Մարատ Սարգսյանն Արցախի Ասկերան քաղաքից է։ Բռնատեղահանվելուց հետո բնակություն է հաստատել Երևան քաղաքում։ Երիտասարդ տղան թեև չի կարողանում հաշտվել արցախահայության հետ կատարված դառն իրականության հետ, սակայն գիտակցում է, որ, անկախ ամեն ինչից, պետք է ոտքի կանգնել և հույսը դնել սեփական ուժերի վրա։ Մարատը հավատում է, որ մարդ կարող է հասնել իր նպատակին, եթե գնա այդ նպատակի հետևից ու երբեք չհանձնվի։
Երևան քաղաքի Անաստաս Միկոյան 4/3 հասցեում 20-ամյա երիտասարդը բացել է իր սեփական ավտովերանորոգման արհեստանոցը։
-Իհարկե, իմ քայլը համարձակ քայլ է, որովհետև Երևանը մեծ քաղաք է՝ բազմաթիվ ավտովերանորոգման արհեստանոցներով։ Սակայն կարծում եմ՝ կկարողանամ հաջողել գործունեությունս, որովհետև պատրաստ եմ քրտնաջան աշխատել և ամենկարևորը՝ որակյալ ծառայություններ մատուցել։ Ոտքի կանգնելու, հարազատներիս աջակցելու և մարդկանց օգտակար լինելու հնարավորություն եմ ինքս ինձ տվել։ Իմ արհեստանոցը նաև հավաքատեղի է արցախցի երիտասարդների համար, ովքեր կարիք ունեն իրար հետ շփվելու, անցյալը հիշելու և ապագայի մասին խորհելու։ Արցախցիներս շատ դժվար ժամանակներ ենք ապրում, առանձնապես երիտասարդների համար հեշտ չէ կողմնորոշվել, որովհետև նրանց կյանքի նոր փուլը նոր միջավայրում է սկսվել, իսկ դրա համար համարձակություն, ինչու չէ նաև աջակցություն է հարկավոր,-ասում է Մարատը և ավելացնում,- ինձ ուժ ու եռանդ են տալիս իմ հարազատները, ընկերները։ Զգում եմ թիկունքս ու պարտավորվում եմ ավելի պատասխանատու լինել, որպեսզի հուսախաբ չանեմ ոչ ոքի։ Այս կյանքում մարդ պետք է աշխատի, որ կարողանա օրվա հացը վաստակի։ Փոքրուց իմ մեջ դա է սերմանվել, թե՛ տանը, թե՛ դպրոցում։
Արցախցի երիտասարդն աշխատելու ընթացքում նաև մտորում է կյանքի մասին։ Նա չի կորցնում հույսը, որ վերադառնալու է իր ծննդավայրը, որտեղ անցել է մանկությունն ու պատանեկությունը։
<< Տեղահանությունից հետո չեմ դադարել շփվել իմ ընկերների հետ։ Գրեթե ամեն օր հանդիպում ենք իրար, հաճախ խոսում վերադարձի մասին, երազում, որ այդ օրը շուտ գա։ Անգամ որոշել ենք, որ իմ արհեստանոցը Ասկերան քաղաքի որ թաղամասում եմ բացելու>>,-ասում է Մարատը, ու այդ մտքից նրա ձեռքերն ավելի եռանդուն են աշխատում։
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