Վարչական դատարանը մերժել է արցախցի Մարատ Եգանյանի հայցն ընդդեմ ԱԱԾ-ի։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Մարատ Եգանյանը հայց է ներկայացրել ԱԱԾ դեմ, քանի որ ԱԱԾ ծառայողներն իրեն թույլ չէին տվել առանց ժամանակավոր պաշտպանության՝ փախստականի վկայականի հատել հայ-վրացական սահմանը։ Այնինչ, Եգանյանը պնդում է, որ ինքը ՀՀ քաղաքացի է եւ «070» կոդով անձնագրով իրավունք ունի հատել ՀՀ սահմանը։
Դատական նիստերի ժամանակ Մարատ Եգանյանը նաեւ ընդգծել էր Արցախի եւ Հայաստանի վերամիավորման մասին որոշումը, ըստ որի՝ արցախցիները ՀՀ քաղաքացի են համարվում։ Վերամիավորման մասին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի՝ 1989 թվականի դեկտեմբերի 1-ի համատեղ որոշման դրույթներից մեկով Լեռնային Ղարաբաղի բնակչության վրա տարածվում են Հայկական ԽՍՀ-ի քաղաքացիության իրավունքները։
Step1.am-ի հետ զրույցում Մարատ Եգանյանն ասաց, որ դատավորը պնդում է, որ ԱԱԾ-ն պարտավոր է առաջնորդվել ՀՀ կառավարության՝ արցախցիներին ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ տալու մասին որոշմամբ, քանի դեռ այդ որոշումն ուժի մեջ է։
«Մինչդեռ, մեր դիրքորոշումն այն է, որ նույնիսկ եթե այդ որոշումը համարվում է ուժի մեջ, ապա այն չպետք է կիրառվեր, քանի որ առկա է ավելի բարձր իրավական ուժ ունեցող նորմատիվ ակտ։ Խոսքը ՀՀ քաղաքացու անձնագրի մասին օրենքի մասին է, որտեղ հստակ ձեւակերպված է, որ ինչպես մնացած ՀՀ քաղաքացիները, այնպես էլ 070 կոդով անձնագիր ունեցող անձը պետք է կարողանա հատել սահմանը, եւ չի կարելի խտրականություն կիրառել։ Այսինքն՝ եւ օրենսդրության մեջ, եւ Սահմանադրական դատարանի, եւ Վճռաբեկ դատարանի բազմաթիվ որոշումներում նշված է, որ եթե ավելի բարձր իրավական ուժ ունեցող նորմատիվ ակտին հակասում է որեւէ նորմատիվ ակտ, ապա գործում է ավելի բարձր իրավական ուժ ունեցող նորմատիվ ակտը։ Խոսքն այս դեպքում վերաբերում է օրենքին։
Այդ ակնհայտ պահը արհամարհվել է դատարանի կողմից, այնինչ, Վարչական դատավարության օրենսգրքում հստակ նշված է, որ դատավորը պարտավոր է վճռում նշել, թե ինչու այս կամ այն իրավական ակտը կիրառելի չէ ավելի բարձր իրավական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտին հակասելու պատճառով։ Բայց դատավորն ընդհանրապես այդ հարցին չի անդրադարձել։ Այդ հիմքով իմ կողմից վերաքննիչ բողոք է ներկայացվել։ Վարչական վերաքննիչ դատարանում դատավոր է նշանակվել Սամվել Հովակիմյանը, եւ առաջիկայում պետք է կայացնեն մի որոշում։ Այս պահին սպասում ենք այդ ոոշմանը»,- ասաց Եգանյանը։
