«Ռոյթերս»-ը, հղում անելով Կրեմլին մոտ կանգնած երեք աղբյուրների, գրում է.
«Պուտինը համոզված է, որ Ռուսաստանն արդեն դիմացել է Արևմուտքի ամենախիստ պատժամիջոցներին և կկարողանա դիմակայել հետագա տնտեսական ճնշմանը, այդ թվում՝ ռուսական նավթի գնորդների նկատմամբ նոր մաքսատուրքերին։
Աղբյուրները նշում են, որ Պուտինը մի քանի հեռախոսազրույցներ է ունեցել Թրամփի հետ, ինչպես նաև հանդիպումներ է ունեցել ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Սթիվ Վիտկոֆի հետ։ Սակայն, Ռուսաստանի առաջնորդը կարծում է, որ խաղաղության համաձայնագրի վերաբերյալ լուրջ քննարկումներ չեն եղել։
Գործակալության տվյալներով՝ խաղաղության համար Պուտինի պայմանները մնում են անփոփոխ. ՆԱՏՕ-ն պետք է պաշտոնապես հրաժարվի դեպի արևելք իր ընդլայնումից, Ուկրաինան պետք է ընդունի «չեզոք կարգավիճակ», կրճատի իր բանակը և երաշխավորի ռուսախոս բնակչության «պաշտպանությունը»։ Մոսկվան նաև պահանջում է ճանաչել բոլոր այն տարածքները, որոնք ռուսական բանակն արդեն գրավել է։ Միևնույն ժամանակ, աղբյուրների համաձայն, Պուտինը պատրաստ է քննարկել Ուկրաինայի անվտանգության երաշխիքները այլ համաշխարհային տերությունների մասնակցությամբ։ Սակայն դեռևս պարզ չէ, թե ինչպես են այդ երաշխիքները կիրականացվեն։
Աղբյուրներից մեկը նշել է, որ ռուս բռնապետի ախորժակը կարող է աճել, քանի որ բանակը խորանում է դեպի Ուկրաինա։ Մյուս երկու աղբյուրները նշել են, որ եթե ուկրաինական դիմադրությունը թույլ լինի, Ռուսաստանը կարող է փորձել գրավել Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի և Խերսոնի մարզերի մնացած մասերը, այլև շարունակել իր հարձակումը Դնեպրոպետրովսկի, Սումիի և Խարկովի մարզերում՝ այդ շրջանները նույնպես գրավելու համար։ «Ռուսաստանը կգործի՝ ելնելով Ուկրաինայի թուլությունից», – եզրակացրել է աղբյուրներից մեկը։