Հերմինեի կյանքի պատմությունն սկսվում է Հայաստանի Գյումրի քաղաքից։ Ծնվել է այդտեղ, սակայն 90-ականներին ճակատագիրը նրան ու եղբորը հասցրել է Արցախ։ 2023-ի սեպտեմբերին Հերմինեն իր կամքին հակառակ բռնատեղահանվել է Արցախից ու կրկին հայտնվել Հայաստանում, սակայն առանց եղբոր․ Արթուր Խաչատրյանը հերոսաբար զոհվել է 2020-ի 44-օրյա պատերազմում:
Հերմինեն որդու և մորաքրոջ հետ բնակություն է հաստատել Արտաշատ քաղաքում։
Պատմում է
-Ճակատագիրն ի վերուստ անգութ է գտնվել մեր հանդեպ՝ թողնելով մեզ առանց ծնողական խնամքի: Ես 2 տարեկան էի, իսկ եղբայրս 3, երբ մեզ դաստիարակության տվեցին Երևանի մանկատներից մեկում: Չգիտեինք՝ ինչու և ինչպես ենք հայտնվել այդտեղ։ Միայն գիտեինք, որ մեր շուրջ բոլորն առանց ծնողների երեխաներ են։
1994 թվականին մեզ որդեգրեցին։ Ասում են՝ մի գեղեցիկ օր մանկատան շեմին է հայտնվում մինուճար զավակին Արցախյան պատերազմում կորցրած արցախցի մի ընտանիք: Տեսնելով ինձ ու եղբորս, ամուսինները որոշում են որդեգրել երկուսիս՝ չցանկանալով իրարից բաժանել մեզ։ Եղբորս իրենց զոհված որդու անունն են տալիս՝ Արթուր։ Ճակատագիրը, սակայն, շարունակում էր հետևել մեզ։ Ծնողական քաղցրությունը դեռևս լիովին չէինք ճաշակել, երբ կրկին մայր կորցրինք՝ մնալով բարի մարդկանց խնամակալության տակ: Ինձ պահել է մորաքույրս՝ Ռոզան, ում հետ ապրում եմ առայսօր, իսկ եղբորս՝ Հերսիկ մայրիկը, ով, ցավոք, Արցախյան վերջին պատերազմում շատ կորուստներ է ունեցել:
Մենք ավարտել ենք Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցը: Շարունակելով ուսումը՝ Արթուրն ստացել է իրավաբանի մասնագիտություն, իսկ ես ավարտել եմ Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական ուսումնարանը: Այնուհետև աշխատանքի եմ անցել Ասկերանի <<Բերդ>> համույթում՝ որպես երգչուհի։ Մեր համույթը հանդես է եկել Արցախի գրեթե բոլոր բնակավայրերում, մասնակցել բազում փառատոնների, միջոցառումների, միշտ եղել սահմանը պահող զինվորի կողքին:
Այնպես է ստացվել, որ միայնակ եմ մեծացրել որդուս։ Իհարկե, դժվարություններ կային, և այդ իսկ պատճառով միաժամանակ աշխատում էի Ասկերանի կոմունալ տնտեսությունում: Ամեն ինչ լավ էր ընթանում։ Սակայն իմ կյանքը միանգամից փոխվեց 2020-ին, երբ 44-օրյա պատերազմում կորցրի եղբորս։ Չեմ կարողանում հարմարվել այդ ծանր ու անտանելի ցավի հետ։ Եղբորս շիրիմը մնացել է Արցախում։ Տանից միայն Արթուրի նկարն եմ բերել, ու այդ նկարն է մնացել միայն՝ որպես հիշողություն:
Արցախի տեղահանությունից հետո, շուրջ 3 տարի անց Հերմինեն գտել է իր հարազատներին
-Երբ եկանք Հայաստան, սկզբից շատ դժվար էր մեզ համար։ Թոշակառու մորաքրոջս ու դպրոցահասակ որդուս ես պետք է տիրություն անեի։ Արցախի կորստի ցավը և այն, որ եղբայրս մնացել է այնտեղ, ինձ հանգիստ չէին տալիս։ Մի օր հրավիրվեցի ու մասնակցեցի <<Կիսաբաց լուսամուտներ>> հաղորդմանը՝ պատմելով իմ կյանքի պատմությունը։ Հաջորդ օրն ինձ զանգահարեց մի անծանոթ կին ու լացելով ասաց, որ իմ հարազատ մորաքույրն է՝ Ստելլան․ ապրում է Գյումրիում։ Սկզբից չէի հասկանում, թե ինչ է ասում, քանի որ լուրը շատ անսպասելի էր։ Այնուհետև նա հեռախոսը փոխանցեց իր հարսին, ով ասաց, որ ինձ ու եղբորս վաղուց էին փնտրում ու վերջապես գտան։
