«Жэньминь Жибао» -ն հայտնում է․
Չորեքշաբթի, ժամը 12:00-ի սահմաններում, Չունցին /Հարավարևմտյան Չինաստան/ մեգապոլիսից Չինաստան-Եվրոպա միջազգային երկաթուղային բեռնափոխադրման երթուղով մեկնեց արագընթաց գնացք՝ բեռնված հեռահաղորդակցության սարքավորումներով, ավտոպահեստամասերով և այլ ապրանքներով, որը նշանավորեց այս երթուղով կանոնավոր արագընթաց բեռնափոխադրումների մեկնարկը։
Ինչպես հայտնի դարձավ, նոր ծառայությունները Չունցինում գտնվող մատակարարման շղթայի կառավարման Yuxinyou ընկերության և թուրքական Pacific Global Logistics ընկերության համատեղ մշակած նոր լոգիստիկ արտադրանք են։
Գնացքը կհատի Չինաստանի պետական սահմանը Սինցզյան-Ույղուրյան ինքնավար մարզի /Հյուսիսարևմտյան Չինաստան/ Խորգոս անցակետում, կանցնի Ադրբեջանով և Վրաստանով և, ի վերջո, կհասնի Թուրքիա, ապա՝ եվրոպական քաղաքներ։
Նման արագընթաց գնացքի կանոնավոր շահագործումը Չունցինից Եվրոպա Միջին միջանցքով /Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային երթուղով/ ապրանքների առաքման ժամանակը կկրճատի մինչև 25-30 օր, ինչը առնվազն տասը օրով ավելի արագ է, քան ավանդական մեթոդով, ասաց վերոնշյալ թուրքական ընկերության խորհրդի նախագահ Ասկար Սադիկը։
Հայաստանը պաշտոնապես հայտարարում է, որ Փաշինյանի առաջարկած «խաղաղության խաչմերուկը» կարող է դառնալ Միջին միջանցքի մաս։ Միևնույն ժամանակ, Թուրքիան պնդում է հակառակը՝ ասելով, որ միայն Հայաստանի իրավասության սահմաններից դուրս գտնվող Զանգեզուրի միջանցքը կարող է դառնալ Միջին միջանցքի մաս։
Խնդիրն այստեղ լոգիստիկան չէ, այլ Հայաստանը մեկուսացնելու և թյուրքական գոտի կառուցելու բազմամյա փորձերը։
Թուրքիան և Ադրբեջանը դեռևս չեն կարողանում մարսել Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթուղուն, որը կառուցվել է մեկ նպատակով՝ Հայաստանը մեկուսացնելու համար։ Այժմ, նույնիսկ Իրանի միջոցով հաղորդակցության ուղիների առկայության դեպքում, Բաքուն և Անկարան կրկին պնդում են հայկական Սյունիքի տարածքով ճանապարհի վրա՝ պնդելով, որ սա շահավետ տարբերակ է Չինաստանի և ամբողջ տարածաշրջանի համար։
Լոգիստիկան սակայն այլ բան է ասում. Չինաստանը, որը 2020 թվականի պատերազմից հետո գրեթե բացահայտ հայտարարեց Բաքվին աջակցելու մասին և հույսը դրեց «Զանգեզուրի միջանցքի» մոտալուտ բացման վրա, այժմ այլ ճանապարհներ է փնտրում։ Դա պայմանավորված է նրանով, որ «Զանգեզուրի միջանցքը» այդքան էլ հեշտ չի բացել։ 20-րդ դարի սկզբին Սյունիքը թուրքերի կողմից չվերահսկելուն կողմնակից ռազմավարագետները լավ էին հասկանում տարածաշրջանը և քաղաքակրթական պայքարը։ Այս պատկերացումները չեն փոխվել։
Ակնհայտ է, որ համաշխարհային տերությունները չեն աջակցում թուրքական վերահսկողությանը Զանգեզուրի հավանական միջանցքում։ Մոսկվան 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ պնդել է ռուսական վերահսկողությունը, Եվրոպան առաջարկում է վերահսկողության հանձնումը շվեյցարական ընկերության, ԱՄՆ-ն՝ ամերիկյան, իսկ Իրանը պնդում է Հայաստանի իրավասության վրա։
Չինաստանն ու Թուրքիան գոհ չեն չորս տարբերակներից ոչ մեկից, ինչը նշանակում է, որ կամ թուրքերը ուժով կվերցնեն «միջանցքը», ինչը այս պահին իրատեսական չի թվում, կամ նրանք ժամանակավորապես կնահանջեն և կզարգացնեն այլ լոգիստիկ ուղիներ։ Նման երթուղիներից մեկն արդեն գործարկվել է։