Պատահական չէ, որ թուրքերը փորձում են համաձայնության գալ Իրանի հետ Շուշիում

  • 10:36 05.07.2025

Երեկ մի քանի կարևոր իրադարձություններ տեղի ունեցան այն տարածաշրջանում, որը սովորաբար կոչվում է Հարավային Կովկաս, որպեսզի չհիշատակվի Հայկական լեռնաշխարհ անվանումը։

Մի շարք իսլամական պետությունների գագաթնաժողով տեղի ունեցավ օկուպացված Ստեփանակերտում, և կենտրոնականը՝  Իրանի նախագահի ներկայությունն էր։ Ի զարմանս շատերին, Պեզեշկիանը ընդունել է օկուպացված Արցախ այցելելու հրավերը, ևս մեկ անգամ գովաբանել Ալիևին «Ղարաբաղը ազատագրելու» համար, խոսել Էրդողանի հետ և ոչինչ չի ասել հայ-իրանական սահմանի, ինչպես նաև Իսրայելի կողմից Իրանի դեմ իրականացված գործողության մեջ Բաքվի ու Անկարայի դերի մասին։ Թեհրանը չիջավ այս մակարդակին։

Հիշեցնենք, որ Ստեփանակերտում գագաթնաժողովից մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ Դոնալդ Թրամփի վարչակազմը առաջարկում է ամերիկյան (շվեյցարականի օրինակով) վերահսկողություն ենթադրյալ Զանգեզուրի միջանցքում, և որ բոլոր կողմերը ցանկանում են Ռուսաստանին դուրս մղել տարածաշրջանից։ Բացի այդ, մեդիայից հայտնի դարձավ, որ Կոստանդնուպոլիս կատարած այցի ժամանակ Փաշինյանը, Էրդողանը և Ալիևը համաձայնության եկան միջանցք բացելու որոշակի ծրագրի շուրջ՝ ևս «առանց Ռուսաստանի»։

Իրանը պաշտոնապես չի մեկնաբանել ԱՄՆ առաջարկը, չնայած նախկինում հայտարարել էր, որ միայն Իրանի շնորհիվ է, որ «Զանգեզուրի միջանցքը» չի բացվում, և հայ-իրանական սահմանը չի վերացվել: Այսինքն՝ միջանցքի շուրջ բանակցությունները պետք է վարվեն Իրանի, այլ ոչ թե Հայաստանի հետ, ասում է Թեհրանը: Իրանը նաև չի մեկնաբանել Ալիևի՝ Նախիջևանը Ադրբեջանին “կպցնելու” փորձերը, ինչը դեռևս ուժի մեջ գտնվող Կարսի պայմանագրի խախտում է: Թե՞ այդ պայմանագիրն ​​այլևս ուժի մեջ չէ, եթե Ռուսաստանը դուրս է մղվում:

Երբ պարզ դարձավ, որ Իրանը կանգուն է մնացել 12-օրյա պատերազմում, ռուս վերլուծաբանները հանկարծ հիշեցին 1813 թվականի Գյուլիստանի պայմանագրի մասին: Հիշեցնենք, որ այս պայմանագրի համաձայն՝ ռուս-պարսկական պատերազմի արդյունքում Իրանը Ռուսաստանին զիջեց Արևելյան Հայաստանի ողջ տարածքը, այդ թվում՝ Ղարաբաղը, Նախիջևանը, Զանգեզուրը, և ներկայիս Ադրբեջանի տարածքները՝ մինչև Դերբենդ:

Սակայն 1921 թվականին Ռուսաստանի և Թուրքիայի միջև կնքված Կարսի պայմանագիրը փաստացի չեղարկել է Գյուլիստանի պայմանագիրը, և եթե այժմ Ռուսաստանն ու Թուրքիան ցանկանում են փոխել Կարսի պայմանագրի պայմանները, ապա Իրանը կարող է պահանջներ ներկայացնել մինչև 1813 թվականը իրեն պատկանող հողերի նկատմամբ։

Հայերի համար նման «փաստաթղթային վեճը» թվում է աբսուրդ, մասամբ այն պատճառով, որ վերջին դարերում հայերը չեն եղել իրենց հողերի տերը և եղել պայմանագրերի ոչ թե ստորագրողները, այլ դրանց օբյեկտը։ Այդ պատճառով հայերը 1994 թ․ չեն պարտադրել, որ Բաքուն փասրաթուղթ ստորագրի։

Սակայն նրանց համար, ովքեր հաղթում են պատերազմներում, նվաճում հողեր և կարողանում են դրանք քաղաքակրթական առումով յուրացնել, պայմանագրերն ու կարևոր փաստաթղթերը հիմնարար նշանակություն ունեն։

Ռուսաստանն ու Թուրքիան ի վիճակի չեն «յուրացնել» Մերձավոր Արևելքի հին քաղաքակրթությունները՝ չնայած զենքի ուժին և բարբարոսական լծին։ Գյուլիստանի և Կարսի պայմանագրերի փլուզումը դրա վկայությունն է։ Եվ հանկարծ հայտնվում է Իրանի նախագահը և սեփականատիրոջ իրավունքով նայում Շուշիի պարսկական մզկիթին՝ թեթևակի շոյելով շիական Ադրբեջանի նախագահի ուսը։

Ղարաբաղի պատկանելությունը հազարամյակներ շարունակ որոշել է տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը, և հայկական պետականության ի հայտ գալը հնարավոր դարձավ 20-րդ դարում միայն այն պատճառով, որ Ղարաբաղում պահպանվել էր հայկական տոհմային հողային իրավունքը։

Եվ պատահական չէ, որ թուրքերը հիմա փորձում են համաձայնության գալ Իրանի հետ հենց Շուշիում։ Հայկական գործոնը ուժեղ էր, երբ Արցախը հայկական էր, և դրա մերժումը կանխորոշեց ներկայիս իրադարձությունները՝ Թուրքիան և Իրանը այլևս բանակցություններ են վարում Շուշիի բարձունքից՝ մնացած Հայաստանի բաժանման շուրջ։