իմաստ չկա հույսեր փայփայելու 2026-ի ընտրությունների հետ կապված: Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, ամենայն հավանականությամբ, վերարտադրվելու է, որովհետև նա քաղաքական դաշտը դարձրել է աղբանոց, և նորմալ մարդիկ այլևս նախընտրում են հեռու մնալ աղբանոցից, որ հանկարծ գռեհկության ու հայհոյախոսության գարշահոտը չկպնի իրենց: Ընտրողների մի զգալի մասն էլ, որ նույնպես զզվել են անառողջ քաղաքական մթնոլորտից, նախընտրելու են չմանսակցել ընտրություններին: Արդյունքում գուցե և ցածր մասնակցությամբ, բայց ձայների մեծամասնությամբ իշխող կուսակցությունը կվերարտադրվի, որովհետև իշխանության «ֆան ակումբը», շնորհիվ Նիկոլ Փաշինյանի իսկապես հզոր քարոզչամեքենայի, գերակտիվ է և երբեք բաց չի թողնի «սիրելի առաջնորդին» վերընտրելու հնարավորությունը:
Տաթևիկ Խաչատրյան