Տուն կունենա՞նք երբևէ, չգիտեմ․ արցախցի ընտանիք

  • 12:26 16.07.2025

2023-ի սեպտեմբերի19-ին տիկին Էմման Ստեփանակերտի վերականգնողական կենտրոնում էր որդուն՝ Մխիթարին էր խնամում։ Մխիթարը զինվորական 1-ին կարգի հաշմանդամ է։ Երիտասարդ տղայի մոտ 2013 թվականին հայտնաբերվել է չարաբաստիկ հիվանդություն, որը հետզհետե նրան գամել է անկողնուն շարժվում է միայն սայլակի միջոցով։

Արցախի Մարտունի քաղաքից է տեղահանվել Թեմուր և Էմմա Գրիգորյանների ընտանիքը, բնակություն հաստատել Էջմիածին քաղաքում։

-Երբ սկսվեցին հրետակոծությունները, մենք վերականգնողական կենտրոնում էինք։ Այնքան ուժգին էին հրետակոծում, որ թվում էր, թե փրկություն չի լինելու։ Կենտրոնի անձնակազմի կողմից անմիջապես կազմակերպվեց մարդկանց տարհանումը, մեզ տարան մոտակա մանկապարտեզը, որտեղ փոքր-ինչ ապահով էր։ Ամուսինս ու մյուս որդուս ընտանիքը Մարտունիում էին։ Չէինք կարողանում կապվել իրար հետ, անորոշ վիճակ էր։ Մեկ օր հետո զինադադար հայտարարվեց, որից հետո սկսվեցին խոսակցություններ պտտվել Արցախից տեղահանվելու մասին։ Սկզբից չէինք հավատում, սակայն պարզվեց, որ դա պարզ ճշմարտություն է։ Մերոնք Մարտունուց եկան, և սեպտեմբերի 27-ին մենք ևս բռնեցինք տեղահանության ճանապարհը։ Այդպես էլ չկարողացա հրաժեշտ տալ իմ ծննդավայրին, իմ տանը:

2013-ին Մխիթարը ծառայության մեջ էր, երբ հիվանդացավ։ Խնդիրը ողնաշարի հետ էր կապված։ Առաջին անգամ վիրահատվեց 2016-ին Երևանի Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոնում։ Հետո վիճակն ավելի վատացավ, անհրաժեշտ էր նորից վիրահատվել։ 2019-ին՝ Մոսկվայում, նորից վիրահատություն տարավ, որը տևեց 7 ժամ, սակայն բարեհաջող չանցավ ու մի քանի ժամ հետո որդիս կրկին վիրահատարանի սեղանին էր։ Վերադարձանք տուն, ու հետագա մեր տարիներն անցան հիվանդանոցներում։ Անընդհատ Երևան-Ստեփանակերտ ճանապարհին էինք։ Նշանակվել եմ տղայիս խնամակալը, սովորել ինքս սրսկումներ անել ու խնամել նրան։

Տեղահանությունից հետո Մխիթարը 2 անգամ բուժման կուրս է անցել Երևանի Զինվորի տանը, ճառագայթային բուժում ստացել Քանաքեռ-Զեյթուն ԲԿ-ում,- պատմում է տիկին Էմման։

Արցախփոստ ՓԲԸ Մարտունու մասնաճյուղում գանձապահ էր աշխատում տիկին Էմման, իսկ ամուսինը կոմունալ տնտեսությունում աշխղեկ էր։ Իրենց տուն ու տեղն ունեին, ինչպես բոլոր արցախցիներն ապրում էին արժանապատիվ կյանքով։ Տիկին Էմման չի կարողանում հաշտվել Հայրենիքի կորստի հետ։

 -Արցախում կարողանում էինք հաղթահարել մեր դժվարությունները։ Անգամ որդուս ծանր հիվանդությունն այնտեղ ասես թեթև էր թվում, որովհետև շրջապատված էինք հարազատներով, հարևաններով և վերջապես չէինք մտածում, որ ամեն ամսվա վերջում պետք է տան վարձավճար մուծենք։ Այսօր մեզ շրջապատում են միայն սոցիալական խնդիրները։ Ցավոք, կայնքը շատ անարդար գտնվեց արցախցիներիս հանդեպ։ Կորցրինք ամեն ինչ, ցիրուցան եղանք աշխարհով մեկ։ Գուցե հեշտ կլիներ, եթե արցախցիներով բնակվենք իրար մոտ, հաճախակի շփվենք, խոսենք մեր բարբառով։ Սոցիալական դժվարություններն ավելի են ծանրանում կարոտի ցավից:

ՀՀ քաղաքացիություն ենք ընդունել, որ կարողանանք օգտվել բնակապահովման ծրագրից, սակայն երեք հոգանոց մեր ընտանիքը, որտեղ բոլորս թոշակառու ենք, կկարողանա՞ արդյոք բնակարան ձեռք բերել Երևանին մոտ բնակավայրերում, որովհետև տղայիս անընդհատ հինանդանոց ենք տանում։ Վերջերս հաճախակի է վատանում, գրեթե ամեն օր շտապ օգնություն ենք կանչում։ 15 տարի իմ աչքի առաջ երեխաս տանջվում է ցավերի մեջ, իսկ ես անզոր եմ օգնել։

Տարվա վերջին, երբ դադարի խոցելի խմբերին տրամադրվող բնակվարձերի աջակցությունը, միայն թոշակով պարզապես չենք կարող ապրել,- ասում է արցախցի կինը, ապա ավելացնում,- տուն կունենա՞նք երբևէ, չգիտեմ․․․

Մեր զրույցի ընթացքում Մխիթարը լուռ հետևում էր հավանաբար ուրախ էր, որ այդ պահին ցավեր չունի և չի խանգարում խոսակցությանը։ 37 տարեկան տղամարդն անզոր է օգնել իր ընտանիքին, թիկունք լինել ծնողներին։ Ծանր հիվանդության պատճառով նա ոչինչ չի կարողանում ինքնուրույն անել։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