Վե՞րջ, որևէ հույս չկա՞ արցախցիների խնդիրները լուծելու

  • 13:47 15.07.2025

Հուլիսի 12-ի հանրահավաքից և Արցախի իրավունքների խորհրդի անդամների՝ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի աշխատակազմի հետ հանդիպումից հետո հայտարարվեց, որ փողոցային պայքարի այս փուլն ավարտվել է, որ հանդիպումը որևէ արդյունք չի տվել, որ կառավարությունը կտրականապես հրաժարվել է երկարացնել 40 հազար դրամի չափով աջակցությունը և վերանայել բնակարանային ծրագիրը։ Միակ «առաջընթացը» այն էր, որ կառավարությունը խոստացավ քննարկել փոքր ընտանիքների հարցը, որոնց կարող է տրվել երկարաժամկետ վարձակալության հնարավորություն, բայց ոչ սոցիալական բնակարան։

Խորհրդի անդամները նաև հայտարարեցին, որ լքում են Երևանում գտնվող Արցախի ներկայացուցչությունը, չնայած չնշեցին, թե որտեղ են գնալու։ Բացի այդ, նրանք նշեցին, որ խորհրդի կազմը կվերանայվի։ Հանրահավաքից առաջ նրանք ասում էին, որ իրավապահ մարմինները ճնշում են գործադրել ակտիվիստների վրա։

Խորհրդի անդամները նաև ասում են, որ չեն զգում հանրային աջակցություն իրենց գործունեության նկատմամբ, որ պատգամավորները, որոնք իրենք պետք է զբաղվեին այս բոլոր հարցերով, նույնիսկ չեն մասնակցել ակցիաներին (չնայած միտինգում կային մասնակիցներ)։ Խորհրդի անդամները համարեցին, որ ներկայիս ձևաչափով պայքարն անիմաստ է։

Այս ամենը հիասթափության նոր ալիք է առաջացրել արցախյան հասարակության մեջ։ Դե ինչ, վե՞ րջ, էլ հույս չկա՞, միմյանց հարցնում են արցախցիները։ Ոմանք առաջարկում են շարունակել փողոցային պայքարը, ոմանք ասում են, որ յուրաքանչյուր ընտանիք պետք է իր գլխի ճարը տեսնի, ոմանք կոչ են անում լուծել առնվազն ամենախոցելի խմբերի՝ տարեցների, միայնակների, հիվանդների հարցը։ Արդեն կան պատմություններ միայնակ մարդկանց մասին, որոնց տանտերերը խնդրել են լքել տները, և նրանք հայտնվել են փողոցում։

Գոյաբանական ճգնաժամի առջև հայտնված արցախցիների հուսահատությունը սրում են “թարս ընկալումներն” ու նեգատիվը, որոնց բողոքող արցախցիները բախվում են սոցիալական ցանցերում և տեղեկատվական դաշտում։ Սակայն պաշտոնյաների կարծիքը, ովքեր պարզ ասում են, որ կառավարությունը որևէ պարտավորություն չունի արցախցիների նկատմամբ, մարդկանց զրկում է վերջին հույսից։

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Տարոն Չախոյանը, որը մարտի 14-ին դուրս եկավ բողոքի ակցիայի մասնակիցների մոտ, հանգիստ պատասխանեց արցախցի մի կնոջ, որն ասում էր, թե ուզում է վերադառնալ հայրենիք՝ Արցախ. դուք գիտեք, որ սա անհնար է, ես էլ եմ ուզում ծովից ծով Հայաստան, ի՞նչ անեմ։ Նա նաև ասաց, որ Հայաստանում ոչ միայն արցախցիներն ունեն խնդիրներ, շատ գյումրեցիներ նույնպես անօթևան են, ինչպես նաև նրանք, ովքեր իրենց տները գրավադրել են բանկերին և կորցրել դրանք։

Չախոյանը հայտարարել է, որ ընդդիմությունը փորձում է օգտագործել Արցախի ժողովրդին իր քաղաքական նպատակների, մասնավորապես՝ իշխանափոխության համար։ Նույնն են ասում նաև «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորները, որոնք կարծում են, որ ընդդիմությունը քաղաքական շահագործման է ենթարկում արցախցի «եղբայրներին և քույրերին»՝ մեղադրելով բոլոր խնդիրների համար կառավարությանը։

Իհարկե, այս թեզերի հետ վիճելն իմաստ չունի, քանի որ սա համոզմունք չէ, որը կարող ես փոխել, այլ հստակ մշակված տեխնոլոգիա։ Մնում է միայն մեկ հարց. եթե արցախցիները այդքան հեշտությամբ ենթարկվում են քաղաքական շահագործման, ինչու՞ Հայաստանի կառավարությունն ինքը չի «շահագործում» նրանց. չէ՞ որ դրա համար բավական է երկարաձգել սոցիալական աջակցությունը, մինչև մարդիկ կարողանան բնակարան գնել։ Եւ տալ ճիշտ գնահատականներ։

