Այսօր <<Արցախի մշակույթի և զբոսաշրջության զարգացման գործակալություն>> ՀԿ–ի նախաձեռնությամբ <<Փաստագրում՝ հանուն պահպանության>> ծրագրի շրջանակում Շուշի քաղաքի չորս կորուսյալ թանգարանների թվային կատալոգների վերստեղծման շնորհանդեսն էր։ Միջոցառմանը ներկա էին մշակութային գործիչներ, արցախցիներ, լրագրողներ։ Ներկա էր նաև ՀՀ-ում Նիդերլանդների թագավորության դեսպան Մարիեկե Մոնրոյ-Վինթերը։
Ծրագիրը հնարավոր է դարձել ՀՀ–ում Նիդերլանդների թագավորության դեսպանության աջակցությամբ և <<Այ Էս Էս Դի>> ՀԿ–ի կողմից իրականացվող <<Տեղական կազմակերպությունների կարողությունների զարգացում գործնական գիտելիքների փոխանակման միջոցով՝ աջակցելով Լեռնային Ղարաբաղի տեղահանված ՀԿ–ներին>> ծրագրի շրջանակներում։
Հայաստանում Նիդերլանդների դեսպանը ողջունեց ներկաներին ու շնորհավորեց կատարված մեծ աշխատանքի համար՝ նշելով, որ Արցախի տեղահանությունից հետո, դեսպանության առաքելությունն էր՝ օգնել բռնատեղահանված արցախցիներին՝ իրականացնելով բազմաթիվ ծրագրեր։ Այս ծրագիրը՝ հերթական նախագծերից մեկն է։ Մշակութային ժառանգության պահպանումը կարևորագույն առաջնահերթություններից է։
Կատալոգների վերստեղծման աշխատանքների ընթացքը ներկայացրեց <<Արցախի մշակույթի և զբոսաշրջության զարգացման գործակալություն>> ՀԿ նախագահ Սերգեյ Շահվերդյանը․
-Մենք ընդգծել ենք մշակութային ժառանգության փաստագրման անհրաժեշտությունն ու այն հանգամանքը, որ մշակութային ժառանգության բազմաթիվ շերտեր փաստագրված ու հաշվառված չեն։ Արցախի մշակութային ժառանգության փաստագրման բնագավառում ունենք կարևոր բաղադրիչներ։ Կորուսյալ թանգարանների հավաքածուներն են, որոնք պետք է փաստագրվեն ու հաշվառվեն։
Ունենք շուրջ 30 թանգարան ու արվեստի գործեր, որոնք կորուսյալ են մինչև այսօր։
Մեծ խնդիր ունենք նաև կորստից փրկելու արդեն մեկ անգամ տարհանման ժամանակ փրկված մշակութային ժառանգությունը։ Բազմաթիվ մարդիկ տեղահանման ժամանակ կարողացել են իրենց հետ դուրս բերել ու փրկել ընտանեկան կամ հանրային արժեք ունեցող մշակութային ժառանգության բազմաթիվ նմուշներ։ Այսօր դրանք վտանգի տակ են, քանի որ մարդիկ կամ վաճառում են այդ արժեքները, կամ արտագաղթում են այլ երկրներ, ու այդպիսով մենք կորցնում ենք մի կերպ փրկված արցախյան նմուշները։
Թանգարանների պահով ասեմ, որ անհրաժեշտություն ունենք միասնական-տեղեկատվական բազա ստեղծելու, որն իր մեջ կպարունակի հուշարձանների մասին ամբողջական տեղեկատվություն և կունենա հանրային հասանելիություն։
Փաստագրման մյուս մասը, որը փորձում ենք կատարել, դա Արցախում գործող կատարողական արվեստի խմբերի մշակութային պահպանումն է՝ երգեր, պարեր, բեմադրություններ․ դրանք պետք է հավաքագրել ևս։
