Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Գագիկ Ավանեսյանի հարցազրույցը Step1.am-ին:
(Հարցազրույցը տեղի է ունեցել մինչև արցախցիների բնակապահովման ծրագրում փոփոխություններ մտցնելու մասին ՀՀ Կառավարության այսօրվա որոշումը)։
-Պարոն Ավանեսյան, Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը բանակցություններ է վարել Հայաստանի կառավարության ներկայացուցիչների հետ։ Այնուամենայնիվ, որոշում է կայացվել հուլիսի 12-ին Ազատության հրապարակում մեծ հանրահավաք հրավիրել։ Արդյո՞ք պատճառը բանակակցությունների միջոցով արդյունքների չհասնելն է:
-Այնպես չէ, որ բանակցությունները ընդհանրապես արդյունք չեն տվել, բայց այդ արդյունքերը լրիվությամբ չեն բավարարում մեր պահանջները: Այս մասին խորհուրդը հայտնեց ասուլիսի ժամանակ։
Բնակապահովման հարցում պետք է հենվենք 2023 թ. որոշմանը, որը ենթադրում է տեղահանված անձանց բնակարաններով պարտադիր ապահովում: Սակայն ինչպես տեսանք, այսօրվա իշխանությունը գնացել է այլ ճանապարհով, գոտիավորելով բնակարանների ձեռք բերման տարածքները: Միևնույն ժամանակ պետք է հիշել, որ 1.5 տարի է անցել, և մարդիկ այնտեղ պետք է ապահովվեն բնակարաններով, որտեղ աշխատանք են գտել:
-Կառավարությունը որոշել է հանել ծրագրին դիմելու փուլային պահանջները, արդյո՞ք հնարավոր է, որ դրական փոփոխություններ լինեն:
-Միջանկյալ դրական՝ այո, թեկուզ որոշումը պետք է հրապարակվեր մինչև հունիսի կեսը: Բայց հրապարակեցին այն ժամանակ, երբ մենք կոչ արեցինք դուրս գալ հանրահավաքի։ Կարծում եմ, կառավարությունը կհրապարակի նաև այն բնակավայրերի անունները, ուտեղ 3 մլն. աջակցությունը դարձել է 4 մլն., դրանով փորձելով սահմանափակել հանրահավաքին մասնակցող մարդկանց քանակը: Բայց ես կոչ եմ անում անկախ ամեն ինչից միանալ հանրահավաքին: Քանի որ եթե ձեր հարցը ինչ-որ չափով արդեն լուծվում է, մյուս հայրենակիցների ճակատագիրը օդից կախված է մնում:
Նաև կցանկանայի հիշեցնել, որ այս հանրահավաքի հիմնաքարերից մեկը, որ ամփոփված է նաև մեր ծրագրի կետերում, հավաքական վերադարձն է Արցախ: Ինչպես նաև վերադարձ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափին և ինքնորոշման իրավունքի իրականացմանը։
-Հաշվի առնելով ընդհանուր լարվածությունը, բնակվարձերի փոխհատուցման ծրագրի ավարտը ու օր օրի սրվող սոցիալական խնդիրները, մտավախություն կա՞, որ քիչ մարդ է մասնակցելու հանրահավաքին:
-Յուրաքանչյուրս պետք է գիտակցի, որ ոչ մեկ իր հարցերը չի լուծելու միայնակ, պետք է հասկանալ, որ պայքարը անխուսափելի է:
Ես ևս ունեմ իմ կարմիր գծերը, և եթե ավելի քիչ մարդ հավաքվի, քան նախորդ անգամ (մարտի 29-ին), ես դուրս եմ գալու գործընթացից, քանի որ անիմաստ է պայքարել, եթե մարիկ չեն ցանկանում մասնակցել:
-Այսինքն, եթե մոտ 10.000 մարդ հավաքվի, Խորհրդի գործունեությունը անիմա՞ստ է:
-Դա իմ անձնական որոշումն է: Նաև նշեմ, որ Խորհուրդի ծնունդը ինքնին հեշտ գործընթաց չէր և այսօր Խորհուրդը այն եզակի լեգետիմ միավորներից է, որը կարողանում է բարձրացնել արցախցիների խնդիրները:
-Կոնկրետ ի՞նչ հարցեր են քննարկվելու հանրահավաքի ժամանակ:
-Այս պահին դեռ չենք կարող նշել, քանի որ որոշ հարցեր քննարկման փուլում են, բայց առիթից օգտվելով ցանկանում եմ ևս մեկ անգամ նշել՝ մեր պայքարը լեգետիմ և իրավական դաշտում է:
Ալվարդ Գրիգորյան