Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հարցին, թե որ դեպքում արցախցիները բավարար կհամարեն կառավարության քայլերը եւ կդադարեցնեն բողոքի ակցիաներն ու նստացույցը։
«Ես գոհացած կլինեմ, եթե Հայաստանի Հանրապետության կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչները՝ վարչապետ կամ փոխվարչապետ, կիջնեն ու կասեն, որ Արցախի ժողովուրդը վերադարձի իրավունք ունի, եւ ՀՀ կառավարությունը հետամուտ է լինելու ՀՀ հայցերի հիման վրա կայացված միջազգային դատական ատյանների որոշումների կատարմանը, այդ թվում՝ Արցախի ժողովրդի վերադարձի վերաբերյալ։ Եթե ոչ, ապա գոհացած չեմ լինի»,- նշեց Արտակ Բեգլարյանը։
Նշենք, որ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամներին հրավիրել են կառավարություն՝ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ հանդիպման։ Արտակ Բեգլարյանն ասաց՝ ինքը կարծիք էր հայտնել, որ չպետք էր գնալ այդ հանդիպմանը, բայց կոլեգիալ որոշմում կայացվեց, որ խորհրդի ներկայացուցիչները պետք է բարձրանան քննարկման։
Հարցին, եթե սոցիալական հարցերին լուծում տրվի, դա իրենց չի բավարարի՞, Արտակ Բեգլարյանը պատասխանեց․ «Օրինակ՝ 40 հազարական դրամների վերականգնումն այս փուլի համար կարող եմ համարել լուծում, քանի որ այս պահին կա հրատապ խնդիր՝ այն է Արցախի ժողովրդին ՀՀ-ում պահելն ու արտագաթը կանխելը։ Բնակվարձի դադարեցման հետեւանքով մենք ունենք խորացող չքավորություն, մեր տարբեր փորձագիտական հաշվարկներով՝ արցախցիների շուրջ 80 տոկոսը գտնվում է աղքատության շեմից ներքեւ։ Քանի որ բնակվարձի աջակցության ծրագիրը դադարեցվել է, այս ամիս եւ հաջորդող երկու-երեք ամիսների ընթացքում ծայրահեղ աղքատների թիվը կտրուկ աճելու է, իսկ աղքատության շեմից ներքեւ գտնվողների թիվը մեծանալու է։
Հետեւաբար, պետք է բնակվարձի ծրագիրը շարունակել, դրան զուգահեռ հիմնարար վերանայման ենթարկել բնակարանային ապահովման ծրագիրը։ Խոշոր առումով մենք բնակվարձ չենք ուզում, մենք ասում ենք՝ մեր բնակարանային խնդիրներին կայուն եւ արժանապատիվ լուծում տվեք, կարող եք հենց հիմա էլ բնակարանային խնդիրը լուծել եւ բնակվարձ չտրամադրել»,- ասաց նա։
Ըստ Բեգլարյանի՝ գործող բնակարանային ծրագիրն արդյունավետ եւ արդար կարգավորում չի տալիս բնակարանային խնդիրներին։ «Կներեք արտահայտությանս՝ իրենք իրենց արեւին գրասենյակներում նստած մտածել են, որ եթե բնակվարձի աջակցության ծրագիրը կտրեն, արցախցիները ստիպված կգնան եւ բնակարանային ծրագրից կօգտվեն։ Բայց իրենք սխալվում են, որ թվերն էլ նայում ես, մարդիկ ուղղակի լուծում չեն գտնում, ուզում են բնակարան գտնել ու գնել, բայց աջակցության ծրագրի շրջանակներում բավարար գումար չկա, որպեսզի իրենք կարողանան պատաճ լուծում տալ իրենց հարցին»,- ասաց նա։