Կառավարությունն այսօրվա նիստում փոփոխություններ կկատարի ՀՀ կառավարության 2024 թվականի մայիսի 16-ի «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը և Հայաստանի Հանրապետության առանձին բնակավայրերի ցանկերը հաստատելու մասին» N 710-Լ որոշման մեջ։
ՀՀ կառավարության 2024 թվականի հունիսի 14-ի թիվ 898-Լ որոշմամբ հաստատվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի իրականացման կարգը։ 2024 թվականի հունիսի 15-ից մեկնարկել է բնակարանի կամ կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի կամ անհատական բնակելի տան ձեռքբերման հավաստագրերի տրամադրման գործընթացը, հուլիսի 15-ից մեկնարկել է անհատական բնակելի տան կառուցման հավաստագրերի տրամադրման գործընթացը, գործող հիփոթեքային վարկի մարման աջակցության հավաստագրերի տրամադրման գործընթացը մեկնարկել է օգոստոսի 1-ից։
Ըստ կառավարության տեղեկատվության՝ 2025 թվականի հունիսի 25-ի դրությամբ հավաստագիր է ստացել 1492 ընտանիք, որից 353-ը իրացրել են այն, ընդ որում՝ 292-ը անշարժ գույքի ձեռքբերման բաղադրիչով, 1-ը՝ անհատական բնակելի տան կառուցման բաղադրիչով, 60-ը՝ գործող հիփոթեքային վարկի մարման բաղադրիչով։
«Գործընթացի ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ բազմաթիվ ընտանիքների դիմումները մերժվել են ՀՀ կառավարության 2024 թվականի հունիսի 14-ի թիվ 898-Լ որոշմամբ սահմանված պահանջներին չբավարարելու հիմքով, այն է՝ ընտանիքի առնվազն մեկ անդամի տվյալը բացակայում է 2020թ. սեպտեմբերի 27-ից եւ 2023թ. սեպտեմբերի 19-ից հետո Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով բռնի տեղահանված և ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից հաշվառված բռնի տեղահանվածների տվյալների շտեմարանում, դիմողը կամ ընտանիքի որևէ անդամը 2023 թվականի սեպտեմբերի 19-ի կամ դիմելու օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետությունում ունի սեփականության կամ ընդհանուր համատեղ կամ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով (50 տոկոս և ավելի մասնաբաժնով) պատկանող բնակության համար նախատեսված բնակելի անշարժ գույք կամ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքով սահմանված կարգով գրանցված գնման իրավունք, եթե ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով բնակելի մակերեսը գերազանցում է 12 քառ. մ՝ բացառությամբ հիփոթեքային վարկի շրջանակներում գրավի առարկա հանդիսացող միակ անշարժ գույքի կամ գնման իրավունքի։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն և Միասնական սոցիալական ծառայություն ներկայացրած դիմումների, ինչպես նաև 114-թեժ գծին ուղղված բողոքների ուսումնասիրությունը ևս ցույց է տվել, որ վերոնշյալ մերժումների մի մասի դեպքում տեղահանվածների տվյալների բացակայությունը ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից հաշվառված բռնի տեղահանվածների տվյալների շտեմարանում պայմանավորված է օբյեկտիվ և սուբյեկտիվ հանգամանքներով, որոնք լրացուցիչ ուսումնասիրության կարիք ունեն։
Միաժամանակ, որոշ ընտանիքներ 2023 թվականի սեպտեմբերի 19-ի դրությամբ ունեցել են Հայաստանի Հանրապետությունում «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքով սահմանված կարգով գրանցված գնման իրավունք, սակայն տեղահանումից հետո վճարումները չկատարելու արդյունքում կորցրել կամ օտարել են այդ իրավունքը, ինչի արդյունքում ծրագրին դիմելու օրվա դրությամբ նրանք չունեն այդ գնման իրավունքը, սակայն դիմումը մերժվում է։ Ըստ էության, հանձնաժողովի պոտենցիալ դիմումատուները պետք է բավարարեն ծրագրի հիմնական պայմաններին, այդ թվում՝ հանդիսանան Լեռնային Ղարաբաղից տեղահանված և չունենան սեփականություն Հայաստանի Հանրապետությունում, սակայն այդ հանգամանքների ստուգումն ինքնաշխատ եղանակով տվյալների շտեմարաններից ստացված տեղեկատվության հիման վրա բավարար չի եղել շահառուի կարգավիճակ շնորհելու վերաբերյալ որոշում կայացնելու համար և առաջացել է հավելյալ տեղեկատվության ուսումնասիրության անհրաժեշտություն։
Հիմնվելով վերոնշյալ հանձնարարականների և ուսումնասիրությունների արդյունքների վրա՝ սույն նախագծով սահմանվում են դրական մնացորդի իրացման և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության հետ տեղեկատվության փոխանակության, անհատական բնակելի տուն կառուցելու դեպքում հողամասի ձեռքբերման ընթացակարգերը, ինչպես նաև նախագծով առաջարկվում է ծրագրին դիմած և մերժված դիմումատուների անհատական դեպքերն ուսումնասիրելու նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով, որը համապատասխան ուսումնասիրությունների և քննարկումների արդյունքների հիման վրա կկարողանա կայացնել որոշում մերժված դիմումատուներին շահառուի կարգավիճակ շնորհելու վերաբերյալ, ինչը հիմք կհանդիսանա նրանց հավաստագրի տրամադրման համար: Ընդ որում, հանձնաժողովը չի կարող կառավարության որոշմամբ սահմանված տարբերակից այլ որոշում կայացնել և տրամադրել հավաստագիր, այլ ծրագրին դիմած և մերժված դիմումատուների կողմից ներկայացված փաստաթղթերի լրացուցիչ ուսումնասիրության արդյունքում կարող է կայացնել բովանդակային առումով կառավարության որոշմամբ սահմանված պահանջներին բավարարող որոշում»,- նշվում է կառավարության հիմնավորման մեջ։
