Արցախյան ժենգյալով հացի անուշ բույրը չթողեց, որ անտարբեր անցնեմ տաղավարի մոտով։ Պատրաստողն անմիջապես հասկացավ, որ արցախցի եմ ու միանգամից ասաց՝ մոտեցեք, շատ համով է, չեք փոշմանի:
Ու մինչ կնոջ հմուտ ձեռքերով ժենգյալով հացերը կպատրաստվեին, սկսեցինք զրուցել՝ հագուրդ տալով մեր բարբառին ու հիշողություններին:
Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Նորայր Գրիգորյանի այրին՝ Սուսաննան, մոտ երկու ամիս է, ինչ “Երևան սիթի”-ներից մեկում աշխատանք է գտել․ ժենգյալով հաց է թխում, և ինչպես ականտես եղա, իր գործը կատարում է ամենայն սիրով։
Արցախի Ճարտար քաղաքից է Սուսաննան՝ 4 զավակների մայր։ Ասում է՝ չարչարվում ու օրվա հաց է վաստակում։
-2023-ի սեպտեմբերի 28-ին ենք դուրս եկել Արցախից՝ հետևում թողնելով մեր ողջ կյանքը, մեր հիշողությունները, ամուսնուս գերեզմանը։ Սկզբից հաստատվել ենք Վարդենիս քաղաքում և շուրջ 6 ամիս մնացել այնտեղ։ Քաղաքապետարանի կողմից տեղահանված արցախցիներիս հանդեպ ցուցաբերվել է բարյացակամ ու սրտացավ վերաբերմունք, մեզ շրջապատել են հոգատար մարդիկ ու աջակցել՝ ինչով կարող են։
Սակայն աշխատատեղերի բացակայության պատճառով ստիպված ենք եղել տեղափոխվել Երևան։ Ավագ աղջիկս ուսանող է, սովորում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում․ դա նույնպես պատճառ էր, որ տեղափոխվեինք Վարդենիսից, որովհետև չէի կարող երկու տուն վարձակալել։ Ավագ որդիս ծառայում է, իսկ երկրորդը՝ տաքսու ծառայություններ մատուցում։ Արցախահայությանը տրվող բնակվարձերի աջակցությունը մեծ օգնություն էր ինչպես իմ, այնպես էլ արցախցի մյուս ընտանիքների համար։ Մեր ընտանիքի կոմունալ ծառայությունը կազմում է 38-40 հազար դրամ։ Զրկվելով աջակցությունից՝ կկանգնենք ծանր կացության առաջ ու արդեն մտածում ենք Երևանի մոտակա բնակավայրերից մեկը տեղափոխվելու համար։ Գուցե կարողանանք ավելի ցածր գնով տուն վարձակալել,-ասում է Սուսաննան։
Զոհված զինծառայողի այրին 2020 թվականից է իր վրա կրում ընտանիքի կարիքները հոգալու ծանրությունը։ 44-օրյա պատերազմի առաջին իսկ օրից ամուսինը կամավոր մեկնել է մարտական դիրքեր․ որդին ժամկետային զինծառայող էր, և հայրը չէր կարող տանը նստել։
Ճարտարում ամուսինը զբաղվում էր հողագործությամբ։ Նա չափազանց աշխատասեր էր, չարչարվող, ազնիվ, ընկերասեր։ Կորցնելով Նորայրին՝ Սուսաննան կորցրեց իր ամուր թիկունքը, սակայն, փառք Աստծո, որդիները մեծացել են և փորձում են թեթևացնել մոր հոգսերը։
Ժենգյալով հաց պատրաստելու ընթացքում զգացվում էր, որ արցախցի կինը մտքերով հասել է հարազատ Ճարտար, հուշիկ քայլերով շրջում է իր բնօրրանով, այցելում հարազատների շիրիմները։ Քիչ հետո արդեն պատրաստ էր ամենահամով արցախյան ուտեստը, որի մեջ Սուսաննան իր ողջ սերն էր դրել։
Հրաժեշտի պահին իմ նոր ծանոթուհին շեշտեց՝ ՀՀ քաղաքացիություն դեռ չեմ ընդունել, սպասում եմ, որ անձնագիրս ձեռքիս տուն եմ դառնալու։
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