ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կոչ է արել Ֆրանսիային Արցախին օգնություն ցուցաբերելիս հաշվի առնել «Հայաստանի և Ադրբեջանի» շահերը։ Նա նաև ասել է, որ Բերձորի միջանցքում ստեղծված իրավիճակը՝ պաշտոնական Երևանի կողմից Ղարաբաղը Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս ճանաչման» հետևանք է։
Անցած տարեվերջին Նիկոլ Փաշինյանը քաղաքական և իրավաբանորեն զավեշտալի հայտարարություն արեց, որ «ճանաչում է Ադրբեջանի ամբողջականությունը՝ նեռարյալ Ղարաբաղը»։ Ոչ ոքի չի հետաքրքրել, թե նա ինչ լիազորություններ ուներ դրա համար, բոլորը անմիջապես բռնեցին այս հայտարարությունն ու սկսեցին այն օգտագործել որպես իրենց հակահայ քաղաքականության հիմնավորում։
Ինքը՝ Փաշինյանը, ասել է, որ դա անում է «խաղաղության օրակարգի» շրջանակներում, որպեսզի Բաքուն ճանաչի «29.8 հազ․ քառ. կմ-ոց Հայաստանը”։ Սակայն որոշ ժամանակ առաջ Հայաստանի ԱԳՆ-ն խոստովանեց, որ Բաքուն հրաժարվում է ճանաչել Հայաստանի ամբողջականությունը՝ ակնարկելով, որ «Փաշինյանի ծրագիրը» ձախողվել է։ Տրամաբանորեն սա պետք է նշանակեր, որ Փաշինյանը հետ կկանչի իր հայտարարությունը։
Սակայն Հայաստանի ԱԳՆ-ն, մեկնաբանելով Զախարովային, երեկ հայտարարեց, որ «Ռուսաստանի Դաշնությունն ինքը բազմիցս, այդ թվում՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության ստորագրումից հետո, ճանաչել է Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս»։
ԱԳՆ-ն, ըստ էության, չի ասում, որ Հայաստանը չի ճանաչում Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս, այլ միայն «մեղադրում» է Մոսկվային «առաջինը ճանաչելու» մեջ։ Սա ուղղակի աջակցություն է Մոսկվայի պաշտոնական դիրքորոշմանը, իսկ այս դիրքորոշումը հետևյալն է՝ աջակցություն «Ղարաբաղի հայերի՝ որպես ազգային փոքրամասնության ինտեգրմանը Ադրբեջանի օրենսդրության համատեքստում»։
Պաշտոնական Երեւանի այս մոտեցումը դառնում է արցախյան հիմնախնդրի հետագա քաղաքական գործընթացի գլխավոր խոչընդոտը։
Հայաստանի ընդդիմությունը կոչ է արել Փաշինյանին հետ կանչել հայտարարությունը։ Բայց ամենահետաքրքիրն այն է, որ Փաշինյանի հայտարարությունը հետ կանչելու պահանջարկ կա Արեւմուտքում, մասնավորապես Ֆրանսիայում, որը մտադիր է նպաստել Արցախի ինքնորոշման իրավունքին։
Փաշինյանն, ըստ ամենայնի, հուսահատ դիմադրում է։ Երեկ մի քանի աղբյուրներ հայտարարեցին, որ իբր Փաշինյանը Ջերմուկի մոտ սեպտեմբերյան իրադարձություններից հետո է արել «Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին» իր հայտարարությունն, որպեսզի այդ գործընթացը չտարածվի մնացած Հայաստանի վրա։ Նույն ակնարկն է նաեւ ԱԳՆ հայտարարության մեջ։
Ինչո՞ւ Փաշինյանը չի կարող հետ վերցնել իր հայտարարությունը, մանավանդ որ սա իրավական ակտ չէ։ Որովհետև դա արվել է միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա Արցախի քաղաքական կարգավիճակի և Հայկական հարցի քննարկումը միջազգային կառույցներում տորպեդահարելու համար։ Եվ այս խնդիրը չի փոխվել։
Փաշինյանը հետ վերցնելով իր հայտարարությունը, հնարավորություն կբացի քննարկելու այդ հարցերը, ինչը ձեռնտու չէ ոչ Ռուսաստանին, ոչ Թուրքիային։ Արդյո՞ք Արցախի նոր իշխանությունը կպահանջի հետ կանչել այս հայտարարությունը։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: