Արցախում մշակութային քաղաքականություն իրականացվում էր մի կողմից մշակութային ինքնությունը պահպանելու ուղղությամբ, մյուս կողմից, Արցախի մշակույթն աշխարհին հանրաճանաչելի դարձնելու ուղղությամբ։ Ցավոք, բռնի տեղահանությունից հետո չեղավ իրական մարտահրավերների գնահատում։
Այս մասին «Արվեստի ձայնը» համաժողովում ասաց Արցախի մշակույթի նախկին նախարար Նարինե Աղաբալյանը։ Նա նշեց, որ բռնի տեղահանվելուց հետո, մեկ տարի շրջափակման մեջ մնացած արցախցի արվեստագետներն ու մշակութային խմբերը շատ արագ ինքնակազմակերպվեցին ու ծրագիր մշակեցին, Երեւանում ներկայացան հանդիսատեսին՝ ազդարարելով՝ «մենք կանք, մենք այստեղ ենք, մենք արցախյան մշակույթի կրողներն ենք եւ ունենք առաքելություն, կանգնեք մեր կողքին, օգնեք մեզ, որպեսզի մենք շարունակենք այդ առաքելությունը»։
Նարինե Աղաբալյանի խոսքով, ցավոք, այդ ձայնը լսելի չեղավ, շատ քիչ արձագանքներ եղան, ինչի հետեւանքով մեկ գիշերվա մեջ կորցրեցինք Արցախի մշակութային համակարգը։
«Այսօր Արցախի բոլոր ստեղծագործական խմբերը ցրված են ոչ միայն Հայաստանի տարբեր բնակավայրերում, այլ նրանց մասն էլ արտագաղթել են Հայաստանից դուրս՝ սոցիալական խնդիրների լուծումներ գտնելու հույսով։ Արցախցի շատ արվեստագետներ այդպես էլ չեն գտնում իրենց տեղը։ Ես մեծ ցավ ապրեցի, երբ լսեցի, որ Արցախից մեր լավագույն երաժիշտներից մեկը՝ հայտնի երգչուհին եւ իր ամուսինը, չգտնելով իրենց տեղը Հայաստանում, որոշել էին մսի վաճառքով զբաղվել։ Վարձակալել էին մի առեւտրի կետ եւ շատ արագ կորցրել վերջին խնայողությունները։
Այդ մարդիկ շարունակում են այդպես դեգերել, փնտրել, թե ինչով կարող են զբաղվել։ Ամբողջ խնդիրն այն է, որ համակարգային մոտեցում չեղավ, եւ վերաբերմունքը միայն սոցիալական էր։ Մշակութային համայնքը պահպանելու ոչ մի ջանք չեղավ, եղան առանձին աջակցության օրինակներ, բայց չէ՞որ Արցախի մշակութային կոլեմկտիվները մշակութային հավաքական հիշողության կրողներն ու սերունդներին փոխանցողներն են։
Նրանց պետք է պատվիրակվեր նոր առաքելություն՝ վեր հանել, ներկայացնել արցախյան մշակութային ինքնությունը եւ ապահովել դրա շարունակական կապը, շարունակական փոխանցումը սերունդներին։ Դա չեղավ, եւ մենք ունենք փլուզված, ինքնալուծարված համակարգ»,- հավելեց Նարինե Աղաբալյանը։