Բելգիայում պահանջում են հետաքննել Ադրբեջանի կողմից իրականացված հանցագործությունները

  • 15:36 18.07.2025

2025թ. հուլիսի 18-ին Բելգիայի երկպալատ դաշնային խորհրդարանի ստորին մարմինը՝ Ներկայացուցիչների պալատը, միաձայն ընդունել է «Լեռնային Ղարաբաղի իրավիճակի և Հարավային Կովկասում խաղաղության անհրաժեշտության վերաբերյալ» բանաձևը:

Բանաձևը հիմնված է նախորդ խորհրդարանական դիրքորոշումների, ինչպես նաև Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունված նմանատիպ փաստաթղթերի վրա։

Ընդունված բանաձևը միանշանակորեն դատապարտում է Ադրբեջանի ռազմական հարձակումը Լեռնային Ղարաբաղի հայության դեմ, ինչպես նաև դրան նախորդած Լաչինի միջանցքի շրջափակումը՝ ընդգծելով, որ այդ գործողությունները հանդիսանում են միջազգային իրավունքի լուրջ խախտումներ։ Այն նաև դատապարտում է Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանությունը Հայաստանի դեմ և վերահաստատում է աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը։

Բանաձևը Բելգիայի դաշնային կառավարությանը կոչ է անում ՝

  • Աջակցել Ադրբեջանի կողմից իրականացված հանցագործությունների միջազգային հետաքննությանը, այդ թվում՝ Հաագայի Միջազգային քրեական դատարան դիմելու միջոցով։
  • Խորացնել համագործակցությունը Հայաստանի հետ։
  • Պահանջել 2023 թ. սեպտեմբերի 19-ից հետո կալանավորված բոլոր հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակում, ապահովել նրանց հիմնարար իրավունքները և արդարադատության հասանելիությունը։
  • ԵՄ մակարդակով պաշտպանել նպատակային պատժամիջոցների կիրառումը այն անձանց և կազմակերպությունների նկատմամբ, ովքեր պատասխանատու են հրադադարի խախտումների, մշակութային ժառանգության ոչնչացման, մարդու իրավունքների խախտումների և Հայաստանի ինքնիշխանությանը սպառնացող գործողությունների համար։

Բանաձևը, Ադրբեջանից հաշվետվողականություն պահանջելով, վերջինիս նաև հորդորում է․

  • Հետևել միջազգային պարտավորություններին և ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր որոշումներին։
  • Երաշխավորել Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի իրավունքները և ապահով, անխոչընդոտ վերադարձը՝ միջազգային վերահսկողության և անվտանգության երաշխիքների ներքո։
  • Դադարեցնել սադրիչ հռետորաբանությունն ու ձեռնպահ մնալ Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ գործողություններից։
  • Ներգրավվել Լեռնային Ղարաբաղի հայերի հետ թափանցիկ երկխոսության մեջ՝ նրանց անվտանգությունն ու իրավունքները երաշխավորելու նպատակով։
  • Թույլատրել անկախ բժիշկների խմբի այց՝ կալանավորված հայերին զննելու համար։
  • Պաշտպանել Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային, պատմական և կրոնական ժառանգությունը և թույլատրել ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության մուտքը տարածք՝ հուշարձանների գնահատման նպատակով։
  • Դուրս բերել զորքերը Հայաստանի տարածքից։

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի նախագահ Կասպար Կարապետյանը ողջունել է բանաձևի միաձայն ընդունումը՝ նշելով․ «Այս բանաձևը հստակ և վճռական դիրքորոշում է Բելգիայի խորհրդարանի կողմից՝ ուժեղացնելով միջազգային կոչերը՝ հանուն խաղաղության, մարդու իրավունքների և միջազգային իրավունքի պահպանման անկայուն Հարավային Կովկասում։

Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ իրենց հայրենիք անվտանգ վերադարձի իրավունքը անժխտելի է, և այս միաձայն քվեարկությունը ընդգծում է այդ իրավունքի անբեկանելիությունը։ Ադրբեջանի կողմից շարունակվող ագրեսիվ հռետորաբանությունը պետք է դադարեցվի։ Շնորհակալություն մեր բելգիացի բարեկամներին՝ մարդու իրավունքների, արդարության և ճշմարտության ձայնը բարձրացնելու համար։ Ոչ մի գազի պաշար կամ հարստություն չի կարող սրբել մարդկության դեմ գործած հանցագործությունները կամ լռեցնել նրանց, ովքեր պայքարում են ճշմարտության համար»։

Ներկայացուցիչների պալատում բանավեճի ընթացքում բազմաթիվ պատգամավորներ խրախուսել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ շարունակվող բանակցությունները, սակայն շեշտել են, որ խաղաղությունը և հաշտեցումը պետք է հիմնված լինեն միջազգային իրավունքի վրա և լինեն արդար։

Էլս Վան Հուֆը ազդեցիկ ելույթ է ունեցել՝ հիշեցնելով, թե ինչպես պատերազմի ընթացքում Ադրբեջանի ագրեսիան ստիպեց ավելի քան հարյուր հազար էթնիկ հայերի տեղահանվել սեփական հայրենիքից, ինչպես ավերվեցին գյուղերը և եկեղեցիները՝ հանցավոր գործողություններ, որոնք արժանի են միջազգային դատապարտման և պատասխանատվության։

Նմանապես, Միշել Դը Մակդը վերահաստատել է իր աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հայերին և դատապարտել նրանց նկատմամբ իրականացված «ամբողջական էթնիկ զտումը»։ Նա նաև քննադատել է Հայաստանի հանդեպ Ադրբեջանի անհասկանալի նախապայմանները և կարևորել Ադրբեջանին ճնշելու անհրաժեշտությունը՝ հրաժարվելու իր ագրեսիվ հռետորաբանությունից: