Հայաստանի և սփյուռքի եպիսկոպոսներն ու թեմակալ առաջնորդները հավատարմություն են հայտնում Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսին։ Այս մասին
հաղորդագրություն է տարածել Մայր աթոռի տեղեկատվական համակարգը՝ ևս մեկ արձագանքելով իշխանության՝ եկեղեցուն և կաթողիկոսին ուղղված հայտարարություններին։
«Անհանդուրժելի ենք համարում ինչպես իշխանության, այնպես և որևէ մեկի ոտնձգությունը ուղղված Հայրապետական աթոռին և եկեղեցական կանոնական սկզբունքներին։ Հայոց եկեղեցին, բարձրագույն մարմին ունենալով Ազգային-Եկեղեցական ժողովը, հետայսու ևս ղեկավարվելու է դարերով սրբագործված իր ընթացակարգերով՝ բացառելով արտաքին որևէ միջամտություն»,- նշված է հայտարարության մեջ։
Շեշտվում է, որ հոգևորականները խորապես վրդովված են Հայոց եկեղեցու, Ամենայն հայոց կաթողիկոսի ու բարձրաստիճան եկեղեցականների նկատմամբ ՀՀ իշխանությունների և անձամբ վարչապետի հրահրած պախարակելի արշավի առնչությամբ։ Ընդգծում են, որ արշավն ուղեկցվում է հոգևորականների հանդեպ ատելության ու թշնամանքի տարածմամբ և անձնական բնույթի վիրավորանքներով ու անարգալից արտահայտություններով։
«Հակաեկեղեցական այս արշավը ոչ այլ ինչ է, եթե ոչ աղետաբեր հարված հայ ժողովրդին և հայոց պետականությանը՝ հատկապես ազգային կյանքում և Հայաստանի շուրջ ծավալվող գոյաբանական մարտահրավերների համատեքստում։ Հայոց եկեղեցու տկարացումն ու հեղինակազրկումը կարող է ձեռնտու լինել միայն հակահայկական ուժերին և հայության թշնամիներին»,- նշված է հայտարարության մեջ։
Անդրադարձ է արվում գործարար, բարերար Սամվել Կարապետյան, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի և Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կալանավորումներին։
Հորդորում են ՀՀ իշխանություններին՝ անհապաղ ազատ արձակել հոգևոր իրենց եղբայրներին, ազգային բարերարին և նրանց հետ կապակցվող մեր հայրենակիցներին, գործել բացառապես օրենքի շրջանակներում՝ ապահովելով նրանց արդար դատաքննության իրավունքը։
Հոգևորականները կոչով դիմում են նաև հավատավոր հայորդիներին՝ հաստատուն մնալ հավատքի մեջ, հավատարիմ՝ ազգային սրբությունների ու նվիրական արժեքների պաշտպանության դիրքերում և չտրվել պառակտիչ գործողությունների։
Նշենք, որ Ազգային եկեղեցական խորհուրդը Հայ Առաքելական եկեղեցու բարձրագույն մարմինն է և ամենահին ազգային ու եկեղեցական կառավարման կառույցը։ Սա միակ մարմինն է, որը կարող է պահանջել կաթողիկոսի հրաժարականը։
Ավելի վաղ Հայաստանի կառավարության ներկայացուցիչները համոզմունք էին հայտնել, որ կաթողիկոսը շատ շուտով հրաժարական կտա՝ ակնհայտորեն փորձելով ճնշում գործադրել խորհրդի վրա։ Սակայն խորհուրդը աջակցել է կաթողիկոսին, և այժմ պարզ չէ, թե որն է լինելու կառավարության հաջորդ քայլը։