Նա նշեց, որ ակնհայտ է՝ դատավորն այս դեպքում անաչառ չէ։ Օրենքների հիերարխիան դա տարրական բան է, եւ դատարանը չի կարող չիմանալ, որ եթե կառավարության որոշումը հակասում է օրենքին, ապա պետք է կիրառվի օրենքը, չպետք է կիրառվի կառավարության որոշումը։ Կառավարության որոշումը կարող է չբեկանվել, բայց չկիրառվել, որովհետեւ հակասում է ավելի բարձր իրավական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտին։ «Այդ մասին նույնիսկ ՍԴ-ն է մի քանի անգամ նշել, այսիքն՝ այդտեղ որեւէ կասկած չկա։ Այդ տարրական նորմը գիտի անգամ ցանկացած դատավորի օգնական»,- հավելեց նա։
Մարատ Եգանյանի խոսքով՝ ՀՀ քաղաքացու անձնագրի մասին օրենքի համաձայն՝ արցախցիների անձը հաստատող փաստաթուղթը ՀՀ քաղաքացիության մասին վկայող փաստաթուղթ է։ Այսինքն՝ քաղաքացիությունը դրանով է ապացուցվում, եթե այդ փաստաթուղթն ունես, ուրեմն քաղաքացի ես։
«Իրենք ասացին, որ իմ հայցը մերժում են, որովհետեւ ես քաղաքացի չեմ, ես ասել եմ, որ պահանջում եմ՝ պետք է սահմանը հատեմ, որովհետեւ ես ՀՀ քաղաքացի եմ։ Բայց դատարանն ընդհանրապես չի անդրադարձել այս հարցին, մինչդեռ սա ամենակարեւոր հարցն է։ Մի այնպիսի որոշում կայացրեց, որ կարծես թե ասում է՝ կապ չունի, քաղաքացի ես, քաղաքացի չես, եթե կառավարությունը որոշել է, որ այդ փաստաթուղթը պետք է ներկայացնես, ուրեմն պետք է ներկայացնես։ Մի կողմից դատավորն նշում է, որ ես իմ հայցում դրա մասին խոսում եմ, որ կառավարության որոշումը հակասում է օրենքին, բայց մյուս կողմից հրաժարվում է տալ իր գնհատականը՝ արդյոք հակասում է, թե՞ ոչ։ Եվ եթե հակասում է, ուրեմն պետք է չկիրառվի կառավարության որոշումը, իսկ եթե չի հակասում, այդ դեպքում ես սխալ եմ։ Բայց դատավորը խուսափում է դա անել։
Վերաքննիչ ներակայացրած հայցում արդեն հստակ նշել ենք, որ օրենքի հիերարխիայի հարց կա, եւ պարտավոր են ուղղորդվել դրանով։ Բացի դրանից, իմ անձնագիրը տրված է եղել նախքան 2023 թվականը, եւ կառավարության որոշումը հետադարձ բացասական ուժ չպետք է ունենա։ Ես ասում եմ՝ ես ՀՀ քաղաքացի եմ, մինչեւ 2023 թվականի ձեր այդ որոշման ընդունումը ես իմ անձնագրով, առանց որեւէ փաստաթղթի անցնում էի սահմանը։ Հիմա դուք այդ որոշումը, որն ընդունել եք, ինքը չի կարող հետադարձ բացասական ուժ ունենալ»,- նշեց մեր զրուցակիցը։
Մարատ Եգանյանը նշեց, որ ցավալի է, որ դատարանները մտնում են այս ամենի մեջ եւ դառնում են քաղաքական շահեր հետապնդող, անազատ պայմաններում գտնվող մարմիններ։ Եթե դատարանը հրաժարվում է այդ տարրական մեկնաբանությունը կատարելուց, ապա այստեղ խոսք չի կարող գնալ արդար ու ազատ դատարանի մասին։ Դրանով դատարանն արդեն քաղաքական մարմին է դառնում։
«Սա դիտարկվում է որպես արցախցիների նկամամբ պարբերաբար տեղի ունեցող հանցագործության մի մաս, որի անունն է մարդկայնության դեմ ուղղված հանցագործություն»,- ասաց նա։
Ռոզա Հովհաննիսյան