Եթե անդրադառնանք թանգարաններին՝ ունենք հետևալ պատկերը՝ 2020-ի պատերազմի ժամանակ կորցված և տեղահանության ժամանակ Արցախում թողնված պետական թանգարաններ՝ 17, արվեստի հավաքածուներ՝ 5, մասնավոր թանգարաններ՝ 6, Շուշի քաղաքում թանգարաններ՝ 12, Հադրութի շրջանում՝ 4, Մարտունու շրջանում՝ 3, Մարտակերտի շրջանում՝ 2, Ասկերանի շրջանում՝ 2 և Ստեփանակերտ քաղաքում՝ 5։ Այս տվյալները վերջնական չեն, որովհետև բազմաթիվ անհատ անձինք ունեին արվեստի արժեքավոր հավաքածուներ, որոնց ճակատագիրը հայտնի չէ մեզ։
Այս 4 կատալոգի հետ միասին մենք արդեն վերստեղծել ենք Շուշիի 10 թանգարանների կատալոգներ։ Դեռևս չենք կարողացել վերստեղծել Շուշի քաղաքի պատմության թանգարանի և Շուշիի պատկերասրահի կատալոգները։
Սերգեյ Շահվերդյանը նշեց, որ 2020-ի պատերազմից հետո՝ Արցախի նախագահի հրամանագրով 2022-ին ստեղծվել է Մշակութային ժառանգության պաշտպանության պետական խորհուրդ, որը ղեկավարում էր պետնախարար Արտակ Բեգլարյանը։ Այդ խորհրդի գործունեության ընթացքում վերստեղծվել են 6 թանգարանների հավաքածուների կատալոգներ։ Գործընթացն ընդհատվել է ու վերսկսվել Հայաստանում՝ բռնատեղահանությունից հետո։
Միաժամանակ նա բարձր գնահատեց թիմի պատասխանատու և արհեստավարժ աշխատանքը։
-Փոքր թիմով սկսեցինք մեր աշխատանքը և այն չէինք կարող իրականացնել, եթե չլիներ կորուսյալ թանգարանների պատասխանատուների անվերապահ աջակցությունը։ Սերտ համագործակցում ենք թանգարանների տնօրենների, աշխատողների հետ, ովքեր օգնում են մեզ՝ տրամադրելով տեղեկություններ, լուսանկարներ։ Իհարկե, դիմում ենք նաև մեր համերկրացիներին։ Հավաքագրած լուսանկարներից դուրս են բերվում ցուցանմուշներ, հետո նույնականացվում են թանգարանների պատասխանատուների օժանդակությամբ և վերստեղծվում պատրաստի կատալոգներ,-ասաց ՀԿ նախագահը։
Սերգեյ Շահվերդյանը ներկաների ուշադրությունը սևեռեց մի խնդրի վրա, որի մասին շատ քիչ է բարձրաձայնվում։ Դա վերաբերում է մոնումենտալ արվեստի գործերին, որոնք մնացել են Ստեփանակերտում և անխնա ոչնչացվում են Ադրբեջանի վարչակարգի կողմից։ Կարելի է ասել՝ ոչինչ չի մնացել։ Դրանք հուշաղբյուրներն են, քանդակները, արձանները, կիսանդրիները, բարձրաքանդակներն ու խաչքարերը։ Նա համոզված է, որ նույն պատկերն է տիրում Արցախի բոլոր բնակավայրերում։
-Ամենամտահոգիչ երևույթը, որ նկատեցինք 10 օր առաջ՝ դա Ստեփանակերտի հուշահամալիրն է, որը շրջափակվել է պաստառներով ու ամբողջովին անտեսանելի դարձել։ Ենթադրվում է, որ դա նախորդում է հուշահամալիրի ոչնչացմանն ու ավերմանը։ Կցանկանայի, որ լրատվամիջոցները բարձրաձայնեն այս վտանգավոր երևույթի մասին, գուցե կանխվի վանդալիզմն ու փրկվի հուշահամալիրը,- նշեց Ս․ Շահվերդյանը։
Միջոցառման վերջում ներկաները բարձր գնահատեցին կատարված աշխատանքը և հույս հայտնեցին, որ <<Արցախի մշակույթի և զբոսաշրջության զարգացման գործակալություն>> ՀԿ–ն առաջիկայում կշարունակի իր առաքելությունը նույն պատասխանատվությամբ։
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