Հեռախոսազանգից մի քանի ժամ անց նրանք արդեն հասել էին Արտաշատ։ Զգացողություններս անսովոր էին, սակայն, երբ ինձ համար դեռևս անծանոթ այդ կինը գրկեց ինձ, սիրտս ճմլվեց՝ ցավից, կարոտից, ուրախությունից։ Նա պատմեց, որ շատ երկար են փնտրել մեզ, սակայն ասել են, որ եղբորս որդեգրել ու տարել են Եվրոպա, իսկ ես մահացել եմ փոքր տարիքում։ Մորաքույրս լացի միջից ասում էր, որ երբեք չէր կարող հավատալ, որ նման հրաշք կկարտարվի․ միայն ափսոս, որ Արթուրը չկա:
Ես գտա իմ արյունակից հարազատներին, ինչի համար փառք եմ տալիս Աստծուն։ Տարիներ հետո բոլորովին անսպասելի գտնելով հարազատներիս՝ հավատում եմ հրաշքների։ Իսկ ամենամեծ հրաշքը դա Արցախ վերադառնալն է:
Մորաքրոջ Ստելլաի հետ
Արցախում Հերմինեն շարականներ էր երգում եկեղեցիներում․ այստեղ ևս նա Աստծո տան հավատարիմ այցելուներից է
-Շուրջ մեկ տարի է, ինչ երգում եմ Արտաշատ համայնքի Ոստան գյուղի եկեղեցում։ Երգելու ընթացքում ես վերապրում եմ Արցախում ապրած իմ ամեն մի օրը, աղերսում Աստծուն, որ խաղաղություն բերի հայ ժողովրդին ու այնպես անի, որ մարդիկ բարությամբ լցվեն, սրտացավ լինեն իրար հանդեպ։ Ես գիտեմ՝ Աստված լսում է իմ ձայնը։ Հավատում եմ, որ անպայման վերադառնալու ենք մեր հայրենի հողը և տեր ենք կանգնելու մեր երկրին, մեր եկեղեցիներին ու շիրիմներին։
Երբեմն ինձ հրավիրում են նաև երգելու կնունքների, ծնունդների ու հարսանիքների արարողությունների։ Սիրով եմ ընդունում, սակայն իմ տրամադրությունն այլևս այն չէ, իմ ձայնն ասես իմը չէ։ Եղբորս գերեզմանը թողնելուց հետո ինձ համար աշխարհը փոխել է իր գույները։ Ոչինչ այլևս առաջվանը չէ, սակայն շատ եմ ուզում, որ առաջվա պես լինի, ու ես երգեմ իմ Արցախում։
Երբ տարիներ առաջ Ասկերան քաղաքում, որպես երկկողմանի ծնողազուրկ և միայնակ մայր, ինձ բնակարան հատկացվեց և Ասկերանի հոգևոր հովիվ Արթուր սարկավագ Խունոյանի և Ներսես քահանա Ասրյանի կողմից տնօրհնեքի արարողություն կազմակերպվեց, օրհնած ջուրը խաչաձև ցողալով տան պատերին և խնկարկելով տունը՝ նրանք օրհնեցին ու Աստծուց պահպանություն հայցեցին իմ ընտանիքի համար, ես հասկացա, որ կարևորը տան կահույքն ու շքեղությունը չեն, այլ այդտեղ ապրող մարդու մաքուր ու մեծ սիրտը, և որ ամենկարևոր զարդարանքը դա մարդու խիղճն է։
Շուտով ես կդառնամ 35 տարեկան ու այդ տարիների ընթացքում ես շատ փորձությունների միջով եմ անցել։ Ինձ միշտ շրջապատել են հոգատար ու սրտացավ մարդիկ, ովքեր աջակցել են ինձ, ու ես սովորել եմ, որ մարդ երբեք չպետք է կորցնի հույսն ու միշտ հավատա առ Աստված։
Հերմինեի մինուճար զավակը՝ Սևակը, 16 տարեկան է։ Մայրը նրա հետ մեծ հույսեր է կապում, միաժամանակ ասում, որ որդին անպայման պետք է ծառայի հայկական բանակում և շարունակի Արթուրի ու բոլոր ընկածների կիսատ թողած գործն ու տեր կանգի հայոց սահմաններին։
Կարինե Բախշիյան