Այնուամենայնիվ, մոտ 900 արցախյան ընտանիք արդեն ստացել է վկայականներ, և մոտ 400 ընտանիք նույնիսկ իրացրել է դրանք։ Մարդիկ ստանում են քաղաքացիություն, փոխանակում են մեկ կապույտ անձնագիրը մյուսով և դառնում են Հայաստանի «սովորական» քաղաքացիներ, որոնք դեռ կկարողանան պետական ծրագրով բնակարան գնել մինչև 2027 թվականի վերջը, իսկ հետո թող իրենք որոշեն։ Հայաստանում ոչ ոք որևէ պարտավորություն չունի Արցախի ժողովրդի նկատմամբ։

Ոչ Արցախի քաղաքական իշխանությունները, որոնք մայիսին երկարացրեցին իրենց լիազորությունները, ոչ էլ խորհրդարանի նոր խոսնակը կամ պետական նախարարը չեն բարձրացրել գլխավոր հարցը՝ Արցախի ժողովրդի կարգավիճակը։ Առանց այս կարգավիճակի, առանց արցախցիների, նրանց ունեցվածքի և իրավունքների հետ կատարվածի քաղաքական գնահատականի, արցախցիներն իրականում ոչնչով չի տարբերվում ասենք Համզաչիմայում անօթևան մնացած մարդկանցից։

Վերջին երկու տարիների ընթացքում Հայաստանի կառավարությունը Արցախի ժողովրդին չի շնորհել ո՛չ փախստականի կարգավիճակ (այսինքն՝ այլ երկրի քաղաքացու, որը ապաստան է խնդրել Հայաստանում), ո՛չ էլ ներքին տեղահանվածի կարգավիճակ (նույն երկրի քաղաքացիների, որոնք ստիպված են եղել լքել իրենց տները)։ Միջազգային իրավունքում այս երկու կարգավիճակներն էլ շատ կոնկրետ պարտավորություններ են ենթադրում ընդունող երկրների կառավարությունների համար, և սոցիալական օգնությունը, միջազգային կազմակերպությունների աջակցությամբ, իրականացվում է տվյալ երկրի փախստականների մասին օրենքին համապատասխան։

2023 թվականի նոյեմբերին արցախցիները ստիպված էին փոխել իրենց անձնագրերը և ստորագրել մի թուղթ, որում նշվում էր, որ նրանք քաղաքացիություն չունեն, չնայած բոլորն էլ ունեին ՀՀ անձնագրեր։ Հայաստանը «ֆորմալացրեց» իր գործառույթները որպես «ժամանակավոր պաշտպանություն», որը չի ենթադրում որևէ սոցիալական պարտավորություն, բայց զրկում է արցախցիներին այլ երկրներում ապաստան խնդրելու հնարավորությունից։

Այս հարցը պետք է դառնար Հայաստանի կառավարության և արցախյան հասարակության ներկայացուցիչների՝ լինեն դրանք պատգամավորներ, թե Հանրային խորհուրդ, միջև քննարկումների հիմնական թեման։ Առանց որոշելու, թե ովքեր են արցախցիները Հայաստանում, սոցիալական կամ այլ երաշխիքներ չեն կարող լինել։

Կառավարամետ վերլուծաբանները նշում են, որ պաշտոնական Երևանը չի կարող հայկական անձնագրեր ունեցող արցախցիներին ճանաչել որպես այլ երկրից փախստականներ, քանի որ կպարզվի, որ Հայաստանը օկուպացրել է Արցախը։ Բայց նա չի կարող ճանաչել Արցախը որպես Հայաստանի մաս (չնայած, ըստ Ալիևի, դա գրված է Անկախության հռչակագրում և Հայաստանի Սահմանադրությունում), քանի որ կրկին կպարզվի, որ Հայաստանը օկուպացրել է Արցախը։

«Ավելի էժան է» 150 հազար արցախցիներին զրոյի վերածել՝ առանց կենսագրության, առանց սոցիալական և իրավական ծագման։ Սակայն պարզ չէ, թե ինչ հիմքով է ՀՀ կառավարությունը մինչ օրս գումար հատկացնում արցախցիներին օգնելու համար, եթե նրանք կարգավիճակ չունեն։ Համզաչիմայի բնակիչներիի մեջ էլ կան անօթևան բազմաթիվ մարդիկ։

Նաիրա Հայրումյան