2023 թվականի սեպտեմբերի բռնի տեղահանումից հետո արցախյան մշակութային կառույցները, այդ թվում՝ թատրոնները, կանգնեցին գոյության լուրջ մարտահրավերների առաջ։ Արցախում գործող հիմնական թատերախմբերից մեկը՝ Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնը, շուրջ մեկ դար եղել է արցախյան մշակույթի, լեզվի և ինքնության պահպանման առանցքային օջախը։ Սակայն արդեն երկրորդ տարին է՝ այն Հայաստանում գրեթե չի գործում։
2020-ի պատերազմից հետո Արցախում թատրոնն իր բազմակողմանի առաքելությամբ ծառայում էր ոչ միայն հանրության հոգեբանական վերականգնմանը, այլև ազգային ինքնության ամրապնդմանը։ Սակայն այսօր այն կանգնած է տարածքային, ֆինանսական և հանրային աջակցման լրջագույն խնդիրների առաջ։ ՀՀ պետական կառույցները որևէ համակարգային աջակցություն չեն ապահովել արցախյան թատրոնի շարունակական գործունեության համար, իսկ սփյուռքի և բարեգործական աղբյուրների ներուժը սահմանափակ է։
Արցախյան թատրոնի ներկայիս իրավիճակի մասին առավել մանրամասն կարող եք ընթերցել այստեղ:
«Ստեփանակերտ» մեդիա ակումբի վերջերս նախաձեռնած հարցումը նպատակ ուներ հասկանալու՝ իսկ ի՞նչ են մտածում հենց Արցախից բռնի տեղահանվածներն արցախյան թատրոնների ապագայի վերաբերյալ: Հարցմանը մասնակից 1600-ից ավել մարդիկ մեծ մասամբ նշել են, որ կուզեին Արցախի թատրոնները հնարավորություն ունենային շարունակելու իրենց գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում: Ահա ամփոփ տվյալները.
65% – Կուզեին, որ թատրոնը գործի Հայաստանում և ներկայացնի Արցախի մշակույթը։
7% – Կուզեին, բայց միայն որպես շրջիկ թատրոն։
22% – Կարծում են, որ այն չպետք է շարունակի գործունեությունն Արցախից դուրս։
6%-ն էլ ունի տարբերվող կարծիք և այն ներկայացրել է մեկնաբանություններում: Սակայն մեկնաբանությունների ոճից և լեզվական առանձնահատկություններից հասկանալի է դառնում, որ դրանք ոչ թե բռնի տեղահանվածների կարծիքներն են, այլ ՀՀ այլ քաղաքացիների, ովքեր այդքան էլ հակված չեն, որ արցախյան թատրոնները շարունակեն գործել ՀՀ-ում:
Հարցման մեկնաբանությունները բացահայտում են հասարակական լարվածություն և խտրական վերաբերմունք Արցախի բռնի տեղահնաված բնակչության նկատմամբ։ Որոշ օգտատերեր թատրոնի գործունեության հնարավոր շարունակումը կապում են «կլանային» մոտեցումների հետ, մերժում են առանձին մշակութային ինքնության դրսևորումները կամ պնդում, որ արցախցիները պետք է «լիովին ինտեգրվեն» Հայաստանի մշակութային դաշտին՝ հրաժարվելով իրենց առանձնահատկություններից։
Մեկնաբանություններում կարելի է առանձնացնել մի քանի հիմնական հնչերանգ․
1. Մշակութային միատարրության պահանջ – կարծիք, թե Արցախի թատրոնը պետք է լուծարվի կամ ամբողջությամբ ձուլվի հայկական հիմնական մշակույթի մեջ։
2. Քաղաքական և սոցիալական կասկածներ – թատրոնը ներկայացվում է որպես «կլանային կառույց» կամ «ռուսական ազդեցության օջախ»։
3. Արժևորում և աջակցություն – փոքրաթիվ, բայց կարևոր ձայներ, որոնք ընդգծում են մշակութային ժառանգության պահպանման և վերադարձի պահանջատիրության նշանակությունը։
Այս մեկնաբանությունները վկայում են, որ խնդիրը միայն պետական աջակցությունը չէ։ Այն նաև սոցիալական և ինքնության հարց է՝ կապված տեղահանվածների հանդեպ ընկալումների և վերաբերմունքի հետ։
Այս պայմաններում կարելի է դիտարկել մի քանի սցենար․
1. Լիարժեք մշտական գործունեություն Հայաստանում, որը պահանջում է պետական աջակցություն և կայուն ֆինանսավորում։ Կարող է ծառայել որպես արցախյան մշակույթի պահպանում և ներկայացում ամբողջ հանրապետությունում։
2. Շրջիկ ձևաչափ – թատրոնը կարող է շրջել Հայաստանի համայնքներով և սփյուռքում՝ ներկայացնելով Արցախի ժառանգությունը և լեզուն։ Սա պահանջում է ավելի քիչ մշտական ենթակառուցվածք, բայց մշտական կազմակերպչական ռեսուրսներ։
3. Մշակութային ժառանգության պահոց և արխիվ – թատրոնը կարող է վերածվել մշակութային կենտրոնի կամ արխիվի, որը կպահպանի և կվավերագրի արցախյան բեմական արվեստի պատմությունն ու ժառանգությունը։
Արցախյան թատերախմբերի մշուշոտ ապագան, ըստ նախորդած հոդվածի և ըստ դրա անցկացված հարցման արդյունքների, միայն ֆինանսավորման մասին չէ, այլև հանրային աջակցության և մշակութային ուշադրության պակասի, ինչը հանգեցնում է թատրոնների գործունեության անհնարինությանը:
«Ստեփանակերտ» մեդիա ակումբ