Հեռախոսազրույց է տեղի ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի միջև։
Ի տարբերություն հայկական կողմի, որը միայն հայտնել է, որ Փաշինյանը նախագահ Փեզեշքիանին հրավիրել է պաշտոնական այցով Հայաստան, իրանական կողմը ներկայացրել է զրույցի ամբողջական տեքստը։
Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Իրանի նախագահը Փաշինյանի հետ զրույցում, չգիտես ինչու, երկար խոսել է ԱԷՄԳ-ին երկիր մուտք գործելու մերժման և սիոնիստական ռեժիմի հետ հարաբերությունների մասին, ու միայն վերջում, այնուամենայնիվ, հայտարարել, որ «մեր քաղաքականությունն է կառուցողականորեն փոխգործակցել բոլոր հարևան երկրների հետ՝ բոլոր երկրների տարածքային ամբողջականության պահպանման համատեքստում»։
Իրանը չի մեկնաբանել ԱՄՆ-ի կողմից Մեղրիի ճանապարհը, այլ կերպ ասած՝ հայ-իրանական սահմանը վարձակալության վերցնելու մտադրությունը։
Իրանցի պաշտոնյաները խոսում են միայն տարածքային ամբողջականության մասին՝ այլևս չհայտարարելով, որ միջանցքը «կարմիր գիծ» է։
Ավելի վաղ Իրանի Գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը իր հայ գործընկեր Արմեն Գրիգորյանի հետ զրույցում ընդգծել էր, որ Իրանի քաղաքականությունը մնում է անսասան տարածաշրջանային աշխարհաքաղաքականության ցանկացած փոփոխության հարցում և այս դիրքորոշումը համարում է օգտակար բոլոր տարածաշրջանային կողմերի համար։
Գրիգորյանը Ահմադիանին տեղեկացրել է ադրբեջանական կողմի հետ բանակցությունների վերջին զարգացումների մասին և ընդգծել, որ Հայաստանի դիրքորոշումը տարածաշրջանային տարանցիկ երթուղիների վերաբերյալ չի փոխվել։
Իր հերթին, իրանցի պատգամավոր Քամրան Ղազանֆարին ասել է, որ «սիոնիստական ռեժիմը Ադրբեջանին անվանում է երկրորդ Իսրայել»։
Խոսելով Իսրայելի դերի մասին Իրանի նախկին նախագահ Ռաիսիի մահվան գործում և Բաքվի դերի մասին՝ Ղազանֆարին ասել է. «Այդ ժամանակ ամերիկացի մի պաշտոնյա մասնավոր հանդիպման ժամանակ ասել է, որ Իսրայելը պլանավորում է սպանել իրանցի կարևոր գործչի։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պնդել է, որ Ռաիսին անձամբ մասնակցի սահմանին գտնվող Գըզ-Ղալասի ամբարտակի բացմանը, մինչդեռ նախկինում այս արարողությունը պետք է տեղի ունենար երկու երկրների նախարարների մակարդակով։
Իլհամ Ալիևը Ռաիսիի մահից մի քանի օր առաջ հանդիպել է իսրայելցի ռաբբիի հետ։ Ըստ Պենտագոնի հետախուզական զեկույցի, նախագահի ուղղաթիռի խոցումը Իսրայելի, Մեծ Բրիտանիայի և Ադրբեջանի կառավարության համատեղ պլանավորման և համագործակցության արդյունք էր։ Որոշ ժամանակ անց Նեթանյահուի կաբինետի անդամ Բեն-Գիվերը նույնպես խոստովանել է. «Սպանելով Իրանի նախագահին՝ մենք վերացրինք դիմադրության առանցքի ամենաեռանդուն կողմնակիցին»։ Այսինքն՝ նա խոստովանում է, որ Ռաիսիի մահը սիոնիստական ռեժիմի գործն է»։
Ինչո՞ւ Իրանը հանկարծ հիշեց Ռաիսիի մահվան մասին և որ Ադրբեջանը Իսրայելի արբանյակ է։ Արդյո՞ք Թեհրանը անպարկեշտ է համարում ԱՄՆ-ի առաջարկը՝ վարձակալելու «Զանգեզուրի միջանցքը»։ Թե՞ Իրանը համաձայնություն է հայտնում, բայց որոշակի պայմաններով։
Ալիևը անուղղակիորեն այս պայմանները հայտարարեց օկուպացված Շուշիում անցկացված հերթական «գլոբալ մեդիա ֆորումի» ժամանակ։
«Զանգեզուրի միջանցքի իրականացումը էապես կբացի Հյուսիս-Հարավ միջանցքի մի քանի ուղղություն։ Ոչ միայն այն, որի մասին բոլորը խոսում են՝ Ռուսաստանից՝ Ադրբեջանից մինչև Իրան, ապա՝ Ռաշտ, այլև Արևելյան Զանգեզուրով և Զանգեզուրի շրջանի այլ մասերով դեպի Իրան և այնուհետև՝ Թուրքիա։ Հետևաբար, բեռների հոսքի ծավալը մեծացնելու համար հսկայական հեռանկարներ են բացվում», – ասաց Ալիևը։
Դժվար է բացատրել տարածաշրջանի քարտեզին ծանոթ մարդուն, թե ինչու պիտի Ադրբեջանը Զանգեզուրով Իրան մեկնելու։ Կարելի է ենթադրել, որ սա Իրանին ուղղված առաջարկ է՝ ապագա միջանցքն օգտագործելու Հայաստանի հետ հաղորդակցվելու համար։ Գուցե, դա այն չէր, ինչ ակնկալել է Իրանը։