Ըստ կառավարության՝ հանձնաժողովի ստեղծման արդյունքում ծրագրին դիմած և մերժված դիմումատուները հնարավորություն կունենան վերականգնել իրենց իրավունքներն առանց դատարան դիմելու և խնդիրը դատական կարգով լուծելու անհրաժեշտության, եթե կներկայացնեն հանձնաժողովի պահանջներին բավարարող փաստաթղթեր։
Միաժամանակ հստակեցվում, պարզեցվում և բարեփոխվում են ծրագրի որոշ դրույթներ՝ ելնելով իրավակիրառ պրակտիկայում դուրսբերված խնդիրներից։
Մասնավորապես՝
Նախագծի 1-ին կետի 5-րդ ենթակետով սահմանվում է, որ եթե ընտանիքն առցանց դիմում-հայտարարությունը ներկայացնում և հավաստագիրը ստանում է մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը, ապա շահառու կարող է դառնալ նաև ընտանիքի՝ 2026 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ծնված երեխան։
Նախագծի 1-ին կետի 7-րդ ենթակետով սահմանվում է անհատական բնակելի տան կառուցման համար նախատեսված հողամասի ձեռքբերման համար աջակցության տրամադրման ընթացակարգը։ Իրավակիրառ պրակտիկայում ծագել են խնդիրներ գործընկեր ֆինանսական կազմակերպությունների կողմից հողամասի ձեռքբերման նպատակով վարկավորում իրականացնելու գործընթացում։ Հաշվի առնելով խնդրի կարևորությունը, ինչպես նաև այն հանգամանքը, որ ծրագրի շրջանակում խրախուսվում է անհատական բնակելի տների կառուցումը, առաջարկվում է հողամասի ձեռքբերման գործընթացն իրականացնել առավել արդյունավետ եղանակով, այսինքն՝ ոչ թե հիփոթեքային վարկավորմամբ, այլ անմիջապես գումարը վաճառողին փոխանցելու միջոցով՝ համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում։
Նախագծի 1-ին կետի 8-րդ և 9-րդ ենթակետերով սահմանվում է, որ դրական մնացորդի ձևավորման ժամանակ 6 և ավելի անդամ ունեցող ընտանիքների դեպքում ներկայում սահմանված սահմանաչափն ավելանում է վերանորոգման վարկի դեպքում 6-րդ և հաջորդ յուրաքանչյուր անդամի հաշվով 800 հազար դրամով, բայց ոչ ավելի, քան ընդհանուր 8 մլն դրամը, կահույքի և կենցաղային տեխնիկայի գնման դեպքում՝ 400 հազար դրամով, բայց ոչ ավելի, քան ընդհանուր 4 մլն դրամը։ Այսպիսով, բազմանդամ ընտանիքների դեպքում կլուծվի դրական մնացորդի իրացման ժամանակ աջակցության գումարների իրացման անհնարինության հարցը։
Նախագծի 1-ին կետի 11-րդ ենթակետով հստակեցվում է, որ հավաստագրի իրացման ժամանակ շահառուները կարող են օգտվել բնակարանային ապահովության պետական աջակցության այլ ծրագրերից, եթե դրանք բավարարում են ծրագրի հիմնական պայմաններին։
Նախագծի 1-ին կետի 12-րդ և 14-րդ ենթակետերով սահմանվում է, որ ծրագրով սահմանված 2-րդ և 3-րդ փուլերը մեկնարկում են 2025 թվականի հուլիսի 1-ից, այսինքն ծրագիրն, ըստ էության, իրականացվում է 2 փուլուվ։
Նախագծի 1-ին կետի 13-րդ ենթակետով սահմանվում է, որ գործող հիփոթեքային վարկի մարման բաղադրիչի շրջանակում դիտարկվում են 2025 թվականի հուլիսի 1-ի դրությամբ գործող հիփոթեքային վարկերը։ Այս փոփոխության հիմքում ընկած է այն փաստը, որ ծրագրի իրականացման առաջին փուլը ոչ բոլոր ընտանիքների համար է հասանելի, ինչի արդյունքում նրանց մի մասն առանց հավաստագրի՝ սեփական միջոցներով հիփոթեքային վարկավորմամբ ձեռք են բերում անշարժ գույք։ Քանի որ ծրագիրն ամբողջ ծավալով սույն նախագծով նախատեսվում է բացել 2025 թվականի հուլիսի 1-ից, ուստի օրինաչափ է մինչ այդ պահը սեփական միջոցներով վարկավորված ընտանիքներին դիտարկել գործող հիփոթեքի մարման աջակցության բաղադրիչի շրջանակում։
Նախագծի 1-ին կետի 15-րդ ենթակետով սահմանվում է 4 մլն դրամ սահմանաչափով բնակավայրերի նոր ցանկ, որում ներառված են 57 համայնքների 611 բնակավայրեր՝ նախկին 452-ի փոխարեն։
Նախագծի 2-րդ կետի 1-ին ենթակետով սահմանվում է, որ ծրագրի շրջանակում բոլոր փուլերի համար դիմումների ներկայացման վերջնաժամկետը 2027 թվականի դեկտեմբերի 31-ն է։
Ըստ կառավարության՝ ակնկալվող արդյունքը հետեւյալն է՝ Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ից և 2023 թվականի սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների համար բնակարանային հասանելիության ապահովում